31.08.2019

Մարտունի՝ ավտոմեքենաների և տղամարդկանց քաղաք




Առաջին անգամ որոշեցի ոտքով գնալ աշխատանքիս վայր, իսկ դա ենթադրում էր, որ պետք է քայլեի քաղաքի մի ծայրից մյուսը։ Ճանապարհս անցնում էր գետի երկայնքով, բայց, ի զարմանս ինձ, այստեղ չկային նստարաններ կամ ինչ-որ  տեղ, որտեղ մարդ նստեր ու նայեր գետին, ուղղակի։ Գետը մաքուր չէր, ևս մի կարևոր հարց, որի լուծումը այդպես էլ չի տրվում, աղտոտում ենք առանց մտածելու, որ ինքներս ենք դառնալու այդ աղտոտվածության զոհը։ Քայլել միշտ սիրել եմ, երբ ապրում էի մայրաքաղաքում շատ ավելի շատ էի քայլում, և ահա քայլում եմ:
Բոլոր հարևանների տների մոտով անցա, բոլորին բարևեցի, եկա հասա մի տեղ, որտեղից հետո ինձ արդեն այդքան էլ չէին ճանաչում, բայց փորձում էին նմանեցնել կամ ճանաչել, որովհետև շատ ուշադիր ինձ էին նայում: Անծայրածիր փողոց էր՝ առանց հետիոտնի համար նախատեսված ճանապարհի, միայն, երբ հասա կենտրոնական փողոց, արդեն այդ փոքրիկ ճանապարհը կար։ Քայլում էի նայելով, թե ինչ կա քաղաքի կենտրոնական փողոցում՝ խանութներ, խանութներ, էլի խանութներ, հագուստ, սնունդ, շինանյութ ու ես արդեն հասա աշխատավայր, ոչ մի հետաքրքիր վայր, ուր կարելի էր այցելել, կամ երեխային տանել, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Շատ տխուր է․ ինչո՞վ պետք է զբաղվեն այս քաղաքի բնակիչները ազատ ժամանակ։ Հիմա արդեն հասկացա, թե ինչու շատ երիտասարդներ, գնալով մայրաքաղաք ուսում ստանալու, այլևս հետ չեն վերադառնում, ցավալի է, բայց փաստ, նրանից չէ, որ պակաս հայրենասեր են, ուղղակի այլընտրանք չկա, հնարավորության դեպքում աշխատում են հաստատվել մայրաքաղաքում։ Ի՞նչու չի կարելի մտածել սովորական մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու մասին, չէ՞ որ կարևոր է լիրաժեք կյանքով ապրելը, որը ենթադրում է ազատ ժամանակի, հանգստի իրավունք։ Եթե քաղաքում ապրած չլինեի, այս ապրելակերպն ինձ համար սովորական կլիներ, ու շատ մարդիկ այստեղ այդպես էլ ապրում են, առանց իմանալու, որ մի ուրիշ ձև կարող էին ապրել։ Կգա՞ մի օր, որ բոլոր տարբերությունները վերանան, թե՛ մեծ, թե՛ փոքր։


Հեղինակ՝ Անահիտ Հայրապետյան

                                                                   

Комментариев нет:

Отправить комментарий