Ապրիլի 11-ին «Մարտունի Ինֆոտանը» կայացավ «Ինտերնետն իմ կյանքում այսօր և վաղը» թեմայով շարադրության մրցույթի մրցանակաբաշխությունը:
Հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված մրցույթը հայտարարվել էր փետրվար ամսին:
Մինչև սահմանված վերջնաժամկետը` մարտի 10-ը, Մարտունու տարածաշրջանի մի շարք դպրոցներից, ինչպես նաև այլ տարածաշրջանի որոշ դպրոցներից (վերջինների դեպքում` էլեկտրոնային եղամակով) ընդհանուր առմամբ 7-12-րդ դասարանների աշակերտների 55 աշխատանք էր ներկայացվել:
Բոլոր շարադրություններն անցել են մրցութային հանձնաժողովի դիտարկումները, առանձնացվել են մրցանակների հավակնող ուշագրավ ստեղծագործությունները, կատարվել է վերջնական ամփոփում: Ըստ այդմ, 3-րդ տեղի մրցանակակիրներն են Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Տարոն Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Ազատ Երանոսյանը, Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ասմինա Շահինյանը:2-րդ մրցանակին է արժանացել Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Արթուր Մալխասյանը:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Արմանուշ Մելքոնյանը:
Ինչպես կայացած մրցանակաբաշխության ժամանակ նշեց «Մարտունի Ինֆոտուն» ծրագրի ղեկավար, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, դպրոցականների շարադրություններում բավականին հետաքրքիր մտքեր կան.
մրցանակակիրներից Տարոն Սարգսյանն, օրինակ, իր ճագարներին է կարողացել բուժել` անհրաժեշտ գիտելիքները ստանալով համացանցից:

Ազատ Երանոսյանին էլ տարբեր լեզուներից թարգմանություն կատարելիս է օգնել ինտերնետը, որն Ասմինա Շահինյանը «երկսայր դանակ» էր բնորոշել`

նկատի ունենալով համաշխարհային տեղեկատվական սարդոստայնի դրական ու բացասական կողմերը:

Իսկ ահա Արթուր Մալխասյանի համար ինտերնետը ներկայում ուսումնառության միջոց է, որը ապագայում պատանին ցանկանում է օգտագործել իր աշխատանքում` մասնագիտական կապերի ձեռքբերման, քննարկումների ու բանավեճերի կազմակերպման ու մասնակցության համար:

Արմանուշ Մելքոնյանի շարադրությունն էլ կարճ պատմվածքի է նման. Երազող կերպարը դասընկերուհու համակարգչով ինտերնետից օգտվելիս այլ` հեքիաթային աշխարհում է հայտնվում:
Վիրտուալ հնարավորությունների շնորհիվ Երազողը ճամփորդում է աշխարհում, գիտելիքներ ու տեղեկություններ ստանում, մինչև որ... դասընկերուհու ձայնը նրան հետ է բերում իրական կյանք, հեղինակի խոսքով` դաժան իրականություն:

Ներկայացնելով մրցանակակիրներին` Անահիտ Գևորգյանը նաև համապատասխան պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց նրանց. արդի տեխնոլոգիական նորությունների կիրառելի նմուշներ, իսկ 1-ին մրցանակակրի դեպքում` բջջային հեռախոս:

Մրցույթի հաղթողին «Մուշ» առևտրի համալիրի կողմից նաև դրամական պարգև հանձնվեց:
«Մուշ» համալիրի տնօրեն Արամ Մանուկյանը, ողջունելով ձեռնարկի կազմակերպումը, նաև դրվատանքի խոսքեր ուղղեց մրցանակակիր, ինչպես նաև մասնակից աշակերտներին և կարևորեց արդի տեխնոլոգիաների կիրառումը, համացանցի ընձեռած հնարավորությունները ի շահ կրթության, երեխաների զարգացման օգտագործելու կարևորությունը:«Մարտունի Ինֆոտան» նախաձեռնությունը ողջունեցին նաև մրցանակաբաշխությանը ներկա գտնվող ծնողներն ու ուսուցիչները:

Առաջիկայում նախատեսվում է նաև «Իմ համայնքը» խորագրով քաղաքացիական լրագրության մրցույթ կազմակերպել:




Комментариев нет:
Отправить комментарий