21.11.2017

Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը

Ավետիք Դավուդյանը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ավետիք Դավուդյանը բոլորում է իր կյանքի 87 տարին։ Նա մեկն է Խարհրդային այն միլիոնավոր քաղաքացիներից, ովքեր իրենց ընտանիքների հետ ժամանակին կրել են ստալինյան բռնատիրության ողջ սարսափները և տառապանքները։ Թեև 68 երկար ու ձիգ տարիներ են անցել մարտունեցի նրա հոր՝ Եղիազար Դավուդյանի ընտանիքին բռնի աքսոր ուղարկելու օրերից, սակայն այսօրվա պես Ավետիքի հիշողության մեջ թարմ են մնում այդ ճնշող, դժվարին ու դաժան օրերը, որոնք 15 տարեկան տղայի հոգում թողել են ծանրագույն ու անմոռաց ապրումներ։ Ավետիքը շատ լավ հիշում է ոչ միայն իրենց ընտանիքի աքսորը, այլ նաև իր հոր բանակ կանչելը, որը եղել է Մեծ հայրենականի սկսվելուց 22 օր առաջ։


- Հայրիկին մարտունեցի 5 շինարար մասնագետների հետ բանակ տարան 1941 թվականի մայիսի վերջերին։ Հայրս հմուտ շինարար էր, նրա հետ՝ Հավհաննիսյան Սրապիոնը, Սարգսյան Մնացականը, Հարութ Սարգսյանը և Անդրանիկ Մելքոնյանը։ Նրանց տարել էին Սևան, որտեղ կամուրջներ էին շինում, բանակի համար շինարարական պատվերներ կատարում։ Երբ սկսվեց  պատերազմը, մեզ հայտնեցին մեր զինկոմիսարիատից, որ պետք է նավով մեկնենք Սևան, որպեսզի հրաժեշտ տանք հայրիկին, ում պետք է տեղափոխեին ռազմաճակատի գիծ՝ որպես ռազմական շինարար։ «ՄԻԿոյան» նավով մեզ ու վերոնշյալ տղամարդկանց ընտանիքներին Մարտունուց տարան Սևան։ Երբ տեղ հասանք, արդեն  մութն ընկնում էր, իսկ հայրիկին հանդիպելու հնարավորություն չկար, քանի որ նրանց խումբն աշխատում էր Սևանի նավահանգստից բավականին հեռու։

Մեզ տեղավորեցին ռուս մոլոկանների ընտանիքներում, իսկ հաջորդ առավոտյան մոլոկաններից մեկը մեզ կառքով տարավ Չիբուխլու, որն այսօրվա Ծովագյուղն է։ Բայց այստեղ էլ մեզ ասացին, որ պետք է սպասենք մինչև իրիկվա ժամը 5–ը, մինչև որ հայրս ու իր ընկերները վերադառնան իրենց բնակության վայրը։ Սպասեցինք մինչև երեկո։ Այդ ժամանակ ես արդեն ինը տարեկան էի, և այսուհետ ոչ մի ակնթարթ չեմ մոռանում հորս տառապելի տեսքը։ Այդ քսաներկու օրերի ընթացքում նա  այնպես էր մաշվել,  գունատվել, չարչարվել, որ նրա տեսքից մենք վախեցանք։ Բաժանումն ավելի տխուր ստացվեց, մանավանդ երբ իմացանք, որ նրանց տեղափոխում են ավելի հեռավոր վայեր։ Մենք հաջորդ օրը տուն եկանք, իսկ որոշ ժամանակ անց իմացանք, որ հայրիկին ու իր ընկերներին տեղափոխել են Իրան, ապա ռազմաճակատի մոտիկ այլ վայրեր։ Հետո նրանից այլևս լուր չստացանք։ Ընտանիքի ողջ ծանրությունն ընկավ մորս ուսերին։ Ես էլ էի նրան օգնում ամենատարբեր աշխատանքներում, չնայած փոքր տարիքիս։ Բոլոր տարեկիցներս, ինձնից քիչ մեծերը կամ փոքրերը ևս լծվել էին ծանրագույն աշխատանքի։ Ահավոր սով ու նեղություն էր, տուն կերակրող ձեռքերը կամ զոհվել էին, կամ մահու բերանում էին։ Դաժան օրեր ու տարիներ անցկացրեցինք։ Պատերազմի ավարտից հետո էլ ապրում էինք նեղության, աղքատության ու սովի մեջ, – իր պատմությունը սկսեց մեր ակնարկի հերոսը։

Եղիազար և Խազալ Դավուդյաններ

Հայկ Ավետիսյանի «Ճանապարհ դեպի անմահություն» գրքից տեղեկանում ենք, որ Եղիազար Դավուդյանը ծնված 1908 թվականին, վաղաժամ զրկվել է հորից և կրել որբության դառնությունները։ Եղել է բատրակ, սևագործ բանվոր, ջրաղացպան, կոլտնտեսության առաջավոր հողագործ, հյուսն և որմնադիր։ Կառուցել է պետական շենքեր և բազմաթիվ մասնավոր տներ։ Բանակ է զորակոչվել 1941 թվականի մայիսին։ 1942 թվականի հունվարի 18-ին Թեոդոսիա քաղաքի մոտ զորամասի  մի խումբ զինվորների հետ հայտնվել է գերմանական գերության մեջ։ Սկզբում  նրանց տարել են Սիմֆերապոլի ռազմագերիների ճամբար, այնուհետ՝ Լեհաստան և Հունաստան։ 1944 թվականի օգոստոսին Եղիազարը փախել է գերմանական գերությունից և միացել հույն պարտիզաններին։ Նույն տարվա դեկտեմբերին նա հանձնվել է Հունաստանում գտնվող անգլիական բանակին, որտեղից և նրան տեղափոխել են ԽՍՀՄ բանակի հրամանատարության տրամադրության ներքո։ Եղիազարը գերմանական գերության մեջ կրել է անասելի տառապանքներ, ենթարկվել դաժան խոշտանգումների։ Նույն գրքում ևս մեկ հետաքրքիր ու արժեքավոր տեղեկություն Եղիազարի մասին հայտնել է համաքաղաքացի Ազիզ Հարությունյանը,  հավաստելով, որ ինքը մարտերից մեկի ժամանակ,  երբ  վիրավորվել  ու գերի է ընկել մի խումբ ընկերների հետ, իր կայքը փրկել է Դավուդի Եղիազարը։ Նա Ազիզի մարմնի միջից հանել է գնդակը, որը սաստիկ ցավ էր պատճառում Ազիզին, որի շնորհիվ էլ գերմանացիները չեն գնդակահարել ուժասպառության հասած վիրավոր գերուն։ «Գերմանացիները սպանում էին ուժասպառ եղած գերիներին։ Իմ աչքի առաջ այդպիսի մարդկանց անմիջապես գնդակահարում էին և միայն առողջ թվացողներին էին խնայում։ Եթե Եղիազարը սաստիկ ցավող ոտքիս միջից չհեռացներ փամփուշտը, դժվար թե կենդանի թողներին ինձ, քանի որ վիրավոր գերիներին բացարձակապես բժշկական օգնություն ցույց չէին տալիս», –  վկայել է Ազիզ Հարությունյանը։

– Հայրիկը տուն վերադարձավ 1947 թվականին։ Թվաց, թե երջանկությունը վերադարձել է մեր ընտանիք, սակայն, նրա վերադարից քիչ անց, մեր դուռն ամեն օր թակում էին օրենքի մարդիկ և հայրիկին հրավիրում  հարցաքննության։ Նա գերվել էր գերմանական բանակի կողմից և տառապալից տարիներ անցկացրել համակենտրոնացման ճամբարում, որին «Ջանգոյի լագեր» անունն էին տալիս։ Հայրիկին մի բանի համար էին կանչում հարցաքննության, որպեսզի ցուցմունք կորզեն մեր համաքաղաքացի Հարոյ Ադիբեկի մասին, ով, ըստ մեզ հասած լուրերի, համակենտրոնացման  ճամբարում զինվորագրվել էր էսէսականներին։ Բայց հայրիկս ամեն անգամ խուսափողական պատասխան էր տալիս։ Նա շատ դեպքերում տուն էր գալիս դաժանորեն ծեծված, ինչի մասին մեզնից թաքցնում էր, սակայն մենք դեմքի կապտուկներից, ընկճված տրամադրությունից ամեն ինչ հասկանում էինք։ Այսպես հարցաքննությունը երկարեց մինչև 1949 թվականը։ Ու երբ քննիչները չստացան իրենց ուզած ցուցմունքները, մեր ընտանիքը ստացավ աքսոր մեկնելու որոշումը, – շարունակեց Ավետիքը։

Խորհրդային Միության համար անհարազատ տարր ճանաչված Եղիազար Դավուդյանի տունն օրենքով բռնագրավում են, իսկ ընտանիքի 6 անդամներին հրամայում բռնել աքսորի ճանապարհը։ Հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Եղիազարի կինը սպասում է հերթական երեխային, որ ընտանիքում անչափահաս երեխաներ կան։ Բարձել են բեռնատարին միայն տեղաշորերը, աման–չամանը և բոլորին ուղարկել անհայտ ճամփաներով՝ չանսալով ընտանիքի մոր վիճակին, երեխաների լացուկոծին։

– Հայրիկս պատշարությամբ էր մեզ պահում, հազիվ էր օրվա հացը հասցնում։ Գործ թեև ամեն օր ուներ, բայց մարդիկ աղքատ էին, տալու բան քիչ ունեին։ Հայրս այդ առավոտյան պետք է գնար Ավետիսյան Հայկի հոր՝ Կալաչու Սարգսի տուն՝ պատ շարելու, իսկ ես պիտի գնայի ծխախոտի դաշտ, որտեղ աշխատում էի ջրվոր։ Մեր տանն ուտելու գոնե մի կտոր հաց չկար, հույս ունեինք, որ հայրիկը Հայկենց տնից հացով կամ հացի փողով կվերադառնա։ Բայց վաղ առավոտյան մեր դուռը ծեծեցին։ Երբ բաց արինք այն, ներս մտան երկու ռուս զինվորական՝ գյուղսովետի նախագահի ուղեկցությամբ։ Նրանք խուզարկեցին մեր աղքատիկ ու հողաշեն տունը, նույնիսկ ռուսներից մեկը միամիտաբար ոտքը դրեց թոնրի շրթին ու ընկավ մեջը։ Հետո նրանք մեզ ցույց տվեցին աքսորի որոշումը և հրամայեցին՝ կապել եղած–չեղածը բեռները և ճամփա ընկնել։ Հայրս մի բան խնդրեց՝ թույլատրեն ինձ, որ գնամ Ավետիսյան Հայկի տուն՝ որմնադրական գործիքները բերելու։ Նրա խնդրանքը հարգվեց։ Երբ ես վերադարձա, արդեն բարձում էին մեր տեղաշորերն ու աման–չամանը։ Մայրս հանկարծ կարոտով նայեց տան  կողմը, նայեց երեխաներին և բարձրաձայն լաց եղավ։  Հայրիկը հասավ ու ապտակեց մորս, ստիպելով, որ լացը դադարեցնի և մի կաթ արցունք էլ չթափի։ «Էս վիճակի համա՞ր ես լալիս, որ առավոտից իրիկուն աշխատում ենք, բայց մի կտոր հաց էլ չենք ճարում։ Գուցե աքսորում ավելի լավ կապրենք, ուտելու ու հագնելու մի բան կճարենք, կփրկվենք, սուս մնա», – պահանջեց հայրս, և մայրս անխոս ենթարկվեց։ Մեզ հետ աքսորեցին նաև Բալասի Սարիբեկի ընտանիքին։ Մեզ բեռնատարով տարան Նախիջևան, տեղավորեցին բեռնատար գնացքի  վագոններում և տեղափոխեցին Ռուսասատան։ Ռուսասատանի կայարաններից մեկում մենք միացանք Մարտունուց աքսորված Զաքարյան Ռուբենի և Ստեփան Մկրտչյանի ընտանիքներին։  22 օր շարունակ վագոնով ճանապարհ գնացինք, մինչև որ հասանք Ալթայի երկրամաս՝ Սլավգորոդ քաղաք։ Ամեն գյուղից մի ներկայացուցիչ էր եկել, աքսորական ընտանիքների  մեջ մասնագետներ էին որոնում։ Մենք «բաժին ընկանք» Սլավգորոդից 20 կիլոմետր  հեռավորության վրա գտնվող Կրիժանովկա գյուղին, որտեղ նաև գերմանացիներ և կալմիկներ էին ապրում։ Այն շատ փոքր գյուղ էր, որտեղ Մարտունուց գնացած ընտանիքներին տեղավորեցին սերմացուի պահեստի մեջ։ Մեկ ամիս անց Ստեփանին ու Ռուբենին  տնով ապահովեցին, մնացինք մենք ու Սարոյենք։ Ապա մեզ բնակության տեղափոխեցին  գերմանացու տանը՝ հատկացնելով 1 սենյակ։ Մենք, դեռ ցորենի պահեստում, ավելացանք ևս մեկ շնչով․ մայրս ծննդաբերեց պահեստի մեջ, ունենալով հինգերորդ երեխան, ում տվեցին Լենա անունը։ Այսպիսով հորս, մորս, եղբորս, երկու քույրերիս ու իմ կողքին աքսորականի ճակատագիրը կրեց նաև նորածին քույրս, – վերհիշեց Ավետիքը։

Կենտրոնում Ավետիք Դավուդյանը (լուս․ նկարը արվել է աքսորավայրում)

Ավետիքը տասնամյակների հեռվից հրաշալի հիշում է նաև կոլխոզի դիրեկտորի անուն–ազգանունը՝ Գրիգորի Մենասենկով, ով, ի դեպ նույնպես «Ջանգոյի լագերում» կրել է գերմանական գերության սարսափները, բայց, ի տարբերություն Դավուդյան Եղիազարի, ոչ միայն չի աքսորվել, այլ մի ամբողջ կոլխոզ է ղեկավարում։ «Ես զարմանում եմ, թե քեզ ինչու են գերվելու համար աքսոր ուղարկել, քո մեղքը ի՞նչն է եղել», – զարմացած հարցրել է նախագահը, երբ անակնկալ կերպով  գտել է իր ճամբարակցին։ Մենասենկովի հարաբերությունները մարտունեցի աքսորական ընտանիքների հետ ավելի մտերմիկ են դարձել, երբ Ռուբենի որդի Ժորան ամուսնացել է նրա կնոջ քույր Մարիայի հետ։

– Ձմեռը սաստիկ ցուրտ էր, իսկ հագիս տաք շոր չկար, փող չկար, որ առնեի։ Գրիգորին գնաց, բուշլատը բերեց, հագցրեց ինձ, նոր ոսկորներս տաքացան։ Առհասարակ, նեղություն շատ քաշեցինք, քանի որ սնունդն ու հագուստը, ապրելու պայմաններն անբավարար էին։ Հիշում եմ, որ աքսորավայրի առաջին ամռանը գնացինք հարևան գյուղ, հաց հավաքեցինք, ապա հայրիկին նշանակեցին կալի պահակ, հետո՝ տավարած։ Իմ եղբայրն էլ տարբեր գործեր էր անում, իսկ ես գնացի տրակտորիստի օգնական։ Իսկ, երբ 1952 թվին տրակտորիստի պահանջ եղավ, գնացի սովորելու Նեկրասով ավանում 1 տարով և ձեռք բերեցի տրակտորիստ–կոմբայնավարի մասնագիտություն։ Ստալինի մահը դիմավորեցինք ուսումնառության ժամանակ։ Մեր դասատուները Մեծ Հայրենականի վետերաններ էին, ովքեր սև առել ու սուգ էին մտել, բայց նրանց օրեր անց հեռացրին աշխատանքից ու աքսորեցին, քանի որ համարձակվել էին այդ սգո օրերին Մարտի ութին  նվիրված կերուխում կազմակերպել։ 1954 թվականին սկսվեց Խոպան հողերի յուրացումը։ Ես այդ գործով մեկնեցի Ղազախստան՝ աշխատանիք։ Շատ էի կարոտում Մարտունուն, մեր տանը, մեր հանդերին ու լեռներին, բայց ստիպված էի նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրել ու աշխատել, հուսալով, որ մի օր հայրենի տուն կվերադառնանք։ 1957 թվականի հունիսին Ղազախստանից վերադարձա Կրիժանովկա, առաջինը թակեցի Ստեփանի լուսամուտը։ Ստեփանը, դուրս գալով տանից, ինձ հայտնեց, որ մեզ արդարացրել ու ազատել են, պետք է բեռները կապենք և տուն մեկնենք։ Ես մերոնց հետ չմեկնեցի, քանի որ վարորդական կուրսերում էի սովորում և մեկնումս ստիպված պետք է մի քանի ամիս հետաձգեի, մինչև որ ստանայի վարորդական իրավունքի վկայականը։ Մերոնք տուն վերադարձան նույն թվի ամռանը, իսկ ես՝ աշնանը։ Ինձնից դժվարությամբ էին բաժանվում, խնդրելով, որ մնամ, իրենց մոտ ապրեմ ու աշխատեմ, սակայն  ընտանիքիս ու հայրենիքիս կարոտն ինձ անասելիորեն էր ձգում։ Տուն վերադարձա նույն տարվա վերջին։ Հայրիկս նոր տուն էր սարքել մեզ համար, արդեն կոլխոզում աշխատանքի էր անցել։ Ես էլ տուն գալուց հետո անդամագրվեցի մեր կոլխոզին․ եղա սայլվոր, ապա կոլխոզի «Մալատիրկա» ծեծող գործիքն աշխատացեցրի, հետո տրակտորները, մի որոշ ժամանակ էլ բրիգադիր աշխատեցի Հետո արտագնա աշխատանքի մեկնեցի, ապա մեր հիմնարկում վարորդ աշխատեցի։ Ունեցա չորս զավակ, որոնցից մեկն իր արևը բաշխեց Աստծուն։ Հիմա հպարտ եմ իմ երեք զավակներով, թոռներով ու ծոռներով և այն անցած ճանապարհով, որով հող ու երկիր եմ շենացրել, տուն կառուցել ու ծառ տնկել, երեխաներ մեծացրել ու կյանք ճանապարհել։ Միշտ հպարտորեն, բայց տխրությամբ եմ հիշում ծնողներիս, ովքեր իրենց  արդար քրտիքնով էին  վաստակում մի կտոր չոր հացը, սակայն հանիրավի բռնադատման, համակետնրոնացման ճամբարներում ու աքսորում ստիպված էին կյանք մաշել՝ կարոտ իրենց հայերնի տանն ու դռանը։ Հիմա էլ ցավ եմ ապրում այս կամավոր աքսորի համար, որի ճանապարհը բռնել են հազարավոր ու տասնյակ հազարավոր ընտանիքներ, մեր երիտասարդ զավակներն ու արյունակիցները։ Հուսամ, որ մի օր այդ կամավոր աքսորի դռներն էլ կփակվեն, ու լայն կբացվի Հայրենադարձության երջանկաբեր դուռը, – եզրափակեց Ավետիք Դավուդյանը։

Եղիազար Դավուդյանը մահկանացուն կնքել է հայրենի տան մեջ, 1978 թվականին, իսկ կին՝ Խազալը՝ 1980 թվականին։

Մեզ մնում է խոնարհվել նրանց ու բազմաթիվ այլ սերնդակիցների սուրբ հիշատակի առաջ, որ կրած անթիվ  նեղություններից հետո էլ ոչ միայն հայրենիքում բնավորվելու ուժ գտան, այլ նաև հոգու անհուն կորով՝ զավակնել ծնելու և մեծացնելու, գերդաստաններ հիմնադրելու ու պահպանելու, որոնք այսօր նոր ծնունդներով են բզմանում, նոր շիվեր դալարում՝ պտղավորելով հայոց կենաց ծառը։ Այո, մեր աշխարհը նաև կանգուն է նրանց տառապանքների  ու ջանքերի վրա։


Հեղինակ՝ Խոսրով Խլղաթյան  

(Ակնարկն առաջին անգամ հրապարակվել է «Գեղամա աշխարհ» թերթի թիվ 27 (389) համարում)։



Комментариев нет:

Отправить комментарий