20.04.2012

Ժամանակակից տեխնոլոգիաները` ընտրական գործընթացի վերահսկման գործիք

Ապրիլի 19-ին «Մարտունի ԻնֆոՏանը» կազմակերպվել էր «Ընտրական գործընթացների հասարակական վերահսկողություն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով սեմինար-շնորհանդես:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերված սեմինարին մասնակցում էին մեծաթիվ երիտասարդներ, այդ թվում` առաջին անգամ ընտրողներ, դիտորդական առաքելություն իրականացնողներ, տեղամասային հանձնաժողովների անդամներ և քաղաքական կուսակցությունների` ԲՀԿ և ՀՅԴ տարածքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ ու քաղաքացիական լրագրողներ:Սեմինարավարներ Նարեկ Բեգլարյանն ու Տաթև Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեցին iDitord ծրագիրն ու համանուն կայքը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և ամփոփելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները:
Ն. Բեգլարյանն ու Տ. Վարդանյանը ներկաներին կոչ արեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրական ողջ գործընթացի, այդ թվում` նախընտրական ու հետընտրական ընթացքի, հանրային վերահսկմանը` օգտվելով նաև ընտրախախտումների վերաբերյալ արագ ահազանգման www.iditord.org կայքի ընձեռած հնարավորություններից: Նրանք հանգամանալից ներկայացրեցին կայքում ահազանգերի գրանցման ոչ բարդ գործիքները, պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին:





Ընտրախախտումների մասին ահազանգերը կայքում գրանցելու համար կարող են օգտագործվել թեժ գիծը, կարճ հաղորդագրությունը, թվիթերը և առցանց հաղորդումների ձևը: Ահազանգերն ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա, որը հնարավորություն է ընձեռում պատկերել ընտրախախտումների բաշխումն` ըստ տեսակների, ահազանգերի ստացման աղբյուրների, հավաստիության և այլն:





Ընտրախախտումների քարտեզը մշակվել է` հիմք ընդունելով «ուշահիդի» առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007թ. Քենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: Հայաստանում այն առաջին անգամ օգտագործվել է www.kanach.am բնապահպանական կայքում:





Ն. Բեգլարյանը նկատեց, որ այն կարելի է կիրառել ոչ միայն ընտրությունների վերահսկման, այլ նաև համայնքային խնդիրների ներկայացման առումով: Ահազանգերի գրանցման հնարավորությունից զատ կայքում տեղ են գտել նաև ընտրական գործընթացի ու դրանում տեղ գտնող հնարավոր խախտումների մասին օգտակար ուղեցույցներ:




Ի դեպ, ծրագրի ներկայացուցիչները Մարտունի ժամանելիս արդեն իսկ նկատել էին ընտրախախտումներ` նախընտրական քարոզչական պաստառներ արգելված վայրերում` առևտրի և սպասարկման կետերի վրա, ինչն էլ նույն օրը մարտունեցի ակտիվ քաղաքացիների հրապարակած ևս մեկ ահազանգի (պատռված նախընտրական պաստառներ) հետ տեղ գտավ ահազանգերի քարտեզի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий