Լուսանկարը http://chambarak.blogspot.com-ի |
Խորհրդային տարիներին Կրասնոսելսկի շրջանը (ներկայումս` Ճամբարակի տարածաշրջան) համարվում էր Կոմունիստական և Բոլշևիկյան գաղափարախոսության կենտրոն, ուստի և տեղի բնակչությունը գրեթե հազվադեպ էր այցելում եկեղեցիներ կամ օգտվում հոգևոր ծառայություններից: Հետևաբար չկար ոչ գործող եկեղեցի, ոչ էլ հոգևոր առաջնորդ:
Բայց այս պատկերը փոխվեց, երբ 2006թ. նոյեմբերին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ տարածաշրջանում ծառայության անցավ հոգևոր սպասավոր Տեր Պսակը: Ինչպես նշեց հոգևոր սպասավորը, ինքը՝ որպես քահանա, սկզբում ծառայության է անցել Ճամբարակի զորամասում, այնուհետև համատեղության կարգով աշխատել է տեղի եկեղեցում: Նա մի շարք նախաձեռնությունների հեղինակ է եղել, շրջել է դպրոցներով, համայնքներում անցկացրել է հոգևոր զրույցներ: Նրան հաջողվում է կարճ ժամանակաշրջանում կոտրել ժողովրդի մեջ տարածված կարծրատիպերը և մարդկանց տանել եկեղեցի:
Լուսանկարը http://chambarak.blogspot.com-ի |
Այժմ տեղի բնակչության մի ստվար զանգվածը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում եկեղեցական ծեսերի նկատմամբ: Ավելացել է եկեղեցական կարգով պսակվողների և կնքվողների թիվը:
Հավատքի նորոգմանը զուգընթաց նորոգվում են նաև հավատո տները: Ներկայումս մատուռներ են կառուցվում Գետիկում և Թթուջրում: Ճամբարակի շրջանում դեռևս միակ գործող մատուռը քաղաքի Սուրբ Խաչն է: Այստեղ են նշվում եկեղեցական բոլոր տոները, մատուցվում է պատարագ:
Լուսանկարը http://chambarak.blogspot.com-ի |
Տեր Պսակի հետ զրույցից պարզեցինք, որ Թթուջուր համայնքում հոգեհանգստի արարողությունը մեծ մասամբ անցկացվում է հորգևորականի մասնակցությամբ: Նա նշեց նաև, որ շատացել են այն դեպքերը, երբ մարդիկ մահվանից առաջ ցանկանում են խոստովանել իրենց կատարած մեղքերը:
Եվ վերջապես մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ է տեսնում հոգևոր կյանքում, Տեր Պսակը պատասխանեց, որ խնդիրներ կան ամենուրեք.
«Դրանք կապված են ժողովրդի արժեհամակարգի, դաստիարակության,ապրելակերպի հետ: Սրանք էլ իրենց հերթին մեծ ազդեցություն են ունենում հոգևոր կյանքի վրա»:
Մարո Ծատուրյան, Մարտունու ՀԵՆԱ
Комментариев нет:
Отправить комментарий