08.06.2020

Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը ՏԻՄ-երի գործունեության վրա

Հայաստանում ՏԻՄ-երի գործունեության և համայնքային կյանքի վրա Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը գնահատելու համար «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Մարտունի ինֆոտան կամավորները իրականացնում են հարցազրույց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։
Այս անգամ Մարտունի Ինֆոտան կամավոր Նաիրա Ջիվանյանը թեմայի շուրջ զրուցել է Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանի հետ։

————————————————


-Որքա՞ն է Ծակքար համայնքի բնակչության թիվը։

-Ծակքար համայնքն ունի 2731 բնակիչ։

-Քանի՞ աշխատակից ունի համայնքապետարանը։ 

-Համայնքապետարանն ունի 15 աշխատակից, ևս 13 աշխատակից ունի համայնքի մանկապարտեզը։ 

-Արդյո՞ք ունեք համայնքային պաշտոնական կայքէջ և ֆեյսբուքյան պաշտոնական էջ, եթե այո, գործարկու՞մ եք այն։

-Ունենք համայնքային պաշտոնական կայքէջ։ Կայքը գործարկում ենք, սակայն ամենօրյա թարմացումներ չեն  իրականացվում, որովհետև չունենք օպերատոր, ով ամենօրյա թարմացումներ կիրականացնի։ Համայնքապետարանի աշխատակիցները, յուրաքանչյուրն իր մասով, որքան հասցնում է փորձում է թարմացնել տվյալները։ 

-Համավարակի այս ընթացքում համայնքի բնակչության շրջանում իրականացրե՞լ եք արդյոք իրազեկման աշխատանքներ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների, կանոնների պահպանման կամ համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։

-Այս ժամանակահատվածում բնակչության իրազեկումն իրականացրել ենք և՛ օնլայն հարթակների միջոցով, և դեմ առ դեմ զրուցելով։ Համագործակցել ենք նաև մարզային «Գեղամա» հեռուստաընկերության հետ։ 

-Համայնքում կորոնավիրուսի տարածման դեմ ի՞նչ միջոցներ/միջոցառումներ են կիրառվել/ իրականացվել համայնքապետարանի կողմից։

-Համայնքապետարանի տարածքում,  առևտրի, սննդի կետերում, մշակույթի տան շրջակայքում, որտեղ հիմնականում ավելի շատ են մարդիկ այցելում, պարբերաբար   իրականացրել ենք ախտահանման աշխատանքներ։
Հաճախ նաև մեր աշխատակիցները շրջայց են իրակականացնում համայնքում և ուրախությամբ ուզում եմ փաստել, որ շատ չենք հանդիպում մարդկային կուտակումների, իսկ եթե հանդիպում ենք կոչ ենք անում, հաճախ նաև պարտադրում ենք ցրվել։ 

Համայնքապետարանի աշխատակիցները ապահովված են անհատական պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբին և ավարտին իրականացվում է աշխատակիցների ջերմաչափում։

-Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը համավարակի վերաբերյալ։ Բնակիչները պահպանու՞մ են արդյոք անհրաժեշտ կանոնները։

- Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հանդիպում են և՛ կանոններին պարտադիր հետևողներ, և՛, ցավոք, նաև չհետևողներ։

-Արդյո՞ք այս ընթացքում հեռահար եք աշխատել և, եթե այո, Ինչպե՞ս են համայնքապետարանի աշխատակիցները  հարմարվել հեռահար աշխատանքային ռեժիմին։

-Ոչ, հեռահար չենք աշխատել որովհետև դա արդյունավետ չենք համարել։ 

-Խնդրում ենք նշել՝ ի՞նչ կարիքներ ունեք համայնքապետարանի աշխատանքը այս պայմաններում ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Օրինակ՝ կամավորների օգնության անհրաժեշտություն, օնլայն գործիքների արդյունավետ կիրառման և դրա տեխնիկական գործարկման վերաբերյալ վերապատրաստում և այլն։

-Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կարիք չունենք, և մեր աշխատանքները բնականոն հունով ընթանում են։

-Այս պահին համայնքում ունե՞ք կորոնավիրուսի հաստատված դեպքեր։

-Դեպք ունեցել ենք մոտ մեկ ամիս առաջ, սակայն, ի ուրախություն բոլորիս, հիվանդն արդեն ապաքինվել է, և հիմա այլ գրանցված դեպքեր չունենք։

-Խնդրում ենք նշել վարակի ազդեցության ամենաակնառու բացասական ազդեցությունը համայնքի բնակիչների և համայնքապետարանի գործունեության վրա։

-Այս ընթացքում մարդկանց համար դժվարացել է աշխատանք գտնելը և դա մեծ խնդիր է։

-Եվ վերջում ի՞նչ կոչ ունեք հղելու համայնքի բնակիչներին։

-Ոչ միայն մեր համայնքի բնակիչներին, այլ նաև բոլորին կոչ եմ անում պահպանել անվտանգության կանոնները։ Որքան հետևողական ու համախմբված պահպանենք  կանոնները, համոզված եմ՝ այնքան շուտ դուրս կգանք այս վիճակից։ 
Եվ վերջում, իհարկե, առողջություն եմ մաղթում բոլորիս։



Комментариев нет:

Отправить комментарий