26.09.2016

ԵՐԵՔ ՕՐ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ



Սեպտեմբերի 21-ից 23-ը Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի Հայ Ասպետի թիմը, մանկավարժների հետ, այցելեց Արցախ աշխարհ:
Էքսկուրսիայի նպատակն էր` ճանաչել Արցախի տեսարժան վայրերը և ծանոթանալ Արցախի բնությանը: Շատ հագեցած էին այդ երեք օրերը: Առաջին օրը երեխաները այցելեցին Իստիսու, Դադիվանք, Մարտակերտ քաղաք, Մարտակերտի զորամասերից մեկը: Երկրորդ օրը եղան Մարտակերտի N 1 դպրոցում, Տնջրի ծառի մոտ, Ամարաս եկեղեցում, իսկ երեկոյան արդեն Շուշի քաղաքում էին: Երրորդ օրը այցելեցին պատմական Տիգրանակերտ քաղաքը, տեսան Հունոտի Կիրճի հրաշքները, Զոնտիկներ ջրվեժը, այնուհետև էքսկուրսիան շարունակվեց Ստեփանակերտ քաղաքում, Վանք գյուղում և Գանձասարում:
Իսկապես հեքիաթային օրեր էին, աշակերըները արժանացան յուրահատուկ ընդունելության: Առաջին օրը լուսացրեցին Մարտակերտի հնաբնակներից մեկի` Գեորգի (Ժորա) Գևորգյանի հյուրասեր ընտանիքում` մեկ անգամ ևս համոզվելով արցախցու անսահման բարի ու հայրենասեր լինելու մեջ… Իսկ տիկին Նունեն ու Ֆլորան ամեն ինչ անում էին` ասպետների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար… Մարտակերտի N1 դպրոցին երեխաները գրքեր նվիրեցին, եղան 12-րդ դասարանում: Փոխադարձ այցելությունը շատ մեծ տպավորություն թողեց և մեր աշակերտների և Մարտակերտի N1 դպրոցի աշակերտների վրա, բաժանումը իսկապես հուզիչ էր: Յուրահատուկ ռազմահայրենասիրական դաս էր, երբ ասպետները այցելեցին հերոսներ Արմեն Հովհաննիսյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի զորամասը… 
Հատուկ շնորհակալություն փոխգնդապետ Ալիկ Սարգսյանին և տիկնի Ֆլորային` այցելությունը կազմակերպելու համար: Իսկ երրորդ օրվա վերջում երեխաները դժգոհում էին, որ արդեն տուն են վերադառնալու, համոզվում ես, որ աշխատանքդ ծառայել է իր նպատակին: Այո, լավ մարդիկ են արցախցիները, բարի են ու հյուրասեր… ու նրանցից ամեն մեկը իրական ՀԵՐՈՍ է: 

Հատուկ շնորհակալություն էքսկուրսիայի հովանավորներ Աբով Ջուլիկյանին և Հենզել Հարությունյանին:


Հեղինակ՝ Արաքս Հոխիկյան

Комментариев нет:

Отправить комментарий