13.05.2014

Մտահոգ քաղաքացու խոսքը ուղղված Աշոտյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Դանիել Շահումյանը գրառում է կատարել ուղղված ՀՀ ԿՆ Ա․ Աշոտյանին։
Հարգելի́ պարոն Աշոտյան,
Մեծ հույս ունեմ, որ Ձեզ չի ձանձրացնի մտահոգությունից ծնված իմ այս շարադրանքը, և Դուք այն կընթերցեք մինչև վերջ, շնորհակալություն:

Եվ այսպես, ես վերջին 18 տարիների ընթացքում շարունակաբար, գրեթե առանց ընդմիջման, ուղղակիորեն կրել եմ ՀՀ˗ի կրթական համակարգում կատարված բոլոր փոփոխությունների բացասական և դրական հետևանքները, ուղղակիորեն մասն եմ կազմել այն համակարգի, որի ղեկավարումը հանձնված է Ձեզ`սկսած 2009թ˗ից: Ես չեմ ցանկանում բողոքել կամ մեղադրել Ձեզ ինչ˗ինչ հարցերում, սակայն երկարատև մտածմունքների արդյունքում ես ցանկացա կիսվել Ձեզ հետ իմ մի շարք դիտարկումներով և մտավախություններով:
Եվ այսպես` բարձրագույն կրթության ոլորտում, ըստ իս, միակ հիշատակության արժանի դրական փոփոխությունը դա ռոտացիոն համակարգի ներդնումն է, որն իսկապես գործում է: Դասախոսական կազմի անհամապատասխանության հարցում չեմ պատրաստվում մեղադրել որևէ մեկին. չեմ կարծում, որ ինչ˗որ մեկը մեղավոր է նրանում, որ երկրի թիվ մեկ բուհում գիտնական դասախոսը դատում ոչ թե գիտականության և ռացիոնալության դիքերից, այլ հույզերով և սեփական համոզմունքներով, որոնք ձևավորվել են Խորհրդային Մեծ հայրենիքի քարոզչական դարբնոցում: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դասախոսի նման սուբյեկտիվ կերպարը կարող է նույնքան սուբյեկտիվ անդրադարձ ունենալ ուսանողի առաջադիմության վրա, ես կրկին կխուսափեմ մեղադրել որևէ մեկին`համարելով դա ժամանակի խնդիր: Առհասարակ, իմ խորին համոզմամբ, մեր պետությունը իրական առաջընթաց կապրի այն ժամանակ, երբ նրա զարգացման որոշիչ օղակներում դադարեն իշխել խորհրդային ժամանակներում ձևավորված անհատները: Ես Ձեզ չեմ պատրաստվում մեղադրանք հնչեցնել նաև այն հարցում, որ յուրաքանչյուր տարի ԵՊՀ˗ի Իրավաբանական և Միջազգային Հարաբերություններ «պրեստիժային» ֆակուլտետներ ընդունվում են տասնյակ այնպիսի ուսանողներ, որոնց ներկայությամբ ակամայից դառնում ես Դարվինի «Տեսակների ծագման» տեսության հետևորդը: Դա էլ ես կհամարեմ մշակույթի խնդիր: Մեր ժողովուրդը հակված է «ճչացող» մասնագիտությունների, նույնիսկ, եթե դրանցից գլուխ չի հանում: Ես Ձեզ չեմ մեղադրի նաև այն հարցում, որ մեր հանրության այդ հաճախ հանդիպող պոպուլյացիոն առանձնյակները, մինչև իրավաբանականի կամ միջազգայինի առաջին կուրսի նստարանին նստելը, այնտեղ թղթախաղ խաղալը, ծամոն ծամելն ու իրենց արսենալում եղած բոլոր կարողությունների ցուցադրումը անցնում են կոռուպցիոն շերտերով: Սա էլ համակարգային խնդիր է, Դուք, ինչպես նաև Ձեր նախորդներն ու հաջորդները, ենթադրաբար, ոչինչ չեք կարողացել և չեք կարողանա փոխել:
Բայց ես այսօր հատկապես կուզեի խոսել հանրակրթությունից: Գիտեք, երբ ես 2006թ.˗ին 10-րդ դասարանում ավարտեցի դպրոցը, ես մտածում էի, որ մեր երկրի հանրակրթությունը շատ խնդիրներ ունի, բայց այն ժամանակ Մարտունի քաղաքի թիվ 1 միջն. Դպրոցում սովորում էին ավելի քան 700 աշակերտներ, այնտեղ աշխատում էին բազմաթիվ վաստակաշատ ուսուցիչներ, և աշխատանքը, իրականում, եռում էր: Մի քանի օր առաջ ես 8 տարվա ընդմիջումից հետո այցելեցի իմ դպրոցը, որը հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ և եղել է տարածաշրջանի առաջին դպրոցը, որի շնորհիվ մարդիկ սկսել են գրել˗ կարդալ սովորել: Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանում քանի կրթօջախ կա, որը ունի հարյուր և ավելի տարվա պատմություն: Կարծում եմ`շատ քիչ: Եվ իմ հարյուրամյա դպրոցը փակման եզրին է: Գիտե՞ք` ինչու: Որովհետև այն դարձել է հիմնական դպրոց. դեմոգրաֆիական խնդիր ունեցող երկրում, որտեղ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների «գլխաքանակով», դպրոցները գոյատևում են մեկական դասարան ունենալով յուրաքանչյուր տարվա համար: Իսկ ամեն դասարանում սովորում է 6, 9, բարեհաջող դեպքերում` 25 աշակերտ: Բնականաբար, նման դպրոցներում հնարավոր չէ պահել 3 աշխարհագրության, 4 մաթեմատիկայի, 5 ֆիզիկայի ուսուցիչներ, քանզի մեկն էլ լրիվ հերիք է աշակերտության նման քանակի պարագայում: Արդյունքում գործազուրկ են դառնում մասնագետներ, որոնք տասնյակ սերունդներ են կրթել, ովքեր աշխատել են դպրոցում 1990˗ականներին, իսկ դասերի ավարտից հետո աշակերտների հետ գնացել են անտառ` ցախ հավաքելու, որպեսզի հաջորդ օրը` դասերի ժամին, կարողանան փայտի վառարանով ջեռուցել իրենց դասասենյակը: Չէ՞ որ պետք էր շարունակել դասավանդել…իսկ այդ մարդիկ այսօր կրճատվում են,քանզի այլևս անհրաժեշտ չեն, քանակն ավել է..Ներկա պահին իմ դպրոցում սոցորում է շուրջ 280 աշակերտ:
2010թ˗ին, երբ ավագ դպրոցների ստեղծումը ակտիվ քննարկման փուլում էր, ես ինքս մի փոքրիկ հետազոտություն իրականացրեցի`հարցազրույցներ անցկացնելով մի շարք երևանյան և մարզային դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ ոլորտում ներգրավված անձինք դեմ չէին ավագ դպրոցներին, քանի որ, ըստ նրանց, առկա էր ծրագրային լարվածություն. 10 տարին, իբբ թե, հերիք չէր ուսումնական ծրագրի լիարժեք և առավել արդյունավետ մատուցման համար: Իմ ուսումնառության 10 տարիների ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան իմ մտքով չի անցել, թե ես չեմ հասցրել մարսել ծրագիրը: Ինչևէ, այսօր ունենք մի իրավիճակ, երբ աշակերտը, կտրվելով իր դպրոցից, որտեղ սոցիալականացվել ու դարձել է հասարակության անդամ, ուսումնառության կարևորագույն վերջին երկու տարիները ստիպված է լինում անցկացնել այլ դպրոցում, այլ ուսուցիչների միջավայրում, այլ ընկերների հետ, որտեղ ոչ մեկ ծանոթ չէ նրա ընդունակություններին, կարողություններին, բնավորության գծերին և այլն: Արդյունքում նրա մոտ ընկնում է սովորելու ձգտումը, հետևաբար նաև`առաջադիմությունը: Հավատացեք, ամեն ինչ կարգին չէ նաև հաճախելության հարցում: Ես փաստեր գիտեմ, որ ավագ դպրոց հաճախող աշակերտները մասնակցում են դասեր միայն առաջին 2-3 ժամերին, իսկ բուհ ընդունվել ցանկացողներ էլ, ինչպես նախկինում, հիմա էլ դպրոց հաճախելու փոխարեն գնում են իրենց մասնավոր պարապմունքներին, քանզի դա իրենց միակ հույսն է հետդպրոցական կրթություն ստանալու համար: Սա ես ասում եմ` աչքիս տակ ունենալով բազմաթիվ օրինակներ և ծնողների պատմություններ ու մտավախություններ: Բոլոր օրինակները բերված են մեկ˗երկու դպրոցների հիման վրա, սակայն, ավելի քան համոզված եմ, որ բոլոր մարզային բնակավայրերում նույն պատկերն է: Ավելին, նույնիսկ երևանյան շատ (եթե ոչ բոլոր) դպրոցնորում կարելի է հանդիպել նույն խնդրին: Ստացվում է ի՞նչ: Ավագ դպրոցները ստեղծվեցին, որպեսզի բարձրացնեն հանրակրթության որակը, վերացնեն բուհական պարապմունքների մշակույթը, հնարավորություն ստեղծեն աշակերտներին բուհ ընդունվելու միայն դպրոցի տված գիտելիքների հիման վրա, սակայն արդյունքում աշակերտ˗դպրոց կապն ավելի է թուլացել, բուհական պարապմունքները ոչ միայն չեն վերացել, այլև ավելի թանկացել են ))) Դպրոցները կանգնել են փակման և կազմալուծման շեմին, քանի որ դառնալով հիմնական դպրոց` կորցրել են իրենց աշակերտության առնվազն 30 տոկոսը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ 20 տարի ֆիզկուլտուրա դասավանդած մասնագետը գործազուրկ չդառնալու և դպրոցում մնալու համար ստիպված է լինում շախմատ կամ, ասենք, աշխատանքի ուսուցում պարապել, կենսաբանը դառնում է սոց աշխատող, լաբարանտը`գրադարանավար և այլն, և այլն: Մարդիկ պարապում են մի քանի ժամ`ստանալով գրոշներ: Սա այն պատկերն է, որը տիրում է մեր հանրակրթության ոլորտում, պարոն Նախարար: Միակ բանը, որը ես, որպես ՀՀ˗ի մտահոգ քաղաքացի, կառաջարկեի Ձեզ` օգտվելով 21-րդ դարի այս չտեսնված հնարավորությունից (նկատի ունեմ համացանցը), դա այն է, որ դպրոցների ֆինանսավորումը գոնե կատարվի այլ հիմքով, այլ ոչ թե աշակերտների քանակով: Հակառակ դեպքում մենք շատ շուտով ականատեսը կլինենք դպրոցների համընդհանուր փակման` որպես մեր պետության դեմոգրաֆիական, հետևաբար նաև բոլոր ոլորտներում անկման ցուցիչների:
Շնորհակալություն ուշադրության համար
Լավագույն ցանկություններով`
Դանիել Շահումյան

Комментариев нет:

Отправить комментарий