Ասֆալտապատվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գլխավոր ճանապարհը:
Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ հունիս ամսին, իսկ հուլիսի 5-ից սկսվեց ասֆալտապատման բուն գործընթացը:
Վերջին տարիներին Լիճք գյուղում նմանատիպ ակնառու փոփոխություններ չէին կատարվել և, կարելի է ասել, իրականանում է գյուղացիների բաղձալի երազանքներից մեկը:
Ըստ աշխղեկ Սասուն Բաղդասարյանի, ամեն ինչ նորմալ է ընթանում, աշխատանքները կավարտվեն օգոստոսի 30-ին, գլխավոր ճանապարհից բացի կասֆալտապատվի նաև գյուղամիջյան ճանապարհի մի մասը:
Գյուղի բնակիչ Միշա Սիմոնյանը ոգևորված հետևում էր աշխատանքներին և մեզ հետ զրույցում ասաց. «Այս ամենը սերունդների համար է արվում, երկար տարիներ գյուղում նմանատիպ փոփոխություններ չեն եղել: Գյուղ մտնող ճանապարհը վերջին անգամ 1960-ական թվականներին էր ասֆալտապատվել: Ողջունելի է այս ծրագիրը»:
Իսկ ահա գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ Պավլիկ Երեմյանի տեղեկացմամբ, ասֆալտապատումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, ընդհանուր առմամբ ծախսվելու է 110 միլիոն դրամ: Վերջինս նույնպես հավաստիացրեց, որ աշխատանքները մինչև օգոստոսի 30-ը կավարտվեն` նշելով. «Գյուղամիջյան ճանապարհի ասֆատալպատումից բացի կտեղադրվեն նաև ջրահեռացման կիսախողովակները»:
Իսկ այն հարցին, թե լիճքեցին կարո՞ղ է նմանատիպ այլ փոփոխությունների սպասել, Պ. Երեմյանը պատասխանեց. «Այո, այս տարվա ընթացքում իրականացվելու են մի քանի ծրագրեր, կլուսավորվի գլխավոր ճանապարհը, կշարունակվի փոփոխվել ներքին ջրագիծը, կավարտվեն մշակույթի տան շինարարական աշխատանքները»:
Լիճք գյուղն ունի 5500-ից ավել բնակիչ, ընտանիքների մեծամասնությունն ունեն մեքենաներ, իսկ քարքարոտ ճանապարհները շատ խոչընդոտներ են առաջացնում գյուղի բնակիչների համար: Մի քանի անգամ իրականացվել էին փոսալցման աշխատանքներ, իսկ վերջին 2-3 տարիներին ասֆալտն ընդհանրապես չէր երևում:
Իսկ, թե ինչքա՞ն կծառայի այս ասֆալտը Լիճքի բնակիչներին, ժամանակը ցույց կտա:
Մինչ այդ լիճքեցիներին մնում է հավատալ և սպասել նոր փոփոխությունների:
Վերջապես...
ОтветитьУдалить