14.06.2020

Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը ՏԻՄ-երի գործունեության վրա

Հայաստանում ՏԻՄ-երի գործունեության և համայնքային կյանքի վրա Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ազդեցությունը գնահատելու համար «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Մարտունի ինֆոտան կամավորները իրականացնում են հարցազրույց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։
Այս անգամ Մարտունի Ինֆոտան կամավոր Նաիրա Ջիվանյանը թեմայի շուրջ զրուցել է Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հետ։

———————————————

-Որքա՞ն է Վերին Գետաշեն համայնքի բնակչության թիվը։

-Վերին Գետաշեն համայնքն ունի 4562 բնակիչ։

-Արդյո՞ք ունեք համայնքային պաշտոնական կայքէջ և ֆեյսբուքյան պաշտոնական էջ, եթե այո, գործարկու՞մ եք այն։

-Ունենք  և՛ համայնքային պաշտոնական կայքէջ, և՛ ֆեյսբուքյան օգտահաշիվ։ Երկու հարթակներն էլ գործարկում ենք, սակայն վերջին շրջանում, որոշ խնդիրներով պայմանավորված, ամենօրյա թարմացումներ չենք իրականացնում։ 

-Համավարակի այս ընթացքում համայնքի բնակչության շրջանում իրականացրե՞լ եք արդյոք իրազեկման աշխատանքներ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների, կանոնների պահպանման կամ համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։

-Այս ժամանակահատվածում բնակչության շրջանում իրազեկումն իրականացրել ենք կիրառելով ամենատարբեր մեթոդներ՝ և՛ օնլայն հարթակների միջոցով, և այցելությունների ու դեմ առ դեմ զրույցների միջոցով։ 

-Համայնքում կորոնավիրուսի տարածման դեմ ի՞նչ միջոցներ/միջոցառումներ են կիրառվել/ իրականացվել համայնքապետարանի կողմից։

-Բոլոր մարդաշատ վայրերում պարբերաբար  իրականացրել և իրականացնում ենք ախտահանման աշխատանքներ։ Հաճախ համայնքում մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար շրջայց ենք իրականացնում և ուրախությամբ ուզում եմ փաստել, որ բավականին մեծ է տարբերությունը, և հիմա արդեն հազվադեպ կարող ենք հանդիպել մարդկային կուտակումների։ Անում ենք հնարավոր ամեն ինչ, որ բնակիչները հնարավորինս պահպանեն սահմանված կանոնները։ 

Համայնքապետարանի աշխատակիցները ևս ապահովված են անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով։ Յուրաքանչյուր աշխատանքային օր բոլոր աշխատակիցները պարտադիր այցելում են համայնքի բուժկետ, որտեղ և իրականացվում է աշխատակիցների ջերմաչափում։

-Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը համավարակի վերաբերյալ։ Բնակիչները պահպանու՞մ են արդյոք անհրաժեշտ կանոնները։

- Համայնքում ունենք և՛ կանոններին պարտադիր հետևողներ, և՛, ցավոք, նաև չհետևողներ։ Հիմնական խնդիրը դիմակներ չկրելու կամ դրա ոչ ճիշտ կիրառման հետ է կապված։ 

-Արդյո՞ք այս ընթացքում հեռահար եք աշխատել և, եթե այո, Ինչպե՞ս են համայնքապետարանի աշխատակիցները  հարմարվել հեռահար աշխատանքային ռեժիմին։

-Սկզբում, բավականին երկար ժամանակ հեռահար ենք աշխատել, բայց հիմա արդեն վերադարձել ենք աշխատավայր, որովհետև մեր պարագայում հեռահար աշխատելն ուներ իր բացասական կողմերը և հաճախ այնքան էլ արդյունավետ չէր։ Ընթացքում առաջանում էին հարցեր, որոնց լուծման համար աշխատակիցների ֆիզիկական ներկայությունը համայնքապետարանում պարտադիր էր դառնում։

-Խնդրում ենք նշել՝ ի՞նչ կարիքներ ունեք համայնքապետարանի աշխատանքը այս պայմաններում ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Օրինակ՝ կամավորների օգնության անհրաժեշտություն, օնլայն գործիքների արդյունավետ կիրառման և դրա տեխնիկական գործարկման վերաբերյալ վերապատրաստում և այլն։

-Ինչպես նշեցի՝ արդեն վերադարձել ենք աշխատանքային մեր բնականոն ռեժիմին և այս պահին կարող եմ ասել, որ որևէ կարիք չունենք։

-Այս ընթացքում համայնքապետարանի կողմից համայնքի սոցիալապես  խոցելի ընտանիքներին որևէ աջակցություն ցուցաբերվե՞լ է։

-Այս ընթացքում համայնքապետարանը, համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ,  մոտ 50 ընտանիքի, որոնք ինքնամեկուսացած են եղել,  ցուցաբերել է աջակցություն՝ պարեն ու առաջին անհրաժեշտության իրեր  տրամադրվելով։ 

-Այս պահին համայնքում ունե՞ք կորոնավիրուսի հաստատված դեպքեր։

-Մինչ այս համայնքում ունեցել ենք երկու գրանցված դեպք։

-Խնդրում ենք նշել վարակի ազդեցության ամենաակնառու բացասական ազդեցությունը համայնքի բնակիչների և համայնքապետարանի գործունեության վրա։

-Սովորաբար ապրիլ ամսից մեր համայնքի աշխատուժը մեկնում էր արտագնա աշխատանքի ու հիմա այդ մարդկանց համար դժվարացել է աշխատանք գտնելը, և դա մեծ խնդիր է։ Հիմա շատերը փորձում են իրենց զբաղվածության հարցը լուծել զբաղվելով գյուղատնտեսությամբ։ Նույնիսկ համայնքում այս պահին ունենք 10-ից ավել ընտանիք, ովքեր գյուղատնտեսական վարկ են վերցրել և փորձում են ներդրումներ անել այդ ոլորտում։

-Եվ վերջում ի՞նչ կոչ ունեք հղելու համայնքի բնակիչներին։

-Այս իրավիճակը հնարավորինս շուտ հաղթահարելու համար մեր հայրենակիցներին կոչ եմ անում հետևել անվտանգության սահմանված կանոններին, լինել ուշադիր իրենց և իրենց շրջապատի նկատմամբ և, իհարկե, բոլորիս առողջություն եմ մաղթում։



Վերին Գետաշեն համայնքի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Комментариев нет:

Отправить комментарий