01.03.2019

«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի շուրջ աղմուկի հետքերով


Օրեր առաջ լուրեր տարածվեցինոր Վերին Գետաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ կասեցնելով «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի աշխատանքներըՀամացանցում տարբեր կայքեր հրապարակեցին իրար հակասող բովանդակությամբ տեղեկատվություն։ Փետրվարի 25-ին aravot.am կայքը հրապարակեց «Պայթունավտանգ իրավիճակ Վերին Գետաշենում – գյուղացիները բռնազավթել են ՀԷԿ-ը» վերնագրով նյութ, որին շատ արագ անդրադարձավ Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հերքելով ներկայացրած տեղեկատվությունը «Ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները տեղում զննություն են իրականացրել և վերցրել բացատրություններ ՀԷԿ-ի աշխատակիցներից, որոնք փաստել են, որ հարձակում, սպառնալիք և անօրինական այլ քայլեր չեն եղել բնակիչների կողմից»։

Հարցին անդրադարձան նաև hetq.am և ecolur.org կայքերը։
Իրավիճակին տեղում ծանոթանալու և տարածված լուրերի հավաստիությունը ճշտելու համար փետրվարի 27-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանին։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ փետրվարի 19-ին բնակիչները գնացել են «Արգիճի»  ՀԷԿ-ի տարածք, փակել ջրի հոսքը դեպի տուրբիններ։ Համայնքապետը տեղեկանալով դեպքի մասին հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց պահանջները և ՀԷԿ-ի տնօրինության հետ հանդիպելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում փետրվարի 20-ին կայացել է հանդիպում համայնքի ղեկավարի,  ՀԷԿ-ի տնօրինության և բնակիչների միջև։

Համայնքապետն իր անունից դիմում-պահանջագրի տեսքով բնակիչների պահանջները ներկայացրել է ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը։ Դիմում-պահանջագրում նշված էր «2015թ-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի վարչական տարածքում Վ. Գետաշենցու թույլտվությամբ «Հիդրոկորպորացիա» ՓԲ ընկերության կողմից կառուցվեց «ՀԷԿ» պայմանով, որ «Հիդրոկորպորացիա» ՓԲ ընկերության տնօրինությունն իր տարեկան եկամուտներից որոշակի մասնահանումներ կկատարի Վ. Գետաշեն համայնքի զարգացման, համայնքի մանկապարտեզի և անապահով ընտանիքներին օգնելու համար:
Սակայն մինչ օրս  ՓԲ ընկերության կողմից ոչ մի լումա չի հատկացվել վերը նշված խնդիրների լուծման համար:
Մինչդեռ կողքի համայնքներում գործող ավելի փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը համայնքներին այդ նպատակով տրամադրում են շուրջ 10000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Այդ իսկ պատճառով և հիմք ընդունելով համայնքի շուրջ 5000 բնակիչների դժգոհությունները` դիմում եմ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ տնօրինությանը, որ նա կատարի իր կողմից ստանձնած պարտավորությունը և տարեկան իր եկամուտներից տարվա կտրվածքով 50 միլիոն գումարի չափով գումար փոխանցի Վերին Գետաշենի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին` սկսած 2015թ-ից:
Հակառակ դեպքում ազգաբնակչությունը թույլ չի տալու, որպեսզի ՀԷԿ-ը շարունակի իր գործունեությունը»:
Փետրվարի 21-ին ՀԷԿ-ի տնօրինությունը պատասխանել է դիմում-պահանջագրին «․․․ներկայացրած պահանջն իր ձևով ոչ այլ ինչ է, քան շորթման հանցակազմ պարունակող գործողություն, ինչի կապակցությամբ ընկերությունը, ոչ միայն չի պատրաստվում ընդառաջ գնալ նշված պահանջին, այլ դիմելու է համապատասխան ատյաններին՝ նշված գործողություններին որակում, ինչպս նաև իրավական  գնահատական տալու կապակցությամբ»։ 
                         


Դիմում-պահանջագրի պատասխանը ստանալուց հետո՝ փետրվարի 23-ին,  բնակիչները հավաքվել ու փակել են ՀԷԿ-ի խողովակաշարի ջրառի փականը։
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը դիմել է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ներկայացնելով ոռոգման, բնապահպանական և փոխհատուցման հետ կապված խնդիրները՝ ակնկալելով նրանց աջակցությունը խնդիրների լուծման հարցում։
                       

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել հանդիպում նաև ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի, շահագործող կազմակերպության տնօրենի,  համայնքի ղեկավարի և բնակիչների միջև։ Քննարկման արդյունքում որոշվել է բացել ՀԷԿ-ը, պայմանով, որ զուգահեռ կընթանան նաև հարցի լուծմանն ուղղված  քննարկումներ։ Փետրվարի 27-ին ՀԷԿ-ը վերսկսել էր իր աշխատանքը։

1 комментарий: