08.10.2014

Բաց նամակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

Հարգելի Արմեն Ռուստամյան

2013թ. Օգոստոսի 6-ին «Տեխնոման» ՍՊ ընկերությունը կեղծ հանրային լսումներ կազմակերպելու հիման վրա ցանկացավ շահագործել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող հանքային ջրի աղբյուրը :


Հիմնավոր փաստերով ապացուցված է այն հանգամանքը,որ հունիսի 13-ին «կայացած հանրային լսումը» ըստ լսումների արձանագրության, որին մասնակցել էին Լիճք համայնքի նախկին ղեկավար Շամս Հայրապետյանը, գյուղապետ Գնել Գրիգորյանը, գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներ Լևոն Աղաբեկյանը, Մեսրոպ Գեղամյանը, Պարգև Հոխիկյանը և գյուղապետի օգնական Պավլիկ Երեմյանը, չեն կարող համարվել օրինական մի պարզ պատճառով. Շամս Հայրապետյանը և Լևոն Աղաբեկյանը այդ լսումներին ներկա չեն եղել , Լևոն Աղաբեկյանի ստորագրությունը չի համապատասխանում իր պաշտոնական ստորագրությանը, իսկ համայնքի ղեկավարն էլ 12.08,2013թ-ին Գավառի բնապահպանական տեղեկատվական հասարակական Օրհուս կենտրոնին թվ 121 գրությամբ փաստել է այդ լսումների անօրինական լինելը:

Տեղեկացնում ենք նաև,որ Լիճք համայնքի ղեկավարը դրսևորելով անգործություն, անհիմն կերպով, խախտելով ՀՀ Հողային օրենսգրքի 102 –րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները , Լիճք համայնքում գործող «Աշոտ» ՍՊԸ-ն է 2013 թվականի ապրիլի 26-ին կադաստրային արժեքով վաճառել 2005թ. վարձակալական հիմունքներով օգտագործման ենթակա հողակտորը: Վարձակալական պայմանագիրը կնքվել է նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանի և իր որդու `«Աշոտ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Հայրապետյանի միջև: Սակայն կազմակերպությունը 3 տարի անընդմեջ, մինչև 2013 թվականի հոկտեմբերի 20-ը չի կատարել իր հարկային պարտավորությունները`միտումնավոր խուսափելով օրենքով սահմանված պարտականություններից:

Փաստենք նաև, որ Խաչիկ Հայրապետյանը 2012 թվականից ապրում է Երևանում,այդ ընթացքում գտնվել է արտագնա աշխատանքի մեջ և չէր կարող ստորագրել գործարքներ:

Համայնքի ղեկավարը մի քանի անգամ շեշտել է, եթե հարցը չլուծվի իշխանությունների պահանջով, ապա համայքը կզրկվի բոլոր պետական ծրագրերից:

«Տեխնոման» ՍՊԸ-ի ներկայացուցիչները օգոստոսի 8-ին շահարկում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անունը, որ իր թույլտվությունն էլ կա, սակայն վերջինս այդ ժամանակ գտնվում էր արձակուրդում և նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ փաստեց դա, որին ներկա է գտնվել նաև Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը: Պարոն մարզպետը վստահեցրել էր նաև , որ միջոցներ է ձեռք առնելու այդ խնդրին լուծումներ տալու համար, որն էլ ի նպաստ կլինի համայնքին:

Սակայն այդ խոստումներն էլ խաբկանք էին` ժամանակ շահելու համար : Մի քանի անգամ լրատվամիջոցների, Բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից հանդիպումներ եղան թե համայնքում, թե գյուղապետարանում `«Տեխնոման» ՍՊ ընկերությունը միշտ էլ հրաժարվեց այդ հանդիպումներից: Մարզային և տեղական իշխանությունները դիմեցին իրենց հարազատ կուսակցության ձեռագրին`կիրառելով ճնշումներ, բանսարկություններ, օլիգարխիկ համակարգին հովանավորել, ծառայել նաև նախագահի անունն էին անտեղի շահարկում:

Մենք դեմ չենք երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը, սակայն դեմ ենք անօրինականությունների հիմքով ժողովրդի արյունը քամելուն, վախի մտնոլորտի և «բեսպրեդելի» շարունակմանը, քաղաքական երանգների արտահայտմանը:

Հանքային աղբյուրի հորանի մաքրման աշխատանքներ կատարելուց հետո , 2014 թվականի փետրվարից սկսած, աղբյուրը պարբերաբար ցամաքում էր, իսկ այսօր այն այլևս որպես աղբյուր գոյություն չունի. ջուր չի գալիս: Իսկ ածխաթթու գազի արդյունահանման գործարանն աշխատում է` համապատասխան հումքը ստանալով հարևանությամբ գործող «Գոս» ՓԲԸ –ից: Հետաքրքիր է ինչ փորձաքննություն էր , որ նման կերպ վարվեցին այդ բուժիչ հանքային բնական աղբյուրի հետ:

Մենք չենք վստահում մեր համայնքի ղեկավարին, պետական բոլոր պատկան մարմիններին քանի որ նրանք օլիգարխներին, իշխանություններին տուրք տալով, իրենց մանկլավիկների հետ ոտնահարեցին մեր պապերի ժառանգությունը, սերունդների պատիվը: Գործող համայնքի ղեկավարը համագործակցելով իր նախորդի հետ, քաոսի վերածեց համայնքը, իր անվճռականությամբ ու հեղեղուկ պահվածքով: Մենք ոչ մի կուսակցության համար քաղաքական դիվիդենտներ չենք ստեղծում, սակայն անարդար կլինի մեկ անգամ ևս չշեշտել, որ միայն ՀՅ դաշնակցության Լիճքի խմբի ընկերները մեր կողքին կանգնեցին ` իրենց հնարավորություններով պաշտպանեցին , պաշտպանում են մեր համայնքի շահերը իրենց հայտարարություններով, համայնքի ավագանուն և ղեկավարին քաղաքական պահանջներ ներկայացնելով `պայքարի առաջին շարքերում կանգնելով:

Խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությանը հրավիրել վերը նշված կոռուպցիոն դրսևորումները, բնական աղետին `արդարության հաստատման համար:

Մենք հավատում և վստահում ենք Ձեզ ու համոզված ենք, որ կկանգնեք մեր արդար պահանջի կողքին:

                                                                        * * *
Հ.Գ
Անուններ չենք հրապարակում որպեսզի չահաբեկեն մեր ընկերներին և նրանց ընտանիքներին, քանի որ Արցախյան ազատամարտի նվիրյալ Հրաչ Մուրադյանին սպանողների նմաններից և այս իշխանական համակարգից ամեն ինչ սպասելի է:

Մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը մերն է ու չենք հեռանա մեր հայրենիքից, ամենավտանգավոր պահին օլիգարխների ու նրանց կամակատարներից շատերը պարզապես կփախչեն մեր հայրենիքից և դա պատմության կողմից ապացուցված անհերքելի փաստ է նաև:


Հարգանքներով` Լիճքի համայնքային ջրի աղբյուրի համար պայքարի նախաձեռնող խումբ:

« «Սիրվան» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կրթախորհրդատվական կենտրոն» Հասարակական Կազմակերպություն:



Комментариев нет:

Отправить комментарий