14.09.2016

Վերին Գետաշենում ընտրապայքարը թեժ է, ծեծել են համայնքի ղեկավարի թեկնածուի


Այս տարի սեպտեմբերի 18–ին և հոկտեմբերի 2–ին Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։

Թեև ՏԻՄ ընտրությունները փոքր համայնքերում աչքի չեն ընկել ակտիվ ընտրապայքարով և մրցակցությամբ, բայց այս ընտրություններն արդեն իսկ առանձնանում են ՏԻՄ ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների առատությամբ, որոնք բեմ են բարձրացել ընտրությունում հաղթելու մտադրությամբ, այլ ոչ «շինծու» ընտրապայքար բեմադրելու և գործող գյուղապետերի շարունակական գործունեությունն ապահովելու։
Ու չնայած պաշտոնապես նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ Վերին Գետաշենում ընտրությունների շուրջ օդը թեժանում է վայրկյան առ վայրկյան։


Վերին Գետաշենում ծեծի են ենթարկել համայնքի ղեկավարի երեք թեկնածուներից մեկին՝ Մերգենց Միհրանյանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը։ Մեզ հասած տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք վերջինիս հետ։ Հեռախոսային զրույցի ժամանակ նա հաստատեց, որ ծեծի է ենթարկվել։

«Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին՝ երեկոյան 10 – ի մոտ։ Գյուղամեջ էի բարձրացել, որտեղ հանդիպեցի ներկա գյուղապետի համախոհներից մեկին՝ Լյուսք Շահբազյանին։ Զրույց սկսվեց, թե ինչու եմ ես առաջադրվել, Ռուբիկի (Ռուբիկ Ղուկասյան ներկայիս գյուղապետն է) լավը չեմ ուզում։ Ես էլ պատասխանեցի, որ Ռուբիկին ես չեմ ընտրել ու չեմ ընտրելու ու հայհոյեցի իր հասցեին։ Լյուքսը հարցրեց կարող եմ ասածներիս պատասխանը տալ, ասեցի ամեն ինչ էլ կարող եմ տալ, բայց առավոտյան գյուղապետարնում, հիմա սա վեճի է վերածվում․ զգում էի գլխիս սարքում են։Դրանից հետո Լյուքսը զանգահարեց Ռուբիկ Ղուկասյանին և կես ժամ հետո 3 մեքենայով եկան, 15 հոգի միջից իջավ ու հարձակվեցին ինձ վրա։ Գյուղամեջ այդ պահին մի 20-25 մարդ կար կանգանած, բայց չհամարձակվեցին խառնվել, անգամ իրարից բաժանել։ Գյուղում վախի մթնոլորտ է տիրում։ Դեպքից հետո դիմել եմ ոստիկանություն՝ քրեական գործ է հարուցվել։ Բժշկի էլ եմ դիմել՝ գլխուղեղի ցնցում եմ ստացել, պահի տակ աչքերիս դեմ մթնում է», – պատմում է Միհրանյանը։

Մերգենց Միհրանյանը բողոքեց նաև ոստիկանների աշխատանքից, ովքեր հետևողական չեն, հարցին լուրջ չեն վերաբերվում, իր զանգերին կամ չեն պատասխանում, կամ էլ պատասխանելիս խորհուրդ են տալիս դիմումից ետ կանգնել։

«Պատահածից հետո ոչ մի առնչություն չեմ ունեցել գյուղապետի և իր կողմնակիցների հետ, չնայած ժամանակ առ ժամանակ զանգահարում ահաբեկում են, ասում են դու չե՞ս վախենում քո երեխեքի համար, բայց ես իմ նպատակից հետ կանգնողը չեմ՝  իմ ասելիքն էլ կասեմ սեպտեմբերի 16–ին քարոզարշավի ժամանակ», – պնդում է ծեծի ենթարկված թեկնածուն։