«Չլիկ դաստա», «Հավալա», «Հալա-մուլա»․․․Այս անուները շատերի մոտ մանկության
հիշողությունների անբաժանելի մաս են կազմում։
Սրանք խաղեր են, որոնք ժամանակի ընթացքում փոխվել են կամ մոռացվել։ Կար ժամանակ, երբ երեխաները բակերում
մինչև ուշ գիշեր այս խաղերն էին խաղում ու տուն էին գնում միայն հաց ուտելու կամ քնելու համար:
Ամենատարածված խաղերից էին «Չլիկ Դաստա»-ն, «Էշ-միլիցա»-ն, «Լախտախաղ»-ը, «Հալա-մուլա»-ն, «7 քար»-ը, «Հավալա»-ն․․․
«Չլիկ Դաստա» խաղացողները պետք է ունենային «դաստա»՝ 20-30 սմ երկարությամբ բռնակով զարկիչ, և «չլիկ»՝ քառանիստ փայտ՝ մինչև 10 սմ երկարությամբ, սրած վերջույթներով: Խաղահրապարակում ոչ մեծ փոս էր փորվում՝ օբա: Խաղացողները բաժանվում էին երկու թիմի, թիմերից մեկը կանգնում էր օբայի մոտ, իսկ մյուսը՝ քիչ այն կողմ: Առաջին թիմին կոչում էին վերևիններ, երկրորդին՝ ներքևիններ: Փոսի կողքից փոխանցողը, ձեռքը վերցնելով դաստան ու նույն այդ ձեռքի դաստակին դնելով չլիկը, վերև էր նետում այն ու դաստայով հարվածում: Երբ ներքևիններին հաջողվում էր բռնել չլիկն օդում, թիմերը փոխվում էին տեղերով: Հակառակ դեպքում նրանք վերցնում էին չլիկն ու փորձում դրանով դիպչել դաստային, որն այդ դեպքում հորիզոնական դիրքով դնում էին փոսի վրա: Եթե ստացվում էր դիպչել, ապա փոխանցող վերևինը լքում էր խաղը, և նրա տեղը փոսի մոտ զբաղեցնում էր այդ թիմի մեկ այլ մասնակից: Այդպիսով խաղից կարող էին դուրս գալ բոլոր վերևինները. այդ դեպքում թիմերը փոխվում էին տեղերով: Այս խաղն անվերջ կարող էր շարունակվել և հաճախ ավարտվում էր այն ժամանակ, երբ բոլորն ուղղակի հոգնում էին:
«Էշ-միլիցա»-ն բակերում ամենատարածված խաղերից էր։ Խաղի կանոնների համաձայն խաղացողներից ցելա գցելով ընտրվում էին «էշ»-ն ու «միլիցա»-ն, մեկն էլ համաձայնվում էր բարձի դերում լինել։ «էշը» գլուխը դնում էր բարձի գոգին և կքանստում, «միլիցան» էլ բռնում նրանից և պտտվում շուրջը, նստողներից պաշտպանելու համար։ Մնացած խաղացողները փորձում էին հեծնել «էշին» ու «միլիցային»։ Եթե «միլիցան» կարողանում էր նրանց ոտքով խփել մինչև նստելը, խփվածը դառնում էր «էշ»-ը, «էշ»-ն էլ դառնում էր «միլիցա»-ն, իսկ «միլիցա»-ն ազատվում էր և խաղում դրսից: Խաղն ավարտվում էր, երբ երեխաները հոգնում էին «էշ» ու «միլիցա» լինել:
«Հավալա» խաղը 8-ից 10 մասնակից էր ունենում: Ցելա գցելով, խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում էր իր մեջքը՝ «այծ» դառնալով, իսկ մնացածը հերթով սկսում էին ցատկել նրա վրայով: Ընդ որում՝ ցատկելիս, «այծի» մեջքին կարելի էր դիպչել միայն ձեռքերով: Այն մասնակիցը, ում չէր հաջողվում ցատկելով անցնել կամ ով «այծին» դիպչում էր նաև ոտքով, կռանում էր նրա դիմաց, և մնացածը ցատկում էին արդեն երկու հոգու վրայով: Հաղթում էր նա, ում ամենաշատն էր հաջողվում էր ցատկել «այծերի» վրայով:
Օգտագործված գրականություն՝
Բդոյան Վ․, Հայ ժողովրդական խաղեր, հ․1- Եր․,1963
Լուսանկարը՝ համացանցից
Комментариев нет:
Отправить комментарий