Էլմիրան, Թամարան, Վարդը, Արևհատը և Կարինեն Արցախի տարբեր շրջաններից են։ Արցախյան պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նրանք տեղափոխվել և այժմ բնակվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ Արցախում իրար չեն ճանաչել, ապրել են իրարից հեռու գյուղերում և տարբեր զբաղմունքներ են ունեցել։ Հիմա բոլորը միասին ապրում են Վարդենիսում և աշխատում այստեղ գործող «Աստղավարդ» հասարակական կազմակերպության կարի արտադրամասում։
«Ես մասնագիությամբ բուժքույր եմ, քանի որ մեր գյուղում՝ Խարխափուտում, համապատասխան հաստիք չկար, ես աշխատանքի էի անցել զորամասի ճաշարանում։ Դե պատերազմի սկսվելու հենց առաջին օրն ամեն ինչ թողեցինք ու այստեղ եկանք, հիմա ապրում ենք հյուրընկալ ընտանիքում։ Մեծ ընտանիք ունեմ, երեխաներիցս երկուսը ուսանողներ են ու Երևանում են ապրում։ Դժվարություններ շատ ենք ունեցել ու հիմա էլ ունենք, բայց հաղթահարում ենք ու կրկին կյանք վերադառնում։ Ինձ համար այս աշխատանքը շատ կարևոր էր, այն իմ ու իմ ընտանիքի կյանքում շատ բան փոխեց, ինձ տվեց նոր միջավայր, կրկին ապրելու ու աշխատելու ձգտում»,-ասում է տիկին Էլմիրան։
«Աստղավարդ» ՀԿ-ի կողմից արցախցի կանայք նախ հրավիրվել են կարի արտադրամաս, ծանոթացել են աշխատանքին, ապա կարճատև վերապատրաստում անցել ու հետո արդեն հիմնական աշխատանքի ընդունվել։
«Արցախից մեզ մոտ եկած բոլոր ընտանիքներին արդեն ճանաչում ենք, մեր կազմակերպության սոցիալական աշխատողն ու հոգեբանը հաճախ են այցելում ընտանիքներին, զրուցում նրանց հետ։ Հենց այդպիսի այցերի ընթացքում էլ մենք նրանց այստեղ ենք հրավիրել ու աշխատանքի ընդունել։ Արտադրամասի մյուս աշխատակիցների հետ մտերմությունը շատ արագ եղավ ու հիմա դարձել ենք մի մեծ ընտանիք»,- ասում է «Աստղավարդ» ՀԿ-ի նախագահ Մելանյա Եփրեմյանը։
«Ինձ այստեղ տիկին Մելանյան է հրավիրել։ Մինչ այդ կարով տանն եմ զբաղվել, մի քանի օր վերապատրաստվելուց հետո ձեռք եմ բերել նոր հմտություններ, հետո արդեն աշխատանքի անցել»,- ասում է տիկին Արևհատը։
Արցախցի կանանց խոսքով Վարդենիսում իրենց շատ լավ են ընդունում, բոլորը տարբեր կերպ փորձում են օգնել այստեղ եկած ընտանիքներին, արդեն հարմարվել են նոր միջավայրին, իսկ նոր աշխատանքի միջոցով շատ հարցեր կարողանում են լուծել։
Комментариев нет:
Отправить комментарий