12.02.2016

Գյուղաբնակ և քաղաքաբնակ աշակերտների կրթության հավասար պայմանների ապահովում

Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց

«Նյութատեխնիկական ոչ հագեցվածությունը ամրացնում են միայն տեսական գիտելիքները»։

ՀՀ–ն հիմնականում լեռնային ռելիեֆ ունենալու և ծովերից հեռու լինելու պատճառով չունի
այնպիսի բնական ռեսուրսներ, որոնց վրա կարելի լիներ հենվել: Միակ բնական ռեսուրսը, որի վրա պարտավոր է և հնարվոր է ներդրում կատարել իշխանությունը, դա մարդկային ռեսուրսներն են: Եվ այդ ներդրումներն անհրաժեշտ է կատարել ուսումնական հաստատություններից սկսած, մասնավորապես դպրոցներից: Ցավոք, կրթական ոլորտն ունի շատ բացեր, որոնց լրացման համար հսկայական ջանքեր և ներդրումներ են անհրաժեշտ: Մասնավորապես մեծ է շերտավորումը քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտների կրթական որակների միջև: Մեծ տարբերություններ կան դպրոցների շենքային ընդհանուր պայմանների միջև՝ նոր կառուցված և վերանորոգվածներից մինչև ծայրահեղ վատ վիճակում գտնվող դպրոցներ:
Քաղաքային դպրոցներում պայմաններն համեմատած ավելի լավ են (ֆիզիկական տեսանկյունից բարվոք վիճակ, սանիտարահիգիենիկ պայմաններ, վալեոլոգիական պայմաններ, լոկալ-տեղային ջեռուցում, լաբորատորիաներ, գրադարաններ, աշխատանքային սենյակներ, ճաշարաններ, համակարգչային սենյակ, մարզադահլիճներ, համապատասխան մանկավարժական կադրեր): Քաղաքային շատ դպրոցներ վերոնշված պայմաններից գրեթե 70-80%-ով ապահովված են: Ինչպես կարող ենք քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտներից նման անհավասար պայմանների առկայության դեպքում ակնկալել հավասար կամ գրեթե հավասար կրթական որակ: 
Լեռնահովիտի միջ․դպրոցի ուսուցչանոցը
Սովորելով վերոնշված պայմանների բացակայությամբ դպրոցներում՝ մասամբ կամ լիովին չեն կիրարկվում ՀՀ Կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը (Կրթության բնագավառում պետության քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է), 5-րդ հոդվածի 1-ին կետը (Կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի և առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և բնապահպանական աշխարհահայացքի դաստիարակությունն է), 11-րդ հոդվածի 1-ին կետը (Կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է և նպատակաուղղված է երիտասարդ սերնդի դաստիարակմանը, պատշաճ վարքի և վարվեակերպի ձևավորմանը, անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, նրանց ինքնորոշման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական պետության ստեղծմանն ու կատարելագործմանը ), ինչպես նաև ՀՀ Հանրակրթության մասին 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերը, 20-րդ հոդվածի 5-րդ, 22-րդ հոդվածի 1-ին կետերը:

Լեռնահովիտի միջ․դպրոցի սանհանգույցը
 «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» (OSI) կողմից ֆինանասավորված «Գյուղաբնակ և քաղաքաբնակ աշակերտների կրթության հավասար պայմանների ապահովում»թեմայի հետազոտման ընթացքում դիտարկվել է Գեղարքունիքի մարզի գյուղական երկու՝ Երանոս, Լեռնահովիտ եւ մեկ քաղաքային՝ Մարտունի, դպրոցների պայմանները։

Եթե գյուղաբնակ աշակերտներ ցանկանում են ունենալ լաբարատորիաներ, ձմռանը ջեռուցման լոկալ համակարգ՝ վառարանների փոխարեն, վերանորոգված մարզադահլիճ կամ ուղղակի մարզադահլիճ, ինչպես Լեռնահովիտի դպրոցականները, ապա քաղաքաբնակ աշակերտների միակ մտահոգությունը դպրոց հասնելու խնդիրն է, հատկապես ձմռանը, քանի որ Մարտունի քաղաքի ներսում չկան գործող տրանսպորտային միջոցներ։ 
Երանոսի թիվ 2 դպրոցի չօգտագործվող մարզադահլիճը

 «Ուզում ենք դպրոցը երկհերթ չլինի, քանի որ տարրական դասարանցիները երկրորդ հերթ են ու ձմեռվա ցրտին, մթին մինչև գալիս, տանում ենք երեխաներին, կես մարդ ենք դառնում»,– զրույցների ժամանակ միաբերան ասում են Լեռնահովիտ գյուղի ծնողներն ու ուսուցիչնեը: Դպրոցը երկհերթ է ոչ թե աշակերտների քանակի պատճառով, այլ որ միջնակարգ դպրոցն ունի ընդհամենը չորս դասասենյակ, ընդ որում պետք է նշել, որ 2016-2017ուստարում առաջին դասարան հաճախող երեխաները և նրանց ծնողները դասասենյակ չլինելու պատճառով անելանելի վիճակում են հայտնվելու, իսկ ուսուցչանոցը և ճաշարանը շենքին հարակից վագոն տնակներում են տեղակայված։ Ըստ Լեռնահովիտի ուսուցիչների՝ լիարժեք կրթական որակ չի կարող լինել, քանի որ իրենց դասարանների միջին խտությունը (4-5աշակերտ) թույլ չի տալիս կիրառել արդի ուսումնական մեթոդները: Սակայն և՛ ծնողներին, և՛ ուսուցիչներին մտահոգում է մի կարևոր հարց. դպրոցը վթարային է և կրթական որակից զատ, կարող է վնաս հասցվել նաև երեխաների առողջությանը:
Երանոսի թիվ 2 դպրոցի օգտագործվող մարզադահլիճը


Երանոսի N2 միջնակարգ դպրոցում աշակերտներն, օրինակ, շատ են ցանկանում ունենալ բարեկարգ, ջեռուցվող մարզադահլիճ և բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաներ, որպեսզի կարողանան ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում ամրապնդել։

Ինչպես կարող ենք քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտներից նման անհավասար պայմանների առկայության դեպքում ակնկալել հավասար կամ գրեթե հավասար կրթական որակ, չնայած, որ մեր կրթության հավատարիմ մարտիկները՝ ուսուցիչները, անում են իրենցից պահանջվող ամեն ինչ, որպեսզի բարձր պահեն կրթության որակը:

                   
Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճը և նախասրահը


                         
Այսպիսով, ընդհանուր եզրահանգումը մեկն է. շենքային անբավարար պայմաններն ուղիղ կապ ունեն կրթական որակի հետ: Լեռնահովիտի և Երանոսի դպրոցների աշակերտներն ուղղակիորեն երազում են բարեկարգ դպրոց ունենալու մասին: Մենք հուսով ենք, որ գալիք 2016-2017 ուստարում նրանց երազանքն ի կատար կածվի…


Հեղիանակ՝ Աստղիկ Գալստյան


Комментариев нет:

Отправить комментарий