08.09.2012

Արդար, քաղաքակիրթ ընտրապայքարը` ազատ ընտրության երաշխիք ու առողջ հասարակության պահանջ


Սիրելի լիճքեցիներ, սկսվել է նախընտրական քարոզչությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ պայքարի մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:

Ես կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ նման գործելաոճը իմ սկզբունքներին չի համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս գաղափարը: 



Չորս տարի առաջ մենք, գործող համայնքի ղեկավարի հետ համախորհուրդ, մեր առջև նպատակներ էինք դրել, մշակվել էին ծրագրեր, որոնց իրագործման համար հրապարակայնություն ապահովող գործիքներ էին անհրաժեշտ, սակայն վերջինս շեղվեց այս ուղեգծից, և իրագործվելիք շատ ծրագրեր մնացին թղթի վրա:

Ոչ մի դեպքում անիրագործելի սուտ խոստումներ չեմ տալու` Ձեր վստահությանն արժանանալու համար: Կգա ժամանակը, և Դուք կհամոզվեք... 

Սակայն մեկ բան կարող եմ խոստանալ. ինձ համար փողը գերագույն նպատակ չէ, քանի որ այսպես եմ գործել, ապրել, աշխատել և դաստիարակվել, իսկ նման հնարավորություններ շատ եմ ունեցել: Ով քչից չի գոհանում, նա դատապարտված է: Սա է կյանքի խորհուրդը, արժանապատվության բանալին և մարդ մնալու կարևորագույն նախապայմանը…

Ես ցանկանում եմ Ձեր օժանդակությամբ իրականացնել մեր` բոլորիս միասնական գաղափարները, որպեսզի ունենանք ոչ թե մտացածին, այլ օրինակելի համայնք, որը պետականության հիմքն է ու բարեկեցիկ ապրելու գրավականը:

Ողջունում եմ իմ մրցակցին, ավագանու բոլոր առաջադրված թեկնածուներին և խնդրում առաջնորդվել ժողովրդավարության հիմնարար արժեքներով, պայմաններով և հատկապես` հանդուրժողականությամբ:

Քաղաքակիրթ ընտրապայքարը կստիպի ասել այն, ինչ քո գաղափարին է պատկանում և թույլ չի տա մոռացության տալ այն, ինչն արվել է բոլորիս հետևողականության ու գաղափարների շնորհիվ:

Մենք իրավունք չունենք չենթարկվելու հասարակական կարծիքի ուժին:  Հասարակական շահը միշտ էլ առաջնային է եղել իմ կյանքի, աշխատանքային, հասարակական, քաղաքական-գաղափարական կենսափորձի ընթացքում:

Ես սիրում եմ իմ հայրենիքը, Լիճք համայնքը, Ձեզ և համոզված կարող եմ ասել, որ գալիս եմ ապացուցելու ասածներս:

Խնդրում եմ աջակցել այս գաղափարների իրականացման ազնիվ գործին: 

Խորին հարգանքներով` Լիճք համայնքի ղեկավարի թեկնածու Համլետ Հակոբյան

1 комментарий:

  1. Քաղաքակրթությունը հասարակության հենասյունն է, այն պահպանողները միշտ էլ հասարակության կողմից հարգանքի են արժանի:
    Ի տարբերություն շատ-շատերի Համլետ Հակոբյանը ունի նման պահվածքի հնարավորություն, իսկ մյուսների հարցում ես այլ կարծիք ունեմ: Համլետ Հակոբյանը իր խնդրանքով Լիճքի հասարակությանը, մրցակցին, ավագանու առաջադրված թեկնածուններին ապացուցեց և Լիճք համայնքում ներդրեց քաղաքակիրթ պայքարի նոր ձևաչափ, որն էլ իմ կարծիքով արդեն իսկ հաղթանակ է:

    ОтветитьУдалить