09.03.2017

Գեղարքունիքի կանայք․ Ովքեր են ընդգրկված տարածքային ընտրական ցուցակում

Ինֆոտան նախորդ  հրապարակման մեջ գրել էինք, որ  թիվ 8 ընտրական տարածքի, որը ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, տարածքային ընտրական ցուցակով 23 կին պատգամավորի թեկնածու է գրանցվել։

Կանանց իրավուքների միջազգային օրվա կապակցությամբ այսօր կփորձենք ընթերցողներին ծանոթացնել, թե ովքեր են կին թեկնածուները և արդյոք հնարավորություն ունեն մրցելու մի ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ–ով առաջադրվել են Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Կարեն Բոթոյանը, ինչպես նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Այլ կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում էլ կան «աչքի ընկնող» թեկնածուներ, ինչպես «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից գեներալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը, ինչպես նաև այլք, ովքեր իրենց տարածաշրջաններում բավականին հայտնի են ու քարոզչության համար ունեն բավարար ռեսուրսներ։






«Ելք» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով 50 տոկոսը կանայք են՝  6–ից 3–ը։
Կարինե Խաչատրյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է և հանդիսանում է Երևանի թիվ 127 ավագ դպրոցի հատուկ մանկավարժը։ Մյուս երկու կանայք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, Մելինե Հայրապետյանը «Էյչ–Քոն» ՍՊԸ–ի տնօրենն է, իսկ Ռուզաննա Գասպարյանը գործազուրկ։ Հատկանշական է, որ Ելք–ից առաջադրված երեք կանայք էլ Գեղարքունիքի հաշվառում չունեն։

«Ազատ դեմոկրատների» տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված կանայք ամենաերիտասրդներն են, գործազուրկ Աննա Հովհաննիսյանը 34 տարեկան է, իսկ Աննա Օհանյանը՝ 27, վերջինս աշխատում է, որպես գանձապահ «Քարեվարդ» ՍՊԸ–ում և ամենաերիտասարդ կին թեկնածուն է։

«Հայկական Վերածնունդ» կուսակցություն էլ է փորձել իր տարածքային ընտրական ցուցակը համալրել երիտասարդ կանանցով։ Ցուցակում ընդգրկված 32 ամյա Ռիմա Դադոյանը Գավառից ու 28 ամյա Մարիամ Մխիթարյանը Մարտունուց՝ չեն  աշխատում, իսկ Ռիտա Խաչատրյանը Վարդենիսից, հանդիսանում է ծննդատան բուժքույրը։

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի 8 թեկնածուից երկուսն են կին՝ երկուսն էլ ուսուցչուհի։ Թամարա Մկրտումյանը «Ծաղկունք բաց դպրոցի» հիմնադրամի ուսուցչուհի է, իսկ Ռուզաննա Սամվելյանը Մարտունու թիվ 2 դպրոցի մանկավարժ։

Կոնգրես–ՀԺԿ կուսակցությունների դաշինքում նույնպես երկու կին թեկնածուի անուն կա։ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Անահիտ Սաղաթելյանը և Մերի  Վարդանյանը, վերջինս նույնպես մանկավարժ է և աշխատում է Վաղաշենի 1–ին դպրոցում։

ՀՀԿ–ի տարածքային ցուցակում ընգրկված է երեք կին թեկնածու, թերևս առաջադրված կանանցից ամենաճանաչվածները՝  «Գավառի պետական համալսարանի» ռեկտոր Հակոբյան Ռուզաննան է, ով, պետք է նկատել, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրն է։ Մյուս թեկնածուն Անուշ Պողոսյանն է, ով Գեղարքունիքի մարզպետրանի աշխատակազմի ԱՍԱ վարչությության պետն է։ Ցուցակում է նաև Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Նիկողասյանը։ Պետք է նշել, որ Նիկողոսյանը դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել է 2017թ–ի փետրվարի 1–ին։

Հայաստանի կոմունիստական կուսակցության  տարածքային ընտրական ցուցակի շարքերը համալրել են երկու կին՝ 68 ամյա թոշակառու Էմմա Հակոբյանը և գործազուրկ Լիլիթ Երզնկյանը։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշիքնի 12 հոգանոց տարածքային ընտրական ցուցակում երեք կին է առաջադրված՝ Գայանե Բաղդասարյանը, ով «Գյումրու» ԲԿ–ի կլինիկական հոգեբանն է, Լոռու հաշվառումով, գործազուրկ Վիկտորյա Բունիաթյանը և Կարինե Հարությունյանը Մարտունուց, ով ևս գործազուրկ է

ՀՅԴ «հետևելով» «Ծառուկյան» դաշինքի օրինակին ևս իր ցուցակում ընդգրկել է մանկավարժների։ Վերջիններս են Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցչուհի Հրածին Հարությունյանը և Լիճքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սյուզաննա Մարկարյանը։ ՀՅԴ–ի տարածքային ցուցակում ընդգրկված ամենատարիքով թեկնածուն 60 ամյա Կարինե Ասատրյանն է՝ Վարդենիսի տարածքի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահն է։

Ընդհանուր առմամբ թիվ 8 ընտրական ցուցակում ընդգրծկված  կանանց 50 տոկոսը 36-60 տարեկան է, իսկ 36 տոկոսը՝ 35 տարեկանից փոքր են։





Թեկնածու կանանց մեջ զգալի թիվ են կազմում գործազուրկները, շուրջ 30 տոկոս, իսկ աշխատող կանանց մոտ կեսը ՝ 53 տոկոսը, մանկավարժությամբ է զբաղվում։


Комментариев нет:

Отправить комментарий