Հայաստանում ՏԻՄ-երի գործունեության և համայնքային կյանքի վրա Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը գնահատելու համար «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Մարտունի ինֆոտան կամավորները իրականացնում են հարցազրույց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։
Այս անգամ Մարտունի Ինֆոտան կամավոր Նաիրա Ջիվանյանը թեմայի շուրջ զրուցել է Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի հետ։
————————————————
-Որքա՞ն է Վաղաշեն համայնքի բնակչության թիվը։
-Վաղաշեն համայնքն ունի 4100 բնակիչ։
-Քանի աշխատակից ունի համայնքապետարանը։
-Համայնքապետարանն ունի 14 աշխատակից։ Այս պահին ունենք թափուր երկու աշխատատեղ։
-Արդյո՞ք ունեք համայնքային պաշտոնական կայքէջ և ֆեյսբուքյան պաշտոնական էջ, եթե այո, գործարկու՞մ եք այն։
-Ունենք և՛ համայնքային պաշտոնական կայքէջ, և՛ ֆեյսբուքյան պաշտոնական էջ։ Երկու հարթակներն էլ գործարկում ենք և ամենօրյա թարմացումներ իրականացնում։
-Համավարակի այս ընթացքում համայնքի բնակչության շրջանում իրականացրե՞լ եք արդյոք իրազեկման աշխատանքներ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների, կանոնների պահպանման կամ համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։
-Այս ժամանակահատվածում բնակչության իրազեկումն իրականացրել ենք և՛ օնլայն հարթակների՝ համայնքային պաշտոնական կայքէջի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, և՛ օֆլայն տիրույթում՝ տպագրել ենք տեղեկատվական թերթիկներ և փակցրել ենք բնակիչների համար տեսանելի վայրերում, քանի որ ոչ բոլորն են օգտվում/կարողանում օգտվել օնլայն հարթակներից։
-Համայնքում կորոնավիրուսի տարածման դեմ ի՞նչ միջոցներ/միջոցառումներ են կիրառվել/ իրականացվել համայնքապետարանի կողմից։
-Համայնքի կենտրոնական հատվածներում, մարդաշատ վայրերում, առևտրի, սննդի կետերում պարբերաբար իրականացրել ենք ախտահանման աշխատանքներ։
Նաև գործող առևտրի կետերին տրամադրել ենք քլոր պարբերաբար ախտահանումներ իրականացնելու համար։ Փորձում ենք իրազեկ պահել բնակիչներին՝ կիրառելով տարբեր մեթոդներ։ Եթե համայնքում մարդկանց կուտակումներ ենք նկատում, կոչ ենք անում ցրվել։
Երբ համայնքում հուղարկավորություններ են լինում, տեղում մարդկանց տրամադրում ենք անհրաժեշտ ախտահանիչ միջոցներ, հորդորում ենք ձեռնոց և դիմակ կրել։ Իհարկե հորդորում ենք հնարավորության դեպքում չմասնակցել, սակայն շատ դժվար է մարդուն արգելել հարազատի ուղարկավորությանը մասնակցել։
Համայնքապետարանի աշխատակիցները և ախտահանումն իրականացնող աշխատակիցները ապահովված են անհատական պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին և ավարտին իրականացվում է աշխատակիցների ջերմաչափում, բոլորը կրում են ձեռնոց և դիմակ։
-Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը համավարակի վերաբերյալ։ Բնակիչները պահպանու՞մ են արդյոք անհրաժեշտ կանոնները։
- Ցավոք պետք է նշեմ, որ չնայած հորդորներին, բնակիչները լիարժեք չեն հետևում կանոններին։
-Արդյո՞ք այս ընթացքում հեռահար եք աշխատել և, եթե այո, Ինչպե՞ս են համայնքապետարանի աշխատակիցները հարմարվել հեռահար աշխատանքային ռեժիմին։
-Որոշ ժամանակ փորձել ենք հեռահար ձևաչափով աշխատել, սակայն այդ ընթացքում որոշ դժվարություններ առաջացան՝ բնակիչները օնլայն հարթակներից հիմնականում չէին օգտվում, նրանց անհրաժեշտ էին տեղեկանքներ, կային հարցեր որոնց լուծումները կարող էինք միայն տեղում տալ և այդ իսկ պատճառով ստիպված եղանք դադարեցնել հեռահար ձևաչափով աշխատաելը։
-Խնդրում ենք նշել՝ ի՞նչ կարիքներ ունեք համայնքապետարանի աշխատանքը այս պայմաններում ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Օրինակ՝ կամավորների օգնության անհրաժեշտություն, օնլայն գործիքների արդյունավետ կիրառման և դրա տեխնիկական գործարկման վերաբերյալ վերապատրաստում և այլն։
-Անում ենք հնարավոր ամեն ինչ համայնքապետարանի աշխատանքային բնականոն ընթացքը պահելու համար և ինչ-որ բանի կարիք կամ պակաս այս պահին չունենք։
-Եվ վերջում խնդրում ենք նշել վարակի ազդեցության ամենաակնառու բացասական ազդեցությունը համայնքի բնակիչների և համայնքապետարանի գործունեության վրա։
-Այս ընթացքում դժվարացել է հարկերի հավաքման գործընթացը և ՏԻՄ գործունեության տեսանկյունից ամենաակնառու խնդիրը դա է։
-Ի՞նչ կոչ ունեք հղելու համայնքի բնակիչներին։
-Հորդորում եմ բնակիչներին լինել ուշադիր, պատասխանատու, հետևողական ու պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները։
Комментариев нет:
Отправить комментарий