29.02.2012

Արտագաղթի խնդիրները` հանրային քննարկման առարկա

 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում փետրվարի 28-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կազմակերպվել էր կլոր սեղան` «Արտագաղթի խնդիրները նոր մեդիայում և քաղաքական ուժերի օրակարգում» թեմայով:

Կայացած քննարկմանը մասնակցում էին մի խումբ փորձագետներ, քաղաքական ուժերի, կրթամշակութային հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հասարակության այլ ակտիվ անդամներ:





Քաղաքական կուսակցություններից ներկա էին հիմնականում ընդդիմադիր` ՀԺԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԿԿ (վերջինի ներկայացուցիչը նաև Մարտունու փոխքաղաքապետն է) տարածքային կառույցների ղեկավարները, իշխանական կոալիցիայից էլ` միայն ՕԵԿ-ը (ի դեմս երիտասարդ անդամի):

Հանդիպման ընթացքում «Երևանի մամուլի ակումբի» փորձագետ Գեղամ Բաղդասարյանը, «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Արմեն Գրիգորյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, փորձագետ Գոհար Հայրապետյանը, ներկայացնելով խնդրի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արտագաղթի աճող տեմպերը բնորոշեցին որպես մեր պետության անվտանգությանը սպառնացող մարտահրավեր, որով պետք է մտահոգվեն ոչ միայն իշխանությունները, քաղաքական ուժերը, այլև ողջ հասարակությունը:

Նշվեց, որ հանրությունը պետք է առավել ակտիվորեն մասնակցի ինչպես նմանատիպ կարևոր խնդիրների վերհանման, այնպես էլ դրանց լուծման ուղիներ առաջարկելու տեսանկյունից` օգտագործելով նաև նոր մեդիայի հնարավորությունները: «Մարտունու տարածաշրջանի բնակիչների համար, ըստ Գ. Բաղդասարյանի, նման հարթակ կարող է ծառայել «Մարտունի ԻնֆոՏունը»: «Մեր նպատակն է, որ քաղաքացին իմանա, որ ինքը պահանջատեր է, ինքը պետք է պահանջներ ներկայացնի քաղաքական ուժերին, ոչ թե սպասի նրանց որոշմանը կամ ԶԼՄ-ների միջնորդությամբ այդ պահանջների ձևավորմանը»,-նշեց ԵՄԱ փորձագետը:


Քննարկման ընթացքում նշվեցին արտագաղթը ծնող բազմաթիվ պատճառներ` պայմանավորված սոցիալ-տնտեսական օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով. աշխատատեղերի պակաս, աշխատանք լինելու պարագայում էլ` ցածր աշխատավարձի և բարձր գների անհամադրելիություն, գյուղատնտեսական տարածքում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու անեկամտաբեր լինելը, երիտասարդության կրթություն ստանալու իրավունքի իրացման դժվարությունը` դարձյալ սոցիալական իրավիճակով պայմանավորված, իսկ գլխավոր պատճառն, ըստ մեծաթիվ բանախոսների, սոցիալական անարդարությունն է` աշխատանքային, տնտեսական ռեսուրսների անարդար բաշխումն ու սոցիալական բևեռացումը:

«Ցավալին այն է, որ մարդիկ գնում են ոչ թե նոր ծանոթներ, կրթության, մասնագիտական ժամանակավոր նոր հեռանկար գտնելու ակնկալիքով, այլ` սոցիալական կարիքներից ելնելով, ստիպված»,- նշեցին փորձագետները:

«Պատկերացում կազմելու համար ասեմ, որ Մարտունիում աճել է դագաղների խանութների ու դեղատների պահանջարկը, քանի որ հիմնականում տարեցներն ու անաշխատունակներն են մնացել»,-ասաց Հայաստանի Կոմկուսի Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար, Մարտունու փոխքաղաքապետ Ռադիկ Հարությունյանը: Ըստ վերջինիս, արտագաղթը չի վերանա, քանի դեռ այս հասարակարգը չի փոխվել, սոցիալիստական հասարակարգ չի ձևավորվել, ինչպես` Չինաստանի պարագայում: Իսկ այսպիսի գաղափարական հենք կոմունիստ փոխքաղաքապետը տեսնում է ՀՅԴ-ի և մեկ-երկու այլ կուսակցությունների ծրագրերում: 

ՀՅԴ Մարտունու կոմիտեի ներկայացուցիչ Համլետ Հակոբյանն էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց երիտասարդների նաև ընտանիքներով արտագաղթի հետևանքով բնակչության ծերացման խնդրին: ՀԺԿ տարածքային կառույցի ղեկավար Վարուժան Սարգսյանն էլ քննադատեց կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը` դրա բացթողումները դիտելով որպես արտագաղթը «խրախուսող հանգամանք»: Ներկաները քննադատեցին ՀՀ վարչապետին` հիշելով նրա խոսքը, թե` երկրից հիմնականում հեռանում են իրենց (կառավարությանը) չվստահողները:


Ժառանգության տարածքային պատասխանատու Հակոբ Սմբատյանն էլ անդրադարձավ գյուղատնտեսական բերքի իրացման դժվարությանը,ինչի հետևանքով տարեցտարի նվազում է մշակվող ցանքատարածքների մակերեսը: Կոնկրետ օրինակներով թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին նաև հանրային սեկտորի ներկայացուցիչները: Լիճքի միջն. դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանն, օրինակ, փաստեց դպրոցներում տղամարդ ուսուցիչների թվի տարեցտարի նվազմանը, ինչն, ըստ նրա, բացասաբար է անդրադառնում տղա աշակերտների դաստիարակության վրա:



Որպես պետականորեն չկարգավորվող միգրացիայից տուժածներ, սեփական օրինակը ներկայացրեցին տարածաշրջանի մի խումբ բնակիչներ, որոնք, աշխատելով արտերկրում, չէին վճարվել` ենթարկվելով աշխատանքային թրաֆիքինգի: Ասել է, թե` դրսում էլ ամեն ինչ հեշտ չէ, բայց ստիպված մարդիկ փորձում են իրենց հացը դրսում վաստակել: Սա է փաստում նաև արտագաղթը ծնող պատճառների մասին մեր համաքաղաքացիների շրջանում «Զանգակ» ՀԸ-ի անցկացրած հարցախույզը (ներկայացված է տեսանյութում):




Անդրադարձ եղավ նաև քաղաքական ուժերի ծրագրերում արտագաղթի խնդիրն ու դրա լուծման շուրջ մոտեցումների ներառմանը: ՀՅԴ-ի, ՀԺԿ-ի և Ժառանգության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ արտագաղթը` որպես ազգային անվտանգության խնդիր, հնարավոր լուծման տարբերակներով ներառված է իրենց կուսակցությունների ծրագրերում, խորհրդարանական ընդդիմության պարագայում` նաև խմբակցությունների օրենսդիր դաշտում պայքարի առարկա է դարձել:


Մի շարք հարցերի վերաբերյալ արտահայտված մոտեցումների շուրջ նաև առողջ բանավեճ ծավալվեց:

 Բանավեճը շարունակվեց տեղական «Գեղամա մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում, որին հեռուստադիտողները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու` հեռախոսազանգերի միջոցով:

Արտագաղթի խնդրի մասին (Մարտունու տարածաշրջանի օրինակով) կարող եք կարդալ նաև այս հրապարակումը :

Комментариев нет:

Отправить комментарий