24.03.2020

Ես և իմ համայնքը



Ես ուզում եմ․․․

Սարեր, ծառեր, մաքուր օդ ու լճի հեռու տեսարան։ Պաշտում եմ այն ամենն ինչ երևում է իմ գյուղից։ Ես իմ գյուղի սերը իմ հոգում շատ նուրբ ու անարատ եմ պահում՝ չխառնելով այն իմ բացասական զգացմունքներին՝ ուղղված գյուղաբնակների որոշ խմբերի։ Ես ուղղակի ինձ պոետ եմ զգում ամեն անգամ, երբ հայտնվում եմ այն բաց տարածության մեջ, որտեղ շատ հեռու երևում են բարեկարգ տներն ու փողոցները, հազարավոր մեքենաներն ու մարդիկ։ Այդ տեսարանից մի քանի ոտնաչափ վերևից կարելի է տեսենել Սևանը, որն այդքան չքնաղ ու անկեղծ ուրիշ ոչ մի տեղից չի երևում։
Համաձայն եմ՝ իմ համայնքում ապրող մարդիկ սահմանափակ են, կաշկանդված այնտեղ, որտեղ պիտի ազատ լինեին։ Դա հայկական և դրսից բերված ռուսական կարծիքների, մենթալիտետի, արքերի ու բարքերի անկանոն և ինքնաբուխ միախառնման հիմնական հետևանքն է։ Բայց, անկախ դրանից, այստեղ ինձ ամեն ինչ հարազատ է։ Ես միշտ երազում եմ
ծաղկուն երիտասարդներ ու մարդիկ տեսնել այս աստվածատուր չքնաղ մթնոլորտում։ Ուզում եմ, որ այստեղ մարդիկ շատ սիրեն իրար։ Անկեղծ, բնական ու բարի դեմքերով նայեն իրար։ Ամեն անգամ, ինչ որ անէական հարցի շուրջ վիճելիս, չնզովեն իրար ու տարիներով մոռանան բարևի մասին։ Ես ուզում եմ, որ այստեղ մարդիկ դեռահաս աղջիկներին չնայեն որպես ամուսնանալու իսկական օբյեկտ, իսկ դեռահաս տղաներին չուղղարկեն տաժանակիր աշխատանքի՝ իրենց ձեռքից գրքերն ու դրա հետ մեկտեղ երազանքները խլելով։  Ես ուզում եմ, որ այստեղ մարդիկ երազեն իրական ու էական բաների մասին և ոչ թե՝ տան, գույքի ու ինչ-որ մետաղների մասին։ Ես ուզում եմ, որ այստեղ մարդիկ ամուսնան ոչ թե որովհետև արդեն տարիքն է, կամ ծնողներն արդեն որոշել են, այլ ամուսնան, երբ հասկանան, որ գտել են իրենց իրական կեսին։ Ես ուզում եմ, որ այստեղ
երեխաներին ոչ թե անգիտակցաբար, ուղղարկեն դպրոց որովհետև արդեն տարիքն է, կամ, որ հարևաններն էլ էն ուղղարկում, այլ  գիտակցված ու պատրատակամ տանեն իրենց երեխաներին կրթելու, ու տնից զատ դաստիարակություն ստանալու։ Ես ուզում եմ, որ այստեղ մարդիկ չբամբասեն ամեն անէական հարցի շուրջ։ Ես ուզում եմ, որ մարդիկ այստեղ հասկանան, որ իրենք ունեն անգերազանցելի արժեք՝ ազատություն, ազատություն, որ բոլորին անխտիր այս կյանքում  պետք է։ Այստեղ չկա մարդկանց վրա գործադրվող ուրիշ որևէ ուժ, բացի իրենց ստեղծած  ուժից՝ հասարակական կարծիքից։  Այստեղ չկան ժանտախտային հիվանդություններ, իսկ տարածքը կեղտոտ է բաձառապես մարդկանց նետած իրերից։ Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ այստեղ ապրեն, աշխատեն ու արարեն երջանկության շուքի տակ։ Ու այդ ժամանակ գուցե իմ սերն ուղղված համայնքին կատարյալ լինի՝ առանց մնացորդների ու բացառությունների։












Հեղինակ՝ Դուխիկ Ալոյան







Комментариев нет:

Отправить комментарий