Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Գեղարքունիքում, մասնավորապես` Մարտունու տարածաշրջանում, մարդկանց մեծ մասը սոցիալական ծանր վիճակում է: Ունենալով բազմանդամ ընտանիքներ` մարդիկ չեն կարողանում պատշաճ ապրելակերպ վարել: Ամենաշատն, ըստ իս, տուժում են երեխաներն ու երիտասարդները:
«Սոցիալական վիճակը շատ ծանր է, իսկ աշխատանք գտնելը` դժվար»,- ինձ հետ զրուցելիս ասում էին մարդիկ: «Հապա նայեք մեր երիտասարդներին` մոտ 90%-ը աշխատանք չունի»,-վրդովված նշում էր տարեց համաքաղաքացիս:
Իսկ բնակիչների այն մասը, որն ունի աշխատանք, աշխատավարձը չի բավականացնում բոլոր կարիքները հոգալու համար: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի դժվարություններով են երեխաներին ուսման տալիս` անհրաժեշտ գումարը կտրելով իրենց ու իրենց ընտանիքների բերաններից:
Աշխատանքի ընդունման մերժման շատ տարածված պատճառաբանություններից մեկն էլ հանդիսանում է աշխատանքային փորձի բացակայությունը: Բայց դատեք ինքներդ` ի՞նչ աշխատանքային փորձի մասին է խոսքը, երբ ուսանողը դեռ նոր է ավարտել իր ուսումնական հաստատությունը: Էլ չեմ խոսում այն զավեշտալի դեպքերի մասին, երբ պահանջում են, ասենք, մինչև 25 տարեկան աշխատողներ` աշխատանքային փորձի պարտադիր առկայությամբ...

Այժմ մեր պետության կարևորագույն խնդիրը հանդիսանում է հենց այն, որ մարդիկ չփնտրեն իրենց երջանիկ ու անհոգ կյանքը արտերկրում: Ներկայումս բազմաթիվ հայորդիներ ընտրում են արտագաղթի ճանապարհը` ապահովված չլինելու պատճառով:
Մի քանի օրից ինքս էլ եմ բռնելու արտագնա աշխատանքի ճանապարհը, որն այնքան էլ սրտովս չէ, բայց ինչ արած...
Հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ կփոխվի դեպի լավը և մենք ստիպված չենք լինի լքել մեր հայրենի տունը:
Комментариев нет:
Отправить комментарий