22.06.2013

Վերադարձ ակունքներին. Փառքի սրահի բացման արարողություն Լիճքի դպրոցում


photo by Araqs HokhikyanԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցը 2012-2013 ուստարում շարունակեց իր համագործակցությունը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ: 12-րդ դասարանցիներից առաջադրվեցին աշակերտական ընկերության նախագահի թեկնածուներ և ՀՀ օրենսդրությանը համապատասխան տեղի ունեցավ աշակերտական ընկերության նախագահի ընտրություն:

Աշակերտական ընկերությունը մասնակցություն ունեցավ մի շարք հասարակական, բնապահպանական, մարզամշակութային միջոցառումների և մասնակցեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ-ի /USAD/ կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Շուրջ 100 հայտերից ընտրվեցին 10-ը, որից հաղթող ճանաչվեց Լիճքի միջնակարգ դպրոցի «Վերադարձ ակունքներին» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել փառքի սրահ՝ ի խոնարհում Լիճքի պատմությունը կերտողներին: 


Photo by Araqs Hokhikyan
Շուրջ հինգ ամսվա ընթացքում ձեռք բերվեցին ցուցանակ-տա-ղավարներ, հավաքագրվեցին ձեռագրեր, նկարներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների, նահատակների հուշամեդալներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, նաև Լիճքի մանկավարժների, մտավորականների, ստեղծագործողների արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ձեռագրեր, պատմական արժեք ներկայացնող անձնական իրեր և նմուշներ:




Photo by Araqs Hokhikyan

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Փառքի սրահի բացման արարողությունը, որն իր մասնակցությամբ պատվել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Մասնակցում էին նաև «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Մանուկյանը, Հակոբ Սմբատյանը (Գեղարքունիքի մարզի համակարգող) և այլ հյուրեր:


Փառքի սրահի բացման պատիվն ընձեռվեց Լիճքի «Հայ ասպետների» թիմի ավագ Արմեն Եղիազարյանին: Ներկաներին դիմավորեցին Լիճքի միջնակարգ դպրոցում գործող «Արմին» պարային համույթի փոքրիկները:

Փառքի սրահը դեպի ակունքները վերադարձի խորհրդանիշ է, իսկ յուրաքանչյուրս այդ ակունքներից եկող հիշողության կրողներն ենք, ուստի ծրագրի շարունակական ընթացքում ակնկալվում է համայնքի օժանդակությունը՝ նյութերի հավաքագրման գործում: 

Photo by Araqs Hokhikyan
Ըստ Արմինե Հովհաննիսյանի, այս սրահում գիտական, արխիվային,թանգարանային լուրջ նմուշներ կան, որոնցով ամեն մի այցելու կծանոթանա ոչ միայն Լիճքի, այլև Հայոց պատմությանը:

Ծրագրով նախատեսված երեք ցուցանակ-տաղավարների փոխարեն հովանավորների շնորհիվ ձեռք են բերվել ևս հինգը: Ծրագրով նախատեսված 360000 դրամի փոխարեն հավաքագրվել են 800000 ՀՀ դրամի համարժեք նյութական միջոցներ՝ չհաշված ֆիզիկական, մտավոր աջակցությունները: 


Ըստ Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Հոխիկյանի, ի կատար ածվեց Փառքի սրահի գաղափարը, որին կհաջորդի ազգագրական թանգարանի հիմնադրումը և հավաստեց, որ աշխատանքային ձևաչափը այդ մասով էլ է ծրագրավորված:

Արարողության մասին պատմող բոլոր լուսանկարներն՝ այստեղ

1 комментарий: