08.04.2016

Աջակցությունը չուշացավ․ ԵՊՀ–ն փոխհատուցեց վարձավճարը ամբողջությամբ

Երեկ «Մարտունու ինֆոտանը» կատարվել էր գրառում այն մասին, որ միակողմանի ծնողազուրկ և անապահովության կարգավիճակ ունեցող ընտանիքի երկու ուսանողուհիներին թույլ չեն տալիս մասնակցել դասի՝ ուսման վճարը չտալու համար։
Հրապարակման իսկ պահից շատերը հետաքրքվեցին և ցանկացան իմանալ՝ ինչպես կարող են օգնել, ինչ աջակցության կարիք ունեն ուսանողուհիները։
Բաց նամակին արագ արձագանքնեցին  ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, մասնավորապես ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը, ով մեկնաբանության տեսքով գրել էր․

«Հարգելի Անահիտ Գևորգյան, շնորհակալություն նման նուրբ խնդիր վերհանելու համար: Խոնարհվելով յուրաքանչյուր զինվորի, նրանց ընտանիքների առջև, տեղեկացնեմ, որ կոնկրետ այս ընտանիքի հարցով նախարարությունը դիմել է ԵՊՀ-ին և ՀՄՊՀ-ին հնարավորինս աջակցություն տրամադրել, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ դրա համար մեզ անհրաժեշտ է ընտանիքի տվյալները, որ հույս ունենք Դուք կտրամադրեք:
Հարգանքով` Լուսինե Մարգարյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար ․․․»։

Խնդրին արագ արձագանքեցին նաև ԵՊՀ Հանրային կապերի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, ով առավոտյան կապ էր հաստատել Անահիտ Գևորգյանի հետ, որի ժամանակ ճշտել էր ուսանողուհու անձնական տվյալներն՝ աջակցություն ցուցաբերելու համար, իսկ ահա ժամը 15։30–ի դրությամբ Գրիգորյանը հրապարակման տակ գրառում է կատարել, որում մասնավորապես գրել է․
«Հարգելի տիկին Գևորգյան, ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք հարցը քննարկեցինք Երևանի պետական համալսարանի ռեկտորատում, և որոշեցինք ամբողջությամբ փոխհատուցել այդ ընտանիքից ԵՊՀ-ում սովորող ուսանողուհու ուսման վարձավճարը»:
Շնորհակալ ենք պատկան մարմիններին նամակին արագ արձագանքնելու և կարիքավորին աջակցություն ցուցաբերելու համար
Լիահույս ենք, որ օգնություն կստանա նաև ՀՊՄՀ–ում սովորող ուսանողուհին։

Комментариев нет:

Отправить комментарий