06.08.2019

Ռուսականի կուրս


Տնտեսագիտություն մասնագիտությամբ ուսուցում կազմակերպում են բարձրագույն ուսումնական բազմաթիվ հաստատություններ։ Հազարավոր մարդիկ վճարում են միլիոնավոր դրամներ տնտեսագիտական կրթություն ստանալու համար։
Մարտունու տարածաշրջանի կանայք այս մասնագիտությունը սովորում են անկախ իրենց կամքից։ Տարիների ընթացքում իրենց ամուսինների, տղաների, եղբայրների կամ հայրերի Ռուսաստանից ամռան ամիսներին ուղարկած գումարների պատասխանատուն հենց իրենք են։ Ռուսականի կուրսի բարձր լինելուց էլ կախված կլինի՝ այս ամիս լրացուցիչ կարիք կհոգա՞, թե՞ ոչ։ Սակայն այս նյութական թվացող գումարային հարաբերությունը կնոջ և բանկի միջև առաջացնում է մի շարք հոգեբանական խնդիրներ և մտավոր աշխատանք։

Սնահավատության փուլ։  Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթը գյուղերից Մարտունի քաղաք տանող ավտոբուսները բազմամարդ են. կանայք գնում են «հիվանդանոց»։ Հենց այս պատճառաբանությամբ են կանայք գնում Մարտունի քաղաքի բանկեր՝ գումար ստանալու, որ հարևանը ստացած գումարին աչքով չտա։ Հայաստանում այս գումարներին հիմնականում աչքով բանկերն են տալիս՝ ռուսականի կուրսը բարձրացնելով կամ իջեցնելով։ Վաղ առավոտից բանկերում ժամերով հերթեր են կանգնում կանայք և երբեմն թվում է, թե այս հերթերին վերջ չկա։ Հերթերի մեջ հաճախ հանդիպող բարեկամներին էլ ասում են՝ եկել են վարկ մարելու։ Տարածաշրջանում ընտանիքների մի տեսակ կա, որ օգտվում է անապահով խավի համար նախատեսված նպաստ համակարգից։ Այս դասին պատկանող կանայք չեն կարող Ռուսաստանի Դաշնությունից (ՌԴ) ուղարկված գումարները անձամբ ստանալ, քանի որ մեր պետությունը կտեսնի ու կկտրի նպաստից։ Ամեն ամիս Ռուսաստանից 200-250.000 դրամ ստացող «խեղճ» ընտանիքը կզրկվի պետության կողմից տրվող 20-25.000 դրամ նպաստից։ Այս կանայք օգտվում են հարևանի կամ բարեկամի օգնությունից, բայց այս խումբն էլ է սնահավատ և օգտվում է նույն «վարկերս փակեմ» մեթոդից։ 

Հաշվետվության փուլ։ Մարտունեցի կնոջ ամսվա երկրորդ շաբաթն անցնում է  առևտուր անելով և ամուսնուն հեռախոսով կամ սկայպով հաշվետվություն ներկայացնելով։ Տղամարդիկ, ովքեր սարսափելի պայմաններում են աշխատում խոպանում, 12 ժամ, երբեմն գիշերները, առանց հանգստյան օրերի, առանց տոների, ուզում են իրենց քրտնաջան աշխատանքից ստացված գումարը տնօրինել ինքնուրույն կամ, գոնե, կնոջ կողմից հաշվետվություն ստանալ։ Ամեն գնված ու չգնված ապրանքի, ամեն տված ու չտված պարտքի համար կինը հաշվետու է։ Կինը երկար է մտածում, թե ինչպես բացատրի ամուսնուն, որ ռուսականի կուրսի պատճառով ինքն այս ամիս քիչ սնունդ կպահածոյացնի ձմռան համար։

Վերլուծություն։ Հայաստանի 21 բանկերից Մարտունի քաղաքում կա 8 բանկ։ Ամբողջ ամիս Մարտունու տարածաշրջանի կանայք իրենց մատը ռուսականի պուլսին են պահում։ Հետևում, համեմատում, վերլուծում են բանկերում ռուսականի կուրսը, ավելի խելացիները ռուբլի-դոլար, ռուբլի- եվրո կուրսն էլ են ստուգում, չէ՞ որ դրամը կախված է խոշոր արժույթներից։ Այս բոլոր վերլուծություններին գումարվում է սեփական փորձը և մարտունեցի կինն արդեն գիտի՝ հաջորդ ամիս ո՞ր բանկից ստանա ուղարկված գումարը,  հետո դուրս գա ո՞ր բանկում ռուբլին դարձնի դրամ։
Մարդիկ ընդամենը փորձում են հարմարվել այն կյանքին, որն ունեն։ Իսկ պետության կողմից համակարգային, պաշտոնական, քաղաքական, իրավական կարգավորում այս հարցերին այդպես էլ չի տրվում, քանի որ պետության համար բարձրագույն արժեք է բանկի կառավարիչը, ոչ թե սոցիալապես իսկապես խոցելի ընտանիքը, բարձրագույն արժեք է երկիր մուտք գործող գումարը, ոչ թե ՌԴ-ում անմարդկային պայմաններում աշխատող հայ մարդը։ Փոխարենը օրեցօր ավելանում է  տնտեսագետների թիվը։


Հեղինակ՝ Մանան Մխիթարյան

Комментариев нет:

Отправить комментарий