12.03.2021

Քարվաճառից Սևան․ նոր միջավայր, նոր ընկերներ




15-ամյա Գոռ Մամունցը Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքից է։ Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես տեղափոխվել և այժմ ապրում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ մորաքրոջ ընտանիքում։ Սևան եկել է մայրիկի և իրենից երկու տարով մեծ եղբոր հետ։ Գոռի հայրն ու ավագ եղբայրը զինծառայողներ են և շարունակում են մնալ Արցախում։ Գոռը 10-րդ դասարանում է սովորում, Արցախում հաճախել է Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց։

«Արցախում ապրում էինք Քարվաճառ քաղաքում։ Ճիշտ է մեր քաղաքը մեծ չէր տարածքով, մոտ 1000 մարդ էր ապրում, ասֆալտապատ չէր, զբոսայգիներ չունեինք, չկային ժամանցի վայրեր, բայց մեր քաղաքի բնությունն աննկարագրելի էր։ Հայաստանի ամեն անկյունից գալիս էին մեզ մոտ հանգստանալու ու բնությունը վայելելու։ Շատերին հայտնի «Տաք ջուր» կոչվող վայրը միշտ լիքն էր մարդկանցով։ Դպրոցը, որտեղ ես հաճախում էի նորակառույց էր, ես այդ դպրոցի առաջին աշակերտներից մեկն եմ եղել։ Մեր դպրոցը եռհարկանի էր, ունեինք շատ գեղեցիկ բակ, կից նաև ֆուտբոլի դաշտ, սպորտդահլիճ, որտեղ հաճախում ու մարզվում էինք նաև դասերից հետո։ Շատ ընկերներ ունեի, բայց ամենամտերիմները համադասարանցիներս էին։ Հիմա թեև իրարից հեռու ենք ապրում, բայց ամեն օր խոսում ենք»,-պատմում է Գոռը։






Սևան քաղաք տեղափոխվելուց հետո Գոռը հաճախում է Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոց։







«Նոր միջավայրին հեշտ հարմարվեցի, որովհետև ես մարդկանց հետ շուտ եմ ընկերանում։ Դժվարություններ կային իհարկե, բայց հաղթահարեցի, միակ բանը, որը հաղթահարել չի ստացվում կարոտն է, կարոտում եմ մեր քաղաքը, մեր բակը, մեր տան ամեն մի անկյունը․․․»․ ասում է Գոռը։



Իր առօրյան Գոռը փորձում է լցնել նոր հետաքրքրություններ գտնելով։ Շատ է սիրում ֆիլմեր ու սպորտային հաղորդումներ դիտել։ Մասնագիտության ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել․-«Դեռ մի փոքր ժամանակ ունեմ»․ ասում է նա։


Գոռն արդեն հասցրել է ծանոթանալ Մարտունի Ինֆոտան կամավորների հետ և շուտով ակտիվ ներգրավվածություն կունենա նաև իրականացվող ծրագրերում։



Комментариев нет:

Отправить комментарий