23.07.2014

«ԻՂՁ» սոցիալական ձեռնարկությունը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը

Մարտունի, Գեղարքունիքի մարզ – Այսօր տեղի ունեցավ «Իղձ» սոցիալական ձեռնարկության (հասցեն` Կամոյի 17) կար ու ձևի և գունավոր տպագրության արտադրամասերի պաշտոնական բացումը: Ձեռնարկությունը հիմնվել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից`«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:


Վերոնշյալ ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար աշխատանքային հնարավորությունների խթանմանը: Ծրագրի շրջանակներում, ի թիվ այլ աշխատանքների, դրամաշնորհներ են տրամադրվել 17 սոցիալական ձեռնարկությունների հիմնման կամ դրանց աշխատանքների խթանման համար: Դրանցում մինչ օրս ներգրավվել են հաշմանդամություն ունեցող շուրջ 150 անձ: Դրամաշնորհներ ստացողների ցանկում կան տեղական ինքնակառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և ՀԿ-ներ:

Արտադրամասերում աշխատանքի են անցնելու հաշմանդամություն ունեցող 10 անձ` 6-ը կարի արտադրամասում, 4-ը տպագրությունում:

Կարի արտադրամասում արտադրվելու է տրիկոտաժեղեն, սպիտակեղեն, մանկական հագուստ, ընդունվելու են նաև անհատական պատվերներ:

Տպագրությունն ընդունելու է A3 չափի պաստառների, գովազդային վահանակների, բուկլետների, այցեքարտերի, օրացույցների, հրավիրատոմսերի և այլնի պատրաստման դիզայնի և տպագրության պատվերներ:

Ձեռնարկության բացմանը ներկա են գտնվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական բիզնես կառույցների, ինչպես նաև դրամաշնորհատու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

***

Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 194768 անձ: Նրանցից շատերը ստիպված են դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանն ու աշխատավայրում առկա խտրականությանն առնչվող խնդիրներին: Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հաճախ մատչելի չէ իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությունը:



Մինչ օրս LIFE ծրագրի (2012-2015) շրջանակներում հաշմանդամություն ունեցող 305 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, 44 միջին մասնագիտական կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 900 երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, ստեղծվել է 17 սոցիալական ձեռնարկություն:

Օրը ներկայացնում ենք նաեւ լուսանկարներով




























Комментариев нет:

Отправить комментарий