Դեռ փոքր տարիքից հիշում եմ, երբ հայրս մեզ սիրում էր, եղբորս ու ինձ, զգում էի, որ ամեն ինչ չէ, որ ինձ կարելի է: Ամեն ինչ ասելով նկատի չունեմ թողտվության մթնոլորտում ինչ ուզենամ անեմ, այլ եղբորս կարելի էր ու ներվում էին շատ արարքներ, որոնք իմ պարագայում արգելվում էին խստագույնս: Ես չէի հասկանում պատճառը, ես դեռ փոքր էի: Հետո հասկացա՝ դա հանրային մտածողության հետևանքն էր, տղաներին կարելի է համարյա ամեն ինչ, իսկ աղջիկների համար գործում են ավելի նեղ սահմաններ: Հետո, տարիներ հետո հասկացա, որ դա հասարակական մտածողության արդյունքն է, որը դրված է մեր մտածողության հիմքում: Այն արտացոլվում է ամենուրեք՝ տանը, դպրոցում, հասարակական տրանսպորտում, փողոցում և այլուր:
Չկա մի բնագավառ, որտեղ շոշափելի լինի սեռերի միջև հասարակական մտածողության հարթակները: Արդեն մեկ տարի է ինչ ավարտել եմ դպրոցը և մինչ այժմ չեմ հասկանում, թե ինչու ֆիզկուլտուրայի ժամին, երբ տրվում էր «ըստ հասակի շարվիր» հրամանը նախ պիտի շարվեին տղաները հետո նոր աղջիկները, չնայած այն հանգամանքին երբ ես ավելի բարձահասակ էի քան մեր դասարանի ամենաբարձրահասակ տղան:
Հասարակական տրանսպորտում չեք նկատի մի աղջիկ, որը նստած լինի երթուղային տաքսու առաջին նստատեղում, չգիտեմ ինչու ասում են, թե ամոթ է: Մի բան, որը ոչ մի մտածողության մեջ չի տեղավորվում, չէ որ վերջնական նպատակը A-կետից B-կետ տեղափոխվելն է և ինչ տարբերություն, թե երթուղային տաքսու մեջ որտեղ ես նստած: Ինչու տղամարդը կարող է նստել այդ տեղում, իսկ կնոջ համար այն համարվում է ամոթ: Ու շատ հաճախ կարելի է նկատել հետևյալ պատկերը՝ լեփ-լեցուն երթուղային տաքսում առջևի երկու նստատեղը ազատ են, կամ բազմել է տղա կամ տղամարդ, որը ինքաբավության քամածռանքը դեմքին նայում է ավտոմեքենան խցկվող մարդկանց բազմությանը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում կանայք:
Ինչու տանը, տրանսպորտում կամ այլ ոլորտում աղջկա կամ կնոջը ճնշելու մեթոդները կոչում են ազգային մտածողություն ու թաքնվելով դրա հետևում՝ դանդաղեցնում հասարակական մտքի զարգացման հնարավորությունը: Դրա հետևանքն է, որ աղջիկները ստանում են այնպիսի դաստիարակություն, որի արդյունքում պետք է լինեն մեծամասամբ հեզ, խոնարհ, հնազանդ, իսկ այն աղջիկները, որոնք փորձում են շեղվել ընդունված չափորոշիչներից հայտնվում են «Սպիտակ ագռավի» կարգավիճակում: Ու հարց է՝ հասարակություն կոչվածը վերջնականորեն ներում է նրանց, թե սպասում է նրան առաջին իսկ սայթաքմանը, որպիսզի ասի ...
Հայ իրականության մեջ որոշումները հիմնականում ընդունում է տղամարդը, ելնելով մի սկզբունքից՝ ես տղամարդ եմ ու վերջ: Իսկ նույն հարցի մասին կնոջ հնչեցրած բազմակողմանիորեն կշռադատված կարծիքը կարող է անտեսվել, որովհետև չի համընկնում տղամարդու կարծիքին: Այսօր մենք՝ կանայքս, արդեն ներկայացված ենք ամենաբարձր օղակներում, կին պատգամավորներ կան, նախարարներ, որոնք հասարակության կողմից ընդունվում են ոչ միանշանակ: ՀՀ Արդարադատության նախարարի նշանակում հասարակության մեջ ու սոց.ցանցերում երբևէ նման իրարանցում և քննարկաման հեղեղ չէր առաջացրել: Պատճառը, որ նախարարը կին է: Չնայած, որ նախարարը նախ և առաջ քաղաքական պաշտոն է ու սեռային խնդիրը այստեղ որևէ կապ չունի:
Չնայած որ սեռային հավասարության որոշակի ճշգրտումների նշույներ կան, բայց իրական հավասարության մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այն պետք է փոխվի մեր գիտակցության մեջ, ապա տեղափոխվի հասարակության մեջ՝ նոր որակ կազմելու համար:
Ես կարծում եմ, որ սա երկար ճանապարհ է ու այն անցնելու համար մեզ ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ տղամարդիկ պետք է հասկանան, որ կինը տղամարդու հետ ուս ուսի ու հավասարի իրավունքով տքնել ու տոկացել է, պայքարել ու մաքառել է անցնելով մարդկության ողջ ճանապարհը: Եվ այսօր, եթե չի հարգվում հավասարի իրավունքը՝ կինը իրավունք ունի պայքարելու և պահանջելու իրենից խլված դափնիները:
Комментариев нет:
Отправить комментарий