
Մարտունի գյուղը գտնվում է Ճամբարակի տարածաշրջանում: Հիմնադրվել է 1921 թվականին: Գյուղում բնակություն են հաստատել Մեծ եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Մուշից, Վանից, Կարինից, Էրզրումից, Բայազետից գաղթած տասնյակ ընտանիքներ:

1993 թվականին գյուղում կառուցվել է եկեղեցի: Պահպանվում են «Կարմիրեղցի» և «Բերդ» ամրոցների ավերակները:

Գյուղը գտնվում է Ճամբարակ քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
Մարտունի քաղաքային համայնքը գտնվում է համանուն տարածաշրջանում և Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղական համայնքից հեռու է 150 կիլոմետրով:
Համայնքների անունների նույնությունը շատ հաճախ շփոթության տեղիք է տալիս: Երբեմն Մարտունի քաղաք հասցեագրված նամակները հասել են Մարտունի գյուղ: Այդպիսի դեպքերի համար գյուղի փոստային բաժանմունքի աշխատակիցներն ասում են. «Նայում ենք,եթե նման հասցեատեր կամ հասցե չունենք , ետ ենք ուղարկում, արդեն գիտենք, որ մյուս Մարտունուց է»:
ՀՀ Կառավարության կողմից Մարտունի գյուղի բնակիչներին առաջարկվել է բնակավայրն անվանափոխել: Բայց համայնքային ժողովի արդյունքում նրանք մերժել են առաջարկը: «Ինչ նոր անուն էլ տան գյուղին, միևնույն է մենք մնալու ենք մարտունեցի»,- ասում են գյուղացիները:
Նշենք նաև, որ ավանդույթներով, բառ ու բանով տարբեր գյուղական և քաղաքային այս համայնքներն ունեն մեկ շատ կարևոր ընդհանրություն. երկուսի բնակիչներն էլ հյուրասեր և հյուրընկալ մարդիկ են:
Հեղինակ` Նունե Միրզոյան (Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ)
Комментариев нет:
Отправить комментарий