12.05.2020

Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը ՏԻՄ-երի գործունեության վրա


Հայաստանում ՏԻՄ-երի գործունեության վրա Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը գնահատելու համար «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Մարտունի ինֆոտան քաղլրագրողներն իրականացնում են հարցազրույց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։
Այս անգամ Մարտունի Ինֆոտան քաղլրագրող Սերինե Աղաբեկյանը թեմայի շուրջ զրուցել է Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հետ։

————————————————


-Որքա՞ն է Երանոս համայնքի բնակչության թիվը։

-Երանոս համայնքն ունի 5389 բնակիչ։

-Քանի աշխատակից ունի համայնքապետարանը։ 

-Համայնքապետարանն ունի 14 աշխատակից։ Այս պահին ունենք նաև թափուր երեք աշխատատեղ։

-Արդյո՞ք ունեք համայնքային պաշտոնական կայքէջ և ֆեյսբուքյան պաշտոնական էջ, եթե այո, գործարկու՞մ եք այն։

-Ունենք և՛ համայնքային պաշտոնական կայքէջ, և՛ ֆեյսբուքյան պաշտոնական էջ։ Երկու հարթակներն էլ գործարկում ենք և ամենօրյա թարմացումներ իրականացնում։ 

-Համավարակի այս ընթացքում համայնքի բնակչության շրջանում իրականացրե՞լ եք արդյոք իրազեկման աշխատանքներ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների, կանոնների պահպանման կամ համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։

-Այս ժամանակահատվածում բնակչության իրազեկումն իրականացրել ենք և՛ օնլայն հարթակների՝ համայնքային պաշտոնական կայքէջի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, և՛ օֆլայն տիրույթում՝ բնակիչների հետ անհատական հանդիպումների միջոցով, քանի որ ոչ բոլորն են օգտվում/կարողանում օգտվել օնլայն հարթակներից։ Ունենք  ձևավորված մասնագիտական թիմ, որտեղ ընդգրկված են նաև ընտանեկան բժիշկներ, ովքեր նույնպես ամենօրյա ռեժիմով աշխատում և իրազեկում են բնակիչներին։ 

-Համայնքում կորոնավիրուսի տարածման դեմ ի՞նչ միջոցներ/միջոցառումներ են կիրառվել/ իրականացվել համայնքապետարանի կողմից։

-Մարդաշատ վայրերում,  առևտրի, սննդի կետերում պարբերաբար   իրականացնում ենք ախտահանման աշխատանքներ։ Համայնքապետարանի աշխատակիցները և  ախտահանումն իրականացնող աշխատակիցները  ապահովված են անհատական պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Ձեռք ենք բերել նաև պաշտպանիչ համազգեստներ և տրամադրել դրանք համայնքի բուժկետին։

-Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը համավարակի վերաբերյալ։ Բնակիչները պահպանու՞մ են արդյոք անհրաժեշտ կանոնները։

-Այս պահին փոքր ինչ արդեն դժվարացել է կանոններին լիովին հետևելը, քանի որ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման շրջանն է սկսվել, և որքան էլ մենք կոչ ենք անում տանը մնալ, մարդիկ չեն կարող հետևել և դուրս են գալիս իրենց գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու։ Բայց, իհարկե, բնակիչների այն մասը, ով չի մասնակցում գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, հիմնականում տանն է լինում։ 

-Արդյո՞ք այս ընթացքում հեռահար եք աշխատել և, եթե այո, Ինչպե՞ս են համայնքապետարանի աշխատակիցները  հարմարվել հեռահար աշխատանքային ռեժիմին։

-Այս ամբողջ ընթացքում մեր թիմը մշտապես եղել և շարունակում է լինել աշխատավայրում, քանի որ մեր աշխատանքը հեռահար կազմակերպելու համար մենք համայնքապետարանի պաշտոնական կայքէջի միջոցով բնակչությանը տեղեկացրել էիք, որ հարցերի դեպքում մեզ կարող են դիմել հեռահար եղանակով, սակայն, որքանով ցույց տվեցին արդյունքները, բնակիչներն հիմնականում քիչ են օգտվում օնլայն հարթակներից և ցանկացած հարցի դեպքում անձամբ են ցանկանում գալ համայնքապետարան։ Այս ամենը հաշվի առնելով մենք շարունակեցինք աշխատել տեղում, իհարկե, կիրառելով բոլոր անհրաժեշտ միջոցները և՛ մեր, և՛ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար։ 
Ամենօրյա վերահսկողություն է իրականացվում նաև հեմայնքապետարանի աշխատակիցների շրջանում՝ աշխատանքի գալիս և գնալիս իրականացվում է ջերմաչափում։ Ունենք նաև գրանցամատյան, որտեղ քարտուղարը գրանցում է բոլորի տվյալները։ 

-Այս ընթացքում համայնքի բնակիչների կողմից ստացե՞լ եք հարցումներ, դիմումներ, բողոքներ և կամ առաջարկներ, եթե այո՝ ի՞նչ եղանակով։

-Այս ընթացքում բնակիչները մեզ դիմել են տարբեր հարցերով և արել են դա անձամբ համայնքապետարան այցելելու միջոցով, չնայած մեր այն հորդորներին, որ դա կարող են անել նաև տանից, համայնքային պաշտոնական կայքէջի միջոցով։

-Խնդրում ենք նշել՝ ի՞նչ կարիքներ ունեք համայնքապետարանի աշխատանքը այս պայմաններում ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Օրինակ՝ կամավորների օգնության անհրաժեշտություն, օնլայն գործիքների արդյունավետ կիրառման և դրա տեխնիկական գործարկման վերաբերյալ վերապատրաստում և այլն։

-Այս ընթացքում փորձել ենք անել ամեն ինչ համայնքապետարանի աշխատանքային բնականոն հունը պահելու համար և ընդհանուր առմամբ, կարծում եմ, ստացվել է ու ինչ-որ բանի կարիք կամ պակաս չենք զգացել։

-Եվ վերջում խնդրում ենք նշել վարակի ազդեցության ամենաակնառու բացասական ազդեցությունը համայնքի բնակիչների և համայնքապետարանի գործունեության վրա։

-Այս պահին համայնքում չունենք կորոնավիրուսով վարակման դեպք և ընդհանուր առմամբ բնակչության շրջանում խուճապ չկա ու կյանքն իր բնականոն հունով շարունակվում է, բայց մենք միշտ զգոն ենք և ուշադիր։ Համավարակը հիմնականում համայնքից արտագնա աշխատանքի մեկնողների վրա է ազդել, քանի որ մեր համայնքի աշխատուժի 90 տոկոսը տարվա այս ժամանակահատվածում մեկնում էր արտագնա աշխատանքի, իսկ հիմա դա պարզապես հնարավոր չէ ու, իհարկե, անհանգստացնում է նրանց։








Комментариев нет:

Отправить комментарий