97 տարի առաջ` 1915 թվականի ապրիլի 24-ին, Պոլսում հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններով ու սպանդով, երիտթուրքական ոճրագործները փորձեցին գլխատել հայ ժողովրդին` այդպիսով շարունակելով 1890-ականների աբդուլհամիդյան արյունոտ ծրագիրը և սկսելով հայ ազգի բնաջնջմանն ուղղված աննկարագրելի նախճիրը:
Եղեռնի գեհենին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ: Իսկ ընդհանուր առմամբ 1893-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի թիվն անցնում է երկու միլիոնը: Էլ չեմ խոսում տեղահանության տառապանքների, կոտորածից մազապուրծ ընտանիքների դեգերումների ու որպես դրա հետևանք` հայության աշխարհասփյուռ գոյության մասին:

Իր ոճրագործ նախնիների ծրագիրն այսօրվա Թուրքիան էլ է շարունակում` ամեն կերպ կոծկելով պատմական իրողությունը և ուրանալով հայ ժողովրդի զավակների արյամբ ներկված սեփական պատմությունը:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը մնաց անպատիժ: Սա պիտի թույլ տար հրեական Հոլոքոսթն իրականացրած Հիտլերին լկտիաբար ասելու. «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասին», իսկ դարավերջին էլ ադրբեջանցի ոճրագործներին` հանգիստ կազմակերպելու Բաքվի և Սումգայիթի ջարդերը:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին աշխարհասփյուռ հայությունը և պատմական արդարությանը կողմնակից, 20-րդ դարի այդ աննկարագրելի ոճիրը դատապարտող քաղաքակիրթ աշխարհի այլազգի ներկայացուցիչները, նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելով, նաև բողոքի ձայն են բարձրացնում` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջով:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված տարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվել նաև Մարտունու տարածաշրջանի գյուղական համայնքներում: Լիճքի միջնակարգ դպրոցում, օրինակ, դեռևս օրեր առաջ միջոցառումների մի ամբողջ շարք էր մեկնարկել:

Իսկ Վերին Գետաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում էլ ապրիլի 24-ին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Եղեռնի զոհերի: Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի զինվոր Վահան Հազարապետի գերեզմանին:
Комментариев нет:
Отправить комментарий