24.04.2012

Հայ ազգային կոնգրեսը մարտունեցի ընտրողներին ներկայացավ նախընտրական հանրահավաքով


Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Վարդենիկ համայնքների բնակիչների հետ հանդիպելուց հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ժամանեցին Մարտունի:

Կոնգրեսականները նախ ծաղիկներ դրեցին Մեծ Հայրենականում զոհվածների հուշակոթողին, ապա քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակում հավաքված մարտունեցիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրի որոշ դրույթներն ու հանրապետությունում առկա խնդիրների լուծման իրենց պատկերացումները:










Հանրահավաքը համեմատաբար սակավամարդ էր, ինչն, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների, վախի մթնոլորտով, տարաբնույթ ճնշումներով է պայմանավորված:








«Այս հրապարակի սակավությունը ցույց է տալիս իշխանության վախկոտությունը: Այո, վախենում են ՀԱԿ-ից, վախենում են բոլորից, որովհետև տուն առ տուն մտել, խնդրել են` չգնաք միտինգի: Ամոթ է...»,- ասաց ՀԱԿ-ի կողմից թիվ 24 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սպարտակ Ջիվանյանը:





Վերջինս նաև առաջակեց համեմատել ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ցուցակները. «Կեսից ավելին մականունով են: Մի էրկու հատ եթե նորմալ նորմալ տղա կար, նրանց էլ հանեցին, մի ամբողջ ժողովրդական գործիքներ մտցրեցին. պալատական երգիչ, դհոլուզուռնա, դուդուկն էլ «պոեզով» էկավ»,-ասաց Ս. Ջիվանյանը:







Իր նախընտրական ծրագրում ՀԱԿ-ն առաջարկում է փոքր և միջին բիզնեսը 2 տարով ազատել հարկերից` աշխատատեղերի ստեղծման, գործունեության զարգացման պայմանով, կրկնապատկել մանկավարժի աշխատավարձը, որպեսզի նաև ֆինանսապես անկախ մանկավարժը ազատ մտածողությամբ սերունդ դաստիարակի, ահագնացող չափերի հասնող արտագաղթի պատճառ հանդիսացող աղքատության ու գործազրկության կրճատման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և այլն:



ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց նախորդ նախագահական ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ:






Ամեն կետի ընթերցումից հետո Հ. Բագրատյանը ներկաներից հետաքրքրվում էր` արվե՞լ է...












«Ի՞նչ ունենք այս 4 տարիների ընթացքում, ի՞նչ պատկեր ունենք. արտագաղթի աճ, գործազրկության աճ,հուսալքություն, հասարակության բարոյալքում»,-ասաց ՀԱԿ պատգամավորության թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` հավելելով, որ այդ ամենի համար պատասխանատու են իշխող կոալիցիայում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը:






Ի դեպ, մինչ Ս. Դեմիրճյանը կսկեր ելույթը, մի կին ձայն տվեց. «Դու լավ հոր արժանի ժառանգ ես...»:










Իսկ բոլոր խնդիրների լուծման բանալին, պետության ու նրա քաղաքացիների կյանքում լուրջ փոփոխությունների գրավականն, ըստ ՀԱԿ առաջնորդի, ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է:


Մարտունուց դաշինքի քարոզչական խումբը մեկնեց Երանոս: Նույն օրը ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումներ էին նախատեսված նաև Գավառում և Ծովագյուղում:

Комментариев нет:

Отправить комментарий