08.09.2019

Այն ինչն ինձ հուզում է


Վստահ եմ, որ յուրաքանչյուրն էլ իր կյանքում ունի իր մեծ կամ փոքր խնդիրը: Կան խնդիրներ, որոնք շատ անհանգստացնող են, կան նաև այնպիսիք, որոնք գիտենք, որ կան, բայց ոչ այդքան հետաքրքիր ու կարևոր են մեզ համար: Համայնքներում, իհարկե, խնդիրներն ավելի շատ են։ Բոլորը գիտեն, որ կա խնդիր, բայց շատ քչերն են մտածում դրան լուծում գտնելու մասին, որովհետև, ամեն դեպքում, բողոքելն ավելի հեշտ է, քան խնդիր լուծելը: Ինձ համար ամենահուզիչ  թեմաներից է շատ գյուղերում պահպանվող ու առoրյայում շատ կիրառվող հայկական մենթալիտետը
Մենթալիտետի ու «սովետից մնացած» կարծրատիպերի պատճառով երիտասարդների հնարավորությունները՝ թե՛ մտածելու, թե՛ գործելու առումով, սահմանափակվում են։  Դրանց ազդեցությունը մեծ է հատկապես  համայնքներում բնակվող աղջիկների վրա, քանի որ ըստ տաբուների՝ աղջիկները անտրամաբանորեն շատ հարցերում իրավունքներ չունեն: Օրինակ, չգիտես ինչու, դեռ չի ընդունվում այն, որ աղջիկներն էլ հավասարապես սովորելու և տարբեր ծրագրերում ակտիվ ներգրավվելու իրավունք և կարիք ունեն: Հատկապես զարհուրեցնող է այն կարծրատիպը, որ աղջիկներն ամուսնանալուց ու հայրական տնից հեռանալուց հետո կորցնում են բոլոր իրավունքները հայրական տան նկատմամաբ (չնայած, բարեբախտաբար, դա շատ քչերի համար է այդպես): Ինչքան էլ ասեն՝ երեխան երեխա է, միևնույն է, երբ իմանում են, որ նոր ծնվող երեխան (հատկապես առաջնեկը) աղջիկ է, ափսոսանք արտահայտող դեմքով ասում են «Դե լավ, կարևորը առողջ երեխա լինի»,- իսկ հետո հույս են փայփայում, որ հետազոտության արդյունքերը սխալ լինեն և տղա ծնվի
Բայց, այնուամենայնիվ, տղաները նույնպես շատ են տուժում մենթալիտետից և ամբողջ կյանքում ստիպված են լինում բանվորությամբ զբաղվել: Սրա պատճառը ծնողի անգիտակցաբար, չմտածված ու մշտական սպասումն է, որ տղան շատ վաղ տարիքից ու մեծ չափի գումար տուն բերի, ինչն էլ խլում է տղայի համար սովորելու լավագույն տարիները ու ճիշտ ուղի բռնելու գաղափարները: Ծնողի մեղավորությունը, կարծում եմ, այստեղ չգիտակցումն է, որ եթե երեխան իր տարիները նվիրի կրթությանը և ստիպված չլինի մտածել գործիքների հեշտ կիրառման մասին և կարողանա ճիշտ ուղի բռնել, տարիներ անց շատ մեծ հաջողությունների կհասնի հաստատ
․․․Սիրում եմ իմ հայրենիքը ու հայրենակիցներին առանց մենթալիտետի ու աշխատում եմ դրա իսպառ վերացման վրա:




 Հեղինակ՝ Դուխիկ Ալոյան

Комментариев нет:

Отправить комментарий