22.04.2012

«Ժառանգությունը» եկել էր Մարտունի


«Գալիս ենք»,-ասացին ժառանգականներն ու այսօր` ապրիլի 22-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում եկան Գեղարքունիքի մարզ: Իր ասելիքն ընտրողներին փոխանցելու համար այս քաղաքական ուժն ընտրել է բակային հանդիպումների միջոցով շրջիկ քարոզչության իրականացման ձևաչափը:

Գավառում ու Լիճքում «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միասնական ծրագիրը ներկայացրած քարոզչական խումբը կեսօրին ժամանեց Մարտունի: Ճանապարհին էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները կանգ էին առել Մարտունի-Երևան մայրուղուն հարակից Ներքին Գետաշենի կիրակնօրյա տոնավաճառ-շուկայում:


«Մենք մեծ հանրահավաքների չենք հավատում: Մենք հավատում ենք գնալ շուկաներ, հրապարակից` հրապարակ, որովհետև մեզ համար յուրաքանչյուր հայ մարդ, ընտանիք, բակ, միջավայր մեր երկրի աղն է և ողնաշարն է: Եվ մենք մեր առաջարկը, մեր խնդրանքը ազատ ընտրելու բերում ենք այնտեղ, որտեղ թեկուզև մի հատ հայ կա` հայ քաղաքացի և ընտանիք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:


Շրջելով Մարտունու փողոցներով` «Ժառանգության» նախագահը մոտենում, ձեռքսեղմումով բարևում էր մարդկանց: Խանութներում էլ Ր. Հովհաննիսյանը հետաքրքրվում էր առևտրի վիճակով. գնումներն ավելի շատ պարտքո՞վ են մարդիկ կատարում, թե՞ կանխիկ, հարկերը կարողանու՞մ են վճարել...

Խանութներից մեկի մոտ հավաքված մարտունեցիներից մեկը, դիմելով կողքին կանգնածին, ասաց. «Ճանչցա՞ր քեզի բարևողին... Մարդն էկավ բարևեց, պտի կանչեիր, մի բաժակ արաղ հյուրասիրեիր, բա էղա՞վ»:

 
Պարզ, մարդկային շփումներ փողոցում, քաղաքի հրապարակում, շուկայում ու խանութում` համեմված նախընտրական քարոզչության շեշտադրմամբ. այսպիսին էր «Ժառանգության» քարոզչական մարտավարությունը: Զրուցակիցներին էլ բանավոր խոսքից զատ նաև գրավոր էր կուսակցության ծրագիրը ներկայացվում:



Իր ծրագրում պետական բյուջեի կրկնապատկում, մենաշնորհներից ձերբազատված տնտեսություն, արտագաղթի կանխում, արժանապատիվ աշխատավարձ, քաղաքացու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն ակնկալող «Ժառանգությունն», ինչպեսև գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մեր երկրում քաղաքացու կամքին բռնանալու փորձերից զերծ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումը օրվա հրամայական է համարում: Իսկ այստեղ, ըստ Ր. Հովհաննիսյանի, կարևոր անելիք ունեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացի, իսկ կուսակցություններն էլ պետք է առաջնորդվեն «հանուն պետականության» սկզբունքով (հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում):


Մարտունիում կայացած հանդիպումների ընթացքում «Ժառանգության» առաջնորդին նաև հարցեր ուղղեցին ընտրողները: Քաղաքի 60-ն անց բնակիչ Դերենիկը (ազգանունը չցանկացավ նշել), օրինակ, հարցնում էր, թե ինչու՞ համամասնական ընտրակարգով առաջադրված 9 քաղաքական ուժերը չեն միավորվում, «իրար հետ լեզու գտնում» երկրի իրավիճակը փոխելու համար (հարցուպատասխանը` տեսանյութում):

Մարտունուց «Ժառանգության» քարոզչական ավտոբուսը «Քո քվեն փոխելու է մեր երկիրը» կոչ-կարգախոսով ուղևորվեց դեպի Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս և Սևան համայնքներ:

Комментариев нет:

Отправить комментарий