22.05.2016

Մշակութային անցուդարձ Մարտունու պատկերասրահում․ «Թանգարանային գիշեր»

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղը միանում է «Թանագարանների գիշեր» ծրագրին։ Այս տարի  թանգարանային միջոցառումները տեղի ունեցան մայիսի 21–ին։

Մարտունու պատկերասրահը, բացի այն, որ շուրջ օր անվճար էր գործում բոլոր այցելուների համար, նաև ժամը 13։00–ից մեկնարկեց մի շարք միջոցառումներ։


Մի սենյակում ցուցադրվող նմուշներին ծանոթանալուն զուգահեռ այցելուները հնարավորություն ունեին դիտելու պատկերասրահում, շուրջ 20 տարի վաղեմության, տեղի ունեցած միջոցառումների տեսանյութերը։

Իսկ մեկ այլ սենյակում՝ նույն ժամին, բացվեց մարտունեցի գեղանկարիչ Սպարտակ Հայրապետյանի անհատական աշխատանքերի ցուցադրությունը։ Ներկայացված շուրջ 30 աշխատանքներից ինն եզակի են աշխարհում, որովհետև Սպարտակ Հայրապետյանի աշխարհում թերևս միակ նկարիչ է՝ ով սովորական քարքոսից գույն, երանգ և վերջապես պատկեր է ստանում։



«Առաջին գործերս քարաքոսի գործ են եղել, 1975 թ–ին, մինչ այդ գիտեի, որ քարաքոսներից կարելի է ներկ ստանալ և ջրաներկի, յուղաներկի փոխարեն օգտագործել, փորձնական մի քանի անգամ արեցի և ստացա աշխատանքս, –  պատմում է վարպետը և շարունակում, – Հեղինակային իրավունքների վարչության արտոնագրի նշանն է քարաքոսներով նկարներիս վրա և ոչ մեկ առանց հեղինակի թույլատվության իրավունք չունի ընդօրինակելու, ցուցադրի՝ անգամ հեռուսատատեսությամբ, առանց իմ թույլատվության»։

Խորհրդային միության ժամանակաշրջանում գեղանկարչի աշխատանքերը ցուցադրվել են շատ երկրներում։ Իր աշխատանքերից շատերն այժմ ցուցադրված են Մոլդովիայում, Մոնղոլիայում, Վրաստանում, Ռուսաստանում՝ Մոսկվայում  և այլ երկրներում։

Չնայած այն փաստին, որ տարբեր ժամանակներում շուրջ 70 աշակերտ է ունեցել և նրանցից շատերն իրենց կրթությունը շարունակել են նկարչության ուղղությամբ, վարպետը ոչ մեկին չի շտապել բացել քարաքոսներով աշխատելու գաղտնիքը, ասում է Հեղինակային իրավունքի արտոնագրության վարչություն է արգելել, ասել է․

«Թող գաղտնիք մնա։ Բոլոր նկարագրերն իրենց մոտ կան և երբ հարկ լինի կբացեն», – պատմեց Հայրապետյանը։



Սրահները բավականին մարդաշատ էին, պատկերասրահ էին շտապել տարբեր տարիքի արվետսասերներ։

Մարտունու թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Սամվելյանը պատկերասրահ էր եկել աշակերտների հետ միասին։ Իր խոսեքերով, երբ տեղեկացել է, որ սպասում են հետաքրքիր միջոցառումներ հարկ է համարել գալ․

«Կարծում եմ՝ երեխաները պետք է բազմակողմանի դաստիրակություն ստանան, գնահատեն իրենց հայրենիքի պատմամշակութային արժեքները,  արժևորեն նկարները։ Թերևս՝ գեղագիտական մեծ դաստիրակություն է սա իրենց համար և ճաշակի ձևավորում»,– ասաց Սամվելյանը։



Բացի նկարներ, տեսանյութեր դիտելուց այցելուները հնարավորություն ունեցան  լսելու Մարտունու պատկերասրահի վարիչ Անահիտ Գևորգյանի «Թանգարանը` որպես համայնքում մշակութային միջավայրի կենտրոն» դասախոսությունը։

«Սովորաբար մշակութային օջախները կոչված են համայնքում իրենց շուրջ մշակութային միջավայր ստեղծելուն, այսինքն համայնքային բոլոր խնդիրները պետք է մտնեն թանգարան և դուրս գան, պետք է մշակույթի միջոցով ներկայացվեն, – մեզ հետ զրույցում նշեց Գևորգյանը և հավելեց, – մենք երկար ժամանակ փորձել ենք անել դա։ Մարտունու պատկերասրահում կազմակերպվել են զանազան միջոցառումներ՝ պոեզիան, նկարչությունը, արվեստն ու արհեստը միացել են իրար և արվեստասերները պատեկարասրահից դուրս են եկել այս ամենի մասին տեղեկացված։ Կարծում եմ՝ պետք է պատկերասրահներում, թանգարաններում սկսել համայնքային խնդիրների վեր հանում, ներկայացում, քննարկում»։



Ոմանք պատկերասրահ էին եկել հին հուշերը վերապրելու, ոմանք համայնքային նեղ կենցաղով ապրող երեխաներին մշակութային արժեքների հետ ծանոթացնելու։

Իր խոսքերով պատկերասրահի մշտական այցելու Լիանա Ռուբենյանը եկել էր ընկերուհիների և իրենց զավակների հետ միասին։

«Մոտիկից նկարները ուղղակի վրձնի հարվածներ են, իսկ հեռվից նայելիս լուրջ պատկերներ են, որոնցում արտացոլվում է մեր կենցաղը, առօրյան, մշակույթը։ Երեխաները շփվելով գույների հետ ավելի զգայուն են դառնում, զարգանում է իրենց մտավոր աշխարհը, այս տեսակ միջոցառումները շատ կարևոր են, հնարավորություն են տալիս, որպեսզի մեր տարածաշրջանը մշակութապես զարգանա», – իր խոսքում նշեց պատկերասրահի այցելուն։

Այս տարի գարնանային ակցային միացել էին Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան։

Այս միջոցառման նպատակն էր վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:

Թանգարանային «ցերեկ» Մարտունո պատկերասրահում

Комментариев нет:

Отправить комментарий