30.11.2016

Մարտունու քաղաքապետարանում փորձում են ավելորդ ծախսեր չանել

Նոյեմբերի 29–ին Մարտունու քաղաքապետարանում կայացավ Մարտունի քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ քննարկում խորհրդատվական մարմինների անդամների, ավագանիների, ՔՀԿ ներկայացուցիչների հետ։

Քննարկման հիմնական թեման ռազմավարական պլանում կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի զարգացմանն ուղղված հարցրերն էին։

Մասնակիցները քաղաքապետ Արմեն Ավետիսյանի հետ միասին նախ քննարկեցին քաղաքի մշակութային ընդհանուր վիճակը, բարելավման ձևերը։

Մարտունու կանանց համայնքային խորհուրդի նախագահ Անահիտ Գևորգյանն առաջարկեց, որպեսզի քաղաքապետարանի հոգածության ներքո գտնվող բոլոր կենտրոններն իրենք գրեն իրենց մեկ տարվա աշխատանքային պլանը, որպեսզի պարզ դառնա, թե աշխատակիցներն իրենք իրենց աշխատանքի կազմակերպումը ինչպես են պատկերացնում։

«Մարտունիում կա Մշակույթի տուն, մանկապատանեկան կենտրոն, երաժշտական դպրոց, նկարչական դպրոց, սպորտ դպրոց, որտեղ զանզան միջոցառումներ են լինում, բայց եթե իրենց հետ անմիջական կապ չունես՝ չես իմանում միջոցառումների մասին։ Պետք է դուրս հանել իրենց պատերի միջից, պետք է միջոցառումները դառնան հասանելի բոլորին»,– քննարկման ժամանակ ասաց Գևորգյանը և առաջարկեց,– «Մարտունու զբոսայգին, պետք է դարձնել հանրային հարթակ նման միջոցառումներ համար։ Մեկ գործողությամբ կլուծենք և՛ իրազեկության հարցը, և՛ ինչ որ չափով կխթանենք մշակութային կյանքի զարգացմանը»։

Իսկ թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանը իր մտահոգությունը հայտնեց աշակերտների արտադպրոցական զբաղվածության վերաբերյալ։

«Չնայած Մարտունիում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը մեծ չէ, բայց դա կկարողանանք իսպառ բացառել, եթե իրենց համար լինեն զբաղվածության տարատեսակ խմբակներ»,– ասաց Ղազարյանը և հավելեց,– «լավ է, որ կան ժողովրդական պարի խմբակներ, բայց գուցե երեխա կա, որ ցանկանում է ժամանակակից պարեր էլ սովորի, պետք է ընտրության հնարավորություն տրվի»։

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կիսելով մասնակիցների կողմից բարձրաձայնվող բոլոր մտահոգությունները իր հերթին կարևոր համարեց համապատասխան մասնագիտությունների տեր անձանց գտնել և աշխատանքի հրավիրել։

«Եթե մեզ մոտ չկա լավ դհոլչի կամ դասական պարի մասնագետ, գտեք նրանց, հրավիրեք Երևանից, այլ համայնքներից»,– իր խոսքում նշեց Ավետիսյանը։


Օգտվելով հնարավորությունից՝ ներկաները  խոսեցին ընդհանուր համայնքային խնդիրներից և դրանք լուծելու պլաններից։ Ներկաներից մեկը հարց բարձրացրեց Կամոյի և Աբովյան փողոցների լուսավորության վերաբերյալ։ Անրադառնալով հարցին՝ քաղաքպետն ասաց, որ այդ փողոցները Մ10 մայրուղու մաս լինելուվ դուրս են քաղաքի ենթակայությունից, բայց կփորձեն հարցի լուծման նպատկով կապվել ճանապարհի պատասխանատուների և Կապի ու տրասնպորտի նախարարության հետ։

Անրադառնալով բաց դիտահորերի հարցին, որն բարձրաձայնվել էր նաև «SOS Մարտունու»  կողմից, Ավետիսյանն ասաց, որ խնդրի լուծման համար ջրմուղն է պատասխանատու և արդեն  խոսել է տնօրենի հետ։

Բոլոր բարձրաձայնված խնդրների լուծումները պետք է ներառվեն ռազմավարական պլանում և լուծում ստանան՝ հավաստիացրեց քաղաքապետը։ Ռազմավարական պլանում ներառվելու է նաև ներհամայնքային տրասնպորտի հարցը․

«Մի քանի մասնավոր կազմակերպությունների հետ խոսել ենք, որ Երևանի հանրային տրանսպորտ ապահովող ավտոբուսներից, որոնք դուրս են գրվել բերել Մարտունի»,– պատմեց քաղաքապետը և հավելեց,– «բայց խնդրի լուծումը միայն տրանսպորտի գնումով չի ավարտվում, պետք է մշակվի երթուղի, կանգառների տեղակայություններն որոշվի, կառուցվի, այդ տեսակ հարցերն արդեն ճարտարապետի հետ պետք է քննարկենք»։

Քննարկվեցին նաև Մյասնիկյան փողոցի՝ շուկայի հատվածի, երևեկության կարգավորման, քաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նոր լուսացույցների տեղադրման, մայթերի բարեկարգման, կանաչապատման, հանրային լողափի և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։

Քաղաքապետը հանդիպման ժամանակ նշեց, որ դժվար է պատկերացնել, որ այս բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել քաղաքի սուղ բյուջեի հաշվին, այդ իսկ պատճառով փորձում են ավելորդ ծախսեր չանել, խնայել՝ հաստիքների կրճատման, համայնքապատկան տարածքների վաճառքի համապատասխան գներ սահմանելով և մասնավոր նվիրատվությունների միջոցով, որոնք ուղղվելու են Մարտունու զարգացման ֆոնդին։




1 комментарий: