30.09.2019

Ապրե՛ք անվտանգ



2018-թ.-ին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 5950, որի արդյունքում մահացել է 343 մարդ։ Մեր հանրապետությունը մահվան ելքով ավտովթարների թվով աշխարհում առաջնային հորիզոնականներ է զբաղեցնում: Մայրուղիներում և համայնքային ճանապարհներին գծանշումների և այլ ճանապարհային նշանների բացակայության, բնակիչների անզգուշության կամ երթևեկության կանոնների չիմացության պատճառով հետիոտները հաճախ դառնում են ավտոճանապարհային պատահարների մասնակից: Համայնքների բնակիչների կյանքը հատկապես վտանգվում է երեկոյան ժամերին ճանապարհները հատելիս:
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունը ծանոթ լինելով այս խնդրին ձեռնարկել է մի շարք գործողություններ համայնքի բնակիչների կյանքն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ:
2017 թվականին նախաձեռնելով «Խթանել քաղաքացիների անվտանգությունը գյուղական ճանապարհներին» ("Promoting Citizen Safety on Rural Roads") ծրագիրը, հիմք դրեց բնակիչների տեղեկացվածության բարձրացման  եռամյա արշավին: Հետիոտներին ներկայացնելով ճանապարհային անվտանգության կանոնները, առաջարկելով լուսանդրադարձիչ տարերով արտահագուստի Հայաստանում նոր տեսականի, կազմակերպությունը փորձեց լուծել երկու խնդիր՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների տեղեկացնել լուսանդրադարձիչներով հագուստի մասին  և աշխատանքով ապահովել կազմակերպությանը կից գործող սոցիալական ձեռնարկությունում աշխատող  սոցիալապես դժվարին իրավիճակում հայտնված 10 կնոջ:

Սոցիալական ձեռնարկությունը հիմնադրվել է 2014 թվականին և հիմնադրումից ի վեր իր առաջ դրել է նպատակ՝ արտադրել որակյալ, նորաձև արտադրանք միաժամանակ լուծել հասարակությունում առկա խնդիրները: Այժմ սոցիալական ձեռնարկությունում արտադրվում է լուսանդրադարձիչներ պարունակող հագուստ և աքսեսուարներ:

Աշխատելով միայն Գեղարքունիքի մարզում, գնահատելով խնդրի արդիականությունը նաև մյուս մարզերում, ՄԿՀԽ ՀԿ-ի աշխատանքային թիմը հասկացավ, որ ճանապարհային անվտանգության առաջարկվող տարբերակի մասին պետք է բարձրաձայնել նաև Հայաստանի մյուս մարզերում:
2018 թվականին կազմակերպությունը հաջողությամբ իրականացրեց «Բարելավենք հետիոտների անվտանգությունը Հայաստանում» (“Improving Pedestrians Safety in Armenia”) ծրագիրը: Վայոց Ձոր, Արմավիր, Լոռի և Գեղարքունիք մարզերի բնակիչները տեղեկացան լուսանդրադարձնող տարրեր պարունակող հագուստի կարևորության, ճանապարհային անվտանգության կանոններին հետևելու պահանջի և կազմակերպությանը կից սոցիալական ձեռնարկության մասին:
2019 թվականին կազմակերպությունը շարունակում է բնակիչներին հորդորել կրել լուսանդրադարձիչներով հագուստ երեկոյան ժամերին պաշտպանված լինելու համար: Այս տարի իրազեկման արշավը տեղի է ունենում Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերում:

Հայաստանում այս խոշոր արշավն իրականացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանության աջակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий