03.06.2016

Վարդենիկի, Մարտունու, Լիճքի և Կարմիրգյուղի երիտասարդները հանուն իրենց համայնքների զարգացման


«Գլխավոր ռեսուրսը աշխարհում մարդն է, բայց մարդը, որպես այդպիսին ռեսուրս է համարվում, երբ գիտելիք ունի։ Հիմնական պաշարը գիտելիքի՝ մարդ ստանում է գրքից», – այսպես նկարագրեց իր գաղափարը Մարտունի երիտասարդական բանկի կողմից իրականացվող «Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը» ծրագրի դրամաշնորհառու Թագուհի Կարապետյանը, – «Գրքեր Մարտունու գրադարանին» ծրագրով ցանկանում եմ մի փոքր նպաստել այդ գործընթացին, զարգացած բնակիչը՝ հզոր համայնք է կառուցում»։

««Երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը» ծրագրի իրականացման նոր փուլ գրանցեցինք, մինչ այս մենք մարզի տարբեր բնակավայրերից գաղափարներ ստացանք, քննարկեցինք և փորձեցինք անաչառությամբ գնահատել, թե որ գաղափարը կդառնա ծրագիր, իսկ այսօր արդեն ունենք 4 ծրագիր, որոնցով հեղինակաները պետք է բերեն դրական փոփոխություն իրենց համայնքներում», – ասաց Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդամ Հասմիկ Մխոյանը։

Դրամաշնորհի խորհրդանշական վկայական ստացավ նաև Վարդենիկ համայնքի բնակիչ, «Համայնքի զարկերակ» երիտասրադկան հասարակական կազմակերպության ղեկավար Արտուշ Խաչատրյանը։ Մոտ 85.000 դրամով նա պետք համայնքում տեղադրի տեղեկատվական ցուցանակներ։

«Ցուցանակներ տեղադրվելու են համայնքի 3 բանուկ վայրերում, փակցվելու է ՏԻՄ–ի որոշումներն, ինչպես նաև բնակչության կողմից արվող հայտարարությունները։ Հիմնական նպատակն է, որ ավագանու որոշումները հանրայնացվի, բնակչությունը իրազեկվի, ինչու չէ վերահսկման մշակույթ ձևավորվի բնակիչների մոտ։ Տեղեկացվեն և պահանջատեր դառնան», – ասաց Արտուշ Խաչատրյանը։


Երիտասարդական բանկը ծրագիր կիրականացնի նաև Գավառի տարածաշրջանի Կարմիրգյուղ համայնքում։ 17 ամյա Հրանտ Սահակյանը դրամաշնորհի մասին տեղեկացել է «Մարտունի ինֆոտուն» բլոգի միջոցով և համադասարանցիների հետ քննարկել ընձեռվող հնարավորությունն։ Արդեն Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի շրջանավարտ Հրանտը կլրացնի հարազատ դպրոցի սպորտային գույքի պակասը։

«Բացի գույքի գնումից պատրաստվում ենք կազմակերպել սպորտլանդիա, որով կփորձենք մասնակիցների մոտ բարձրացնել համայնքի զարգացման հարցում յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունը, ինչու չէ հետագայում դիմենք համայնքի որևէ խնդրի լուծմանն ուղղված ծրագրով»,– կիսվեց իր մտքերով Հրանտ Սահակյանը։



Մարմնամարզական արգելագոտի կստեղծվի Լիճք համայնքում։ Ծրագրի հեղինակ Արաքս Հոխիկյանը, թերևս դրամաշնորհի արժանացած հեղինակներից միակն է, ով երկար ճանապարհ է անցել Երիտասարդական բանկի հետ։ Եղել է բանկի դրամաշնորհառու՝ համայնքում կառուցել է խաղահրապարակ, ապա դարձել բանկի կոմիտեի անդամ, իսկ այժմ կրկին դիմել հարազատ համայնքի բարելավմանն ուղղված նոր գաղափարով։

«Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել  իրականացնել ծրագիրս։ Մարմնամարզական արգելագոտին կնպաստի երիտասարադների, պատանիների մոտ առողջ ապրելակերպի քարոզմանը, Street WorkOut սպորտաձևի զարգացմանը»,–ասաց Արաքս Հոխիկյանը։

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին նաև դրամաշնորհի չարժանացած հայտատուները, ովքեր եկել էին միջոցառմանը ծանոթանալու տարբեր համայնքների ակտիվ երիտասարադների հետ։


«Ուրախ եմ, որ առիթ ունեմ շփվելու նման ակտիվ երիտասարդների հետ և ավելի լավ ծանոթանալ Մարտունի երիտասարդական բանկի գործունեությանը, գուցե հիմա ներգրավեմ աշխատանքերում որպես կամավոր և հետագայում ավելի մրցունակ գաղափար ներկայացնեմ» – ասաց Սուրեն Ղազարյանը, ում գաղափարն աջակցության այս անգամ չի արժանացել։

Առաջիկայում պլանավորում է այցեր տվյալ համայնքեր, իրագործել ծրագրերը, հետևել ընթացքին և օժանդակել համայնքների զարգացմանը՝ երիտասրաների ակտիվության միջոցով։

ՄԵԲ մրցանակաբաշխություն



«Մարտունի երտիտասարդական բանկ» կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագիրն ֆինանսավորում է «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:


Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան

Комментариев нет:

Отправить комментарий