19.06.2020

ՏԻՄ-բնակիչ հաղորդակցությունը Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ժամանակ

«Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում Կորոնավիրուս (COVID-19) համավարակի ժամանակ ՏԻՄ-բնակիչ հաղորդակցության ձևերի, հեռավար աշխատանքի արդյունավետության մասին զրուցել ենք Գավառ համանքի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանի հետ։ 

—————————————

-Որքա՞ն է Գավառ համայնքի բնակչության թիվը։

-Գավառ համայնքն ունի 29 146 բնակիչ։

-Առցանց ի՞նչ հարթակներից եք օգտվում համայնքապետարանի գործունեությունը հանրայնացնելու և բնակիչների հետ ակտիվ հաղորդակցություն ապահովելու  համար։

-Գավառի համայնքապետարանը ունի  և՛ համայնքային պաշտոնական կայքէջ, և՛ ֆեյսբուքյան օգտահաշիվ։ Երկու հարթակում էլ հավասարապես ակտիվ ենք, քանի որ լսարանները տարբեր են ու շատ հաճախ ֆեյսբուքյան հրապարակումը ավելի շատ դիտումներ ու արձագանք է ստանում, քան համայնքային պաշտոնական կայքէջի նույն հրապարակումը։ Քանի որ մարդիկ ավելի շատ են օգտվում  ֆելսբուք սոցիալական ցանցից, փորձում ենք ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնել համայնքային պաշտոնական կայքէջի մասին և ավելացնել կայքէջից օգտվող քաղաքացիների թիվը։

-Համավարակի այս ընթացքում համայնքի բնակչության շրջանում ինչպե՞ս եք  իրականացրե՞լ իրազեկման աշխատանքները կապված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների, կանոնների պահպանման կամ իրավիճակով պայմանավորված համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։

-Այս ժամանակահատվածում բնակչության շրջանում իրազեկումն իրականացրել ենք և՛ մարզային «Գեղամա» հեռուստաընկերության, և՛ այցերի ու զրույցների, և՛ մեր էջերի միջոցով։

-Արդյո՞ք այս ընթացքում բնակիչների կողմից ստացել եք առցանց դիմում,  բողոք կամ հարցում համայնքային պաշտոնական կայքէջի միջոցով։

-Երբ իրավիճակով պայմանավորված դրվեցին սահմանափակումները, մենք մեր էջերում հրապարակավ կոչ արեցինք բնակիչներին անվտանգության կանոնները պահպանելու համար մեզ դիմել առցանց տարբերակով։ Տեղադրեցինք նաև կայքի միջոցով ՏԻՄ-երին դիմելու վերաբերյալ ուսուցողական հոլովակը։ Իհարկե, առցանց տարբերակով դմումներ ստացել ենք, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, բնակիչներն այս տարբերակը չեն նախընտրում և գերադասում են  իրենց հարցերը ներկայացնել դեմ առ դեմ։ Կան նաև մարդիկ, ովքեր, պարզապես, առցանց հարթակից օգտվելու հնարավորություն չունեն։


-Իսկ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է փոխել մարդկանց մոտեցումը, որ սկսեն ավելի շատ օգտվել առցանց տարբերակից։


-Կարծում եմ՝ մենք կարող ենք արդյունքի հասնել միայն մարդկանց կրթելու ու իրազեկելու դեպքում, ինչը կարող ենք անել դասընթացներ, հանդիպում-քննարկումներ կազմակերպելու միջոցով։


-Համայնքում կորոնավիրուսի տարածման դեմ ի՞նչ միջոցներ/միջոցառումներ են կիրառվել/ իրականացվել համայնքապետարանի կողմից։

-Գավառի համայնքապետարանը համայնքում իրականացրել և իրականացնում է ախտահանման աշխատանքներ։ Համայնքապետարանի աշխատակիցները մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար պարբերաբար շրջայց են իրականացնում համայնքում, զրուցում մարդկանց հետ, իրազեկում։ 

-Արդյո՞ք այս ընթացքում հեռավար եք աշխատել և, եթե այո, Ինչպե՞ս են համայնքապետարանի աշխատակիցները  հարմարվել հեռավար աշխատանքային ռեժիմին։

-Այս ընթացքում հեռավար աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, բայց լինում են դեպքեր, որ բնակիչներն ինչ-որ հարցով անձամբ են գալիս համայնքապետարան։  Մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, իհարկե, մենք պահպանում ենք սահմանված բոլոր կանոնները, նաև սոցիալական հեռավորությունը պահելու համար համայնքաետարանի մուտքի մոտ գծանշումներ ենք արել։ Համայնքապետարանում ունենք նաև հերթապահ բուժքույր, ով տեղում ջերմաչափումներ է իրականացվում։

-Համայնքային պաշտոնական կայքէջի առկայությունը ի՞նչ առավելություններ ունի, և նպաստու՞մ է արդյո՞ք ավելի արդյունավետ կառավարմանը։

-Համայնքային պաշտոնական կայքէջի առկայությունը ավելի հեշտ է դարձնում աշխատանքը հատկապես այս օրերին, քանի որ մարդիկ տանը նստած կարող են դիմել մեզ և ստանալ իրենց հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան։ Կայքը համահավաք հարթակ է, որտեղ բնակիչը կարող է գտնել համայնքի և համայնքապետարանի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն։ Բացի դա, կայքը շատ լավ միջոց է բնակիչ—ՏԻՄ հաղորդակցության ապահովման համար, որի ճիշտ կիրառումը բերում է նաև կառավարման արդյունավետության բարձրացմանը։


-Խնդրում ենք նշել վարակի ազդեցության ամենաակնառու բացասական ազդեցությունը համայնքի բնակիչների և համայնքապետարանի գործունեության վրա։


-Սովորաբար Գավառ համայնքից շատ են արտագնա աշխատանքի մեկնողները ու հիմա, իրավիճակով պայմանավորված, այդ մարդիկ առանց աշխատանքի են մնացել։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որն առկա է տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում։


-Եվ վերջում ի՞նչ կոչ ունեք հղելու համայնքի բնակիչներին։

-Մեր քաղաքացիներին առողջություն եմ մաղթում և կոչ եմ անում հետևել անվտանգության բոլոր կանոններին, որպեսզի այս իրավիճակը հնարավորինս շուտ հաղթահարենք։


Գավառի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Գավառի պաշտոնական կայքէջ

Комментариев нет:

Отправить комментарий