20.01.2012

Պատմամշակութային հուշարձանների վիճակը հեռավոր գյուղերում



Մի շարք լրատվամիջոցներ,այդ թվում` հեռուստաալիքներ, հաճախակի արծարծում են հայկական պատմամշակույթային հուշարձանների վիճակը Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում:
Անկասկած, նախիջևանյան խաչքարերի ջարդը Ադրբեջանի ներկայիս տարածքում, մեղմ ասած, վանդալիստական դրսևորում էր, որը ենթադրում էր մի ողջ ժողովրդի պատմական «հետքերի» իսպառ ոչնչացում: Եթե անդրադառնում ենք թշնամական դիրքորոշում կրող պետության տարածքում, պետական կոնկրետ ծրագրիշրջանակներում իրականացվող պատմամշակութային հուշարձանների ոչնչացման փաստին, պատկերը միանգամայն պարզ է: Բայց պատկերը լիովին այլ է, երբ սեփական պատմական հայրենիքի մշակութային արժեքների համար ջերմեռանդ ճառերով հանդես եկող մարդկանցից շատերը չեն մտածում այն հուշարձանների մասին, որոնք, հենց Հայաստանի տարածքում գտնվելով, սպառնում են վերածվել ավերակների:

Այս հարցի մասին վերացական մտավախություններս առավել առարկայացան , երբ տարեվերջին հետաքրքիր լուսանկարներ անելու մտադրությամբ սկսեցի շրջել Ներքին Գետաշեն գյուղի փողոցներով: Միաժամանակ մի քանի հետաքրքիր պատմական փաստերի մասին տեղեկացա :

Ներքին Գետաշեն գյուղը հանդիսանում է հանրապետության խոշոր գյուղերից մեկը : Հիմնադրվել է Սյունյաց Սուփան իշխանի ամառանոցանիստ Կոթ գյուղաքաղաքի տեղում 1828 թ.-ին` Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Թոփրախկալա գյուղաքաղաքից գաղթած հայ ընտանիքների կողմից: Մատուռներով և 9-րդ դարի իշխանական կիսավեր վանքով գյուղը առաջին հայացքից պատմամշակութային հրաշալի մի տեղանք է թվում :


Սակայն պատկերը միանգամայն փոխվում է, երբ հարցը վերաբերում է գյուղի կենտրոնում գտնվող կիսավեր մատուռին` Ժամատանը : Ի տարբերություն վանքի , որը, չնայած կիսավերությանը, շարունակում է գյուղի բնակիչների համար ծառայել որպես սրբատեղի, Ժամատունը ոչ միայն որպես պատմամշակութային հուշարձան ուշադրության չի արժանանում , այլև վերջինիս գոյության մասին արդեն լիովին ավերված տանիքի մի քանի կիսականգ գերաններն են միայն վկայում:


Անգամ մոռանալով այն փաստը , որ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը ներկայումս համարվում է առաջնային խնդիրներից մեկը` անհասկանալի է մնում , թե ինչու մեզանում ապրող, Նախիջևանի խաչքարերի ջարդը տեսնող և որպես անձնական վիրավորանք ընդունող երիտասարդները , որոնք հայրենասիրության մասին են պատեհ-անպատեհ բարձրաձայնում, ամենօրյա իրականությունում ինչո՞ւ նվազագույն ջանք իսկ չեն գործադրում սեփական երկրի տարածքում գտնվող գոնե փոքր կոթողները պահպանել և վերականգնել:
Խոշոր եկեղեցիների և հուշարձանների կողքին կան նաև այնպիսիները , որոնք հեռու գյուղերում են կամ փոքր են իրենց չափսերով : Սակայն նրանք ևս մեր հոգածության , պահպանության, խնամքի ու սիրո կարիքն ունեն ` մեզանից յուրաքանչյուրի սիրո կարիքը:





                                                                                                                            

Комментариев нет:

Отправить комментарий