06.03.2021

Մենք հասցրել ենք սիրել Շատվանը

Լուսինեն ու Գյուլնարան քույրեր են, Լուսինեն սովորում է 10-րդ դասարանում, Գյուլնարան՝ 9-րդ։ Բացի իրենցից ընտանիքում կա ևս 5 երեխա՝ Անին, Միլենան, Թեհմինեն, Խաչատուրը և Տիգրանը։ Մինչ պատերազմը նրանց ընտանիքն ապրել է Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղական համայնքում։ Պատերազմի սկսվելու հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ընտանիքը տեղափոխվել և այժմ ապրում է Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում։ 

«Նոր Խարխափուտ գյուղը, որտեղ մենք ապրում էինք փոքր էր, գյուղում 20 ընտանիք էր ապրում, բոլորս ճանաչում էինք իրար։ Մեր դպրոցում սովորում էր 19 աշակերտ։ Գյուղում իմ ընկերները նաև դասընկերներս էին։ Հիմա արդեն իրարից հեռու ենք ապրում, բայց հաճախ ենք խոսում ու միմյանց պատմում մեր մասին»- պատմում է Լուսինեն։


«Սկզբում, իհարկե, դժվարություններ ունեցել ենք, հիմա ուրիշ է։ Ընդհանուր առմամբ մեզ հեշտ է եղել հարմարվել նոր միջավայրին։ Մենք հասցրել ենք սիրել Շատվանը, այստեղ դպրոց ենք հաճախում, արդեն նոր ընկերներ ունենք, մարդիկ բարեհամբյուր են, մեզ աջակցում են ցանկացած հարցում, մենք էլ փորձում ենք դասերից դուրս հետաքրքիր զբաղմունք գտնել մեզ համար, ճիշտ է հնարավորությունները շատ չեն այստեղ, բայց մենք այդ բացը փորձում ենք լրացնել համացանցի միջոցով»,- ասում է Գյուլնարան։


Լուսինեի ու Գյուլնարայի սիրելի զբաղմունքն ընթերցանությունն է, մասնագիտություն ընտրելու հարցում դեռ հստակ չեն կողմնորոշվել, «Ամենայն հավանականությամբ ես վարսավիրությունը կընտրեմ»․- ասում է Լուսինեն։

Քույրերի հետ Մարտունի ինֆոտան կամավորները նախ ծանոթացել են հեռախոսազրույցի միջոցով, հետո արդեն Լուսինեն ու Գյուլնարան ցանկություն են հայտնել մասնակցել ինֆոտանը կազմակերպվող դասընթացներին։ Հիմա արդեն կազմակերպվելիք ցանկացած դասընթացի կամ միջոցառման մասին քույրերն անպայման տեղեկացվում են, դե իսկ դեմ առ դեմ հանդիպումները՝ շուտով։




Հեղինակ՝ Նազանի Ասատրյան











Комментариев нет:

Отправить комментарий