18.12.2019

Սովորական մարդիկ


Մարդիկ տուն դարձան միմյանց համար:
Ընտանքը սեր է: Սարսափելի մեծ երջանկություն, ինչը կարող ես և չզգալ, բայց ինչ որ պահի անպայման կհասկանաս: Կհասկանաս ու ամուր կգրկես հիշողություններդ՝ երդվելով չկորցնել դրանք: Կերդվես՝      դարձնել դրանք հավերժ ու կկորցնես հավերժությունդ ինչ որ պահի մեջ:
Ընտանիքը երեկոյան ընթրիքն է, նույն կատակները, կրկնվող հարցերը: Ընտանիքը վեճերն են, նեղվածությունդ, երբեմն բարկությունդ, անհամաձայնություններդ ու ներողություններդ: Ընտանիքը ինչ որ մեկով հպարտանալդ է, ինչ որ մեկին մեծարելդ: Ընտանիքը առավոտ կանուխ ոտքերիդ մատների վրա քայլելն է, որ ոչ ոք չարթնանա: Ընտանիքը ինչ որ մեկի ձեռքերն են, որոնք ուզում ես համբուրել և որոնք հետո քեզ անպայման կշոյեն: Ընտանիքը կարոտն է: Ընտանիքն այնքան սովորական է, բոլոր այս մարդիկ այնքան սովորական են. Նրանք կողքիդ են ու դա այնքան սովորական է:
Սովորական ու անհրաժեշտ: Օդ, ջուր և այդ սովորական մարդիկ:
Նայում ես այդ մարդկանց ու հասկանում, թե ինչքան խորն են նրանք քո հոգում, նրանք քո անհատականության մի մասն են, նրանք դու ես:
Նրանք մոտ են քեզ, երբ նույնիսկ հեռու են, նրանք քո կողքին են:
Ընտանիքը անուններ են, ոտանաձայներ են, երազանքներ, ինչ որ մեկի բարձր ծիծաղը, ինչ որ մյուսի աչքերի փայլը, անհանգստություն:
Ընտանիքը խոսքեր են, դեպքեր, տաքություն: Ընտանիք է երբ հարմար է: Ընտանիք է երբ հանգիստ ես: Ընտանիքը քո մարդիկ են:
Ընտանիքը տոներին գինի խմելն է: Ընտանիքը եղբորդ իրերը վերցնելն է ու հետո դրա համար կռվելը: Ընտանիքը ինչ որ խնդիրներ են ու դրանց լուծումները: Ընտանիքը երբեմն ցավ է, երբեմն բաժանում է, երբեմն էլ՝ չէ:
Մի ժամանակ մարդը մենակ էր և ընտանիք ստեղծեց: Բայց նա դա արեց, ոչ իր մենակությունը փարատելու համար, այլ այն մեկին մենակ չթողնելու, ում սիրում էր: Մարդիկ մենակ չթողեցին միմյանց, օգնեցին ողջ մնալ, հավատալ, վստահել, երբեմն թույլ լինել, բայց ուժեղանալ իրարով: Մարդիկ տուն դարձան միմյանց համար:


Հեղինակ՝ Նաիրա Ջիվանյան

Комментариев нет:

Отправить комментарий