Գրքերն ինձ համար նոր աշխարհներ են, ուր պետք է կամ գտնես ինքդ քեզ, կամ էլ կորցնես՝ մոռացության տալով քո իրականությունը:
Առաջին երկու գրքում, գուցե, գտա ինձ:
«Տափաստանի
գայլը» այն դեպքն էր, երբ կարդում էի պատասխաններ ստանալու համար:
Գրքում խոսվում էր մարդու բնույթի մասին: Մարդը ներկայացված է որպես քաղքենի հասարակության անդամ, ով փորձում է օրինաչափ վարք դրսևորել, մշակույթ է ստեղծում, դավանում է գեղեցիկը, բայց և այնպես մնում է գազան:
Եվ որքան դժվար է ընդունել քո ոչ միասնական, համասեռ լինելու փաստը. դա դժվար է անել և՛ քո ներսի գայլին, և՛ մարդուն: Ոմանք փորձելու են ազատվել իրենցից ու իրենց մեղքերից և երազելու են մանկանալու մասին, «բայց դեպի անմեղություն, դեպի ոչ արարչություն, դեպի Աստված ճանապարհը տանում է ոչ թե դեպի ետ, այլ առաջ, ոչ թե դեպի մանուկը կամ գայլը, այլ ավելի մեծ մեղք, խոր մարդկայնացում»: Տափաստանի գայլերն այդ լավ գիտեն: Հիմա ասեմ թե ինչ պատասխաններ ստացա ես, այն դեպքում, եթե հանկարծ, ես էլ եմ տափաստանի գայլ: Առաջարկվող լուծումը ինքնաճանաչումն էր. պետք է հստակ գիտակցես ցանկություններդ, դրանց պատճառները ու չվախենաս դրանցից, ու այդչափ դաժանությամբ չպայքարես քո «Եսերի» դեմ, քո էության դեմ:
«Տարեկանի
արտում՝ անդնդի եզրին». Այս գիրքը խռովություն էր: Նորից կյանքում ինչ որ բան սխալ էր: Չափազանց շատ ու շատերն էին վազում փուչ բաների հետևից: Ձևականություններ, կեղծավորություն: Հերոսը չէր համակերպվում իր իրականության հետ: Ամբողջ ճանապարհը փոթորկվում էր նրա մտքերից:
Հերոսի երազանքն էր դառնալ փրկիչ այն երեխաների համար ովքեր խաղում էին անդնդի եզրին ու կարող էին վայր ընկնել: Նա շատ կցանկանար բոլոր այն լավ երեխաներին հետ պահել իրեն նման դառնալուց: Կցանկանար մարդկանց ավելի լավը տեսնել, աշխարհն ավելի լավը տեսնել: Շատերը կմտածեն, որ այս գիրքը ցույց է տալիս դեռահասության հետ կապված խնդիրները, կամ թե ինչպես են դժվարություններն ազդում մարդու աշխարհընկալման վրա ... բայց չէ, այդպես չէ: Մարդը տեսնում է կյանքը ու հասկանում, որ ինքն էլ է այդ կյանքի մասը, որ ինքն էլ այլևս այնպիսին է, ինչպես վայել է մարդուն, ով պետք է գոյատևի մարդկանց մեջ: Պարզապես դժվար է ընդունել, որ դու ու քո ամբողջ իրականությունը չեք համապատասխանում և ոչ մի լուսավոր պատկերացման: Որ դու էլ չես համապատասխանում և ոչ մի լուսավոր պատկերացման:
«100 տարվա մենություն». ֆանտաստիկ գիրք էր, ուր ամեն ինչ երազային էր, չափազանց վերացական, անտրամաբանական ու իրական: Ամեն ինչ չափազանց պարզ էր ու միևնույն ժամանակ խճճված: Մի ամբողջ գերդաստանի երազանքներ, ցանկություններ, վախեր, սեր, ձգտումներ, ստորություն, ամեն ինչ.. կյանք:
Չափազանց մարդկային գիրք էր, հասկանալի մարդկային ենթագիտակցության խորքերին: Գիրքն ամեն ինչ ցույց էր տալիս աղոտ լույսի տակ ու ստիպում երազի նման ընկալել գրքում նկարագրվածը: Գուցե Մակոնդոն էլ էր մի մեծ երազ՝ գրողի մանկության մասին երազը:
Չափազանց մարդկային գիրք էր, հասկանալի մարդկային ենթագիտակցության խորքերին: Գիրքն ամեն ինչ ցույց էր տալիս աղոտ լույսի տակ ու ստիպում երազի նման ընկալել գրքում նկարագրվածը: Գուցե Մակոնդոն էլ էր մի մեծ երազ՝ գրողի մանկության մասին երազը:
Գիրք ամեն ինչի մասին..., ընդգրկուն գիրք: Գիրքը վերևից հայացք է, ինչ որ պատմությունների պատառիկներ, խառնաշփոթ, ինչը ցույց է տալիս կյանքն իր ամբողջ
սիրունությամբ ու ամբողջ ողբերգությամբ, այդ ողբերգության սարսափելու աստիճան
սովորական բնույթով, այդ ողբերգության շարունակականությամբ ու միապաղաղությամբ:
Այսքանն ինձ գտնելու ու կորցնելու
լավագույն դեպքերի մասին:
Հեղինակ՝ Նաիրա Ջիվանյան
Комментариев нет:
Отправить комментарий