14.09.2020

Ինչպիսի՞ն էր երեխաների առօրյան երեկ, ինչպիսի՞ն է այսօր և ինչպիսի՞ն է լինելու վաղը

Ի՞նչ զբաղվածություն ունեն մեր սերնդի մանուկները և ինչպիսի՞ն էր նախորդ սերնդինը։ 
Մեր ավագ սերնդի ներկայացուցիչների խոսքով, որքան էլ դժվար են եղել ժամանակներն իրենց մանկության տարիներին, այնուամենայնիվ, իրենց մանկությունը շատ ավելի բուռն ու հետաքրքիր է եղել, որովհետև մարդկանց միջև կենդանի շփումը շատ ավելի շատ է եղել, իսկ մարդիկ՝ ավելի անմիջական։ 


Իրենց մանկության տարիների մասին խոսելիս նրանց աչքերն ուղղակի փայլում են, այնքան սիրով, ուրախությամբ են պատմում իրենց առօրյայից, բակային խաղերից, իրենց ընկերությունից։




«Մեր մանկության տարիներին մենք, հաճախ տարված մեր խաղերով, մոռանում էինք անգամ ժամանակի մասին։ Մեր խաղերը, բացի ժամանցային լինելուց նաև զարգացնում էին տրամաբանությունն ու ուսուցանող էին»․-ասում է մեր զրուցակիցը։
Խաղերը շատ են եղել ու իրարից շատ տարբեր՝ «Չլիկ դաստա», «Հավալա», «Հալա-մուլա», «Կարմիր կոճակ», «Յոթ քար», «Անուն գոռոցի», «Քարկտիկ», «Գործնագործ», «Պահմտոցի»․․․ 
Այս անունները շատերի մոտ մանկության հիշողությունների անբաժանելի մաս են կազմում։  Սրանք խաղեր են, որոնք ժամանակի ընթացքում փոխվել են կամ մոռացվել։ Եղել է ժամանակ, երբ երեխաները բակերում մինչև ուշ գիշեր այս խաղերն են խաղացել ու տուն են գնացել միայն հաց ուտելու կամ  քնելու համար: 


Իսկ ինչու՞ են հիմա խաղադաշտերն ու բակերը դատարկ, ի՞նչ խաղեր են խաղում մեր սերնդի երեխաները և ինչպե՞ս են անցկացնում իրենց ժամանցը։ Մեր օրերում իմ սերնդակիցները  ծանոթանում ու ընկերանում են համացանցի միջոցով ու շատ ժամանակ իրար հետ շփվում են միայն օնլայն տիրույթում։ 

Խաղում են համակարգչային և հեռախոսային խաղեր՝ Ninja Clash Heroes, Монополия, Brawl stars, Fifa, Tank online, Free Fair, Свадба по любви, Сокровища Пиратов.. և այլն։

Արդյունքում մեր սերնդի երեխաները ձեռք են բերում տեսողության խնդիրներ, դառնում են ինքնամփոփ և խուսափում են շփվել իրական կյանքում։

Տեխնիկական ոլորտի զարգացման և օր օրի  կատարելագործման հետ մեկտեղ նվազում է մարդկային կենդանի շփումը։ Հեռախոսներն ու համակարգիչները, իհարկե, որոշ առումներով ավելի են հեշտացրել մեր կյանքը, բայց, ըստ իս, դրանք ունեն նաև իրենց բացասական ազդեցությունը վերը նշված տեսանկյունից դիտարկելիս։ 

Ես շատ կուզեի մենք էլ ամեն օր դուրս գայինք բակ, խաղայինք բակային խաղեր, ավելի շատ շփվեինք իրար հետ․․․

Իսկ ի՞նչ ենք հիշելու մենք տաս, քսան տարի հետո և ի՞նչ ենք պատմելու մեր երեխաներին մեր մանկությունից.....



Հեղինակ՝ Նազանի Ասատրյան











Комментариев нет:

Отправить комментарий