05.04.2012

Անլուծելի խնդիրներ` գյուղապետարանի ամենամյա հաշվետվությունից առաջ ու հետո





Այսօր ես կցանկանայի ևս մեկ անգամ խոսել Մարտունու տարածաշրջանում գտնվող մեր գյուղի մեծաթիվ հիմնախնդիրներից 3-ի մասին` հետահայաց ներկայացնելով նաև դրանց արծարծման վերջին փորձերը:


Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավարը համագյուղացիներին ներկայացրեց 2011 թվականին գյուղապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Համայնքի ժողովին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց կատարված աշխատանքների մասին տարեկան հաշվետվությունը,որից հետո պատասխան տրվեց համայնքի բնակիչների հնչեցրած հարցերին:

Օգտվելով առիթից՝ իմ կողմից բարձրացվեցին համայնքային նշանակության մի քանի հարցեր, այդ թվում Լիճքի մշակույթի տան նիստերի դահլիճի կառուցման, որի ավարտը ձգձգվում է, սեփականության իրավունքից ոչ իրենց մեղքով զրկված շուրջ 600 հողատարածքների սեփականատերերի խնդրի, գյուղի գլխավոր հատակագծի համար համայնքի բյուջեից անհասկանալի պատճառով արդեն 10 միլիոնի հասած հատկացման վերաբերյալ: Նշածս խնդիրների մասին արդեն իսկ մի քանի անգամ ես բարձրաձայնել եմ նաև ավագանու նիստերում , վերջերս էլ այդ հիմնախնդիրներին հանրային հնչեղություն են տրվել ինչպես այստեղ՝ «Մարտունի ԻնֆոՏան» բլոգում, այնպես էլ Ֆեյսբուքի իմ անձնական էջում, «Մարտունի ԻնֆոՏան» այս և այս հրապարակումների շնորհիվ՝ նաև ԶԼՄ-ներում («Երկիր»,Լրագիր,Ա1+, Լրագիր):

Ինչպես նշեցի, պարզվում է, որ գլխավոր հատակագծի արժեքը 9.6 միլիոնից հասել է 10 միլիոնի:Ես երբեք չեմ ցանկացել ոչ մեկին վիրավորել, այլ իրացրել եմ ավագանու անդամի իմ իրավունքներն ու պարտականությունները՝ ի տարբերություն շատերի...Այս անգամ էլ օգտվելով պատեհ առիթից հարցը բարձրացրել եմ մարզային իշխանությունների մակարդակով:

Մի պարզ հաշվարկ` կապված Կադաստրի պետական կոմիտեի Մարտունու բաժնի անգործության հետևանքով մեր համայնքի բնակչությանը հասցված վնասների մասին: Ինչպես գիտենք, մի քանի տարի առաջ քաղաքացիների հողերն,ըստ տարբեր գոտիներում ընդգրկված հողատեսքերի, և օրինական նախագծերի առկայությամբ կառուցված շինություններն անվճար պետք է սեփականության վկայականներով տրամադրվեին տերերին, բայց շուրջ 600 սեփականության իրավունքի վկայականներ պարզապես չկան...

Իսկ այսօր գրանցելու դեպքում այդ գումարը օրենքով ու այլ նորմատիվ իրավական ակտերով կկազմի նվազագույնը 13 միլիոն ՀՀ դրամ... Մինչդեռ մեր համայնքի բնակիչների մեծամասնությունը պատշաճ վճարում են իրենց հասանելիք, չգրանցված ու անհայտ հարկային պարտավորությունները ...

Լիճքի մշակույթի տան նախագծի փոփոխման հետևանքով 500 հոգու համար նախատեսված նիստերի դահլիճը կառուցվելուց հետո կդառնա 150-180-տեղանոց, սակայն շինարարական լուծումներն այս դեպքում այնպիսին են, որ ցանկացած այցելու կպատկերացնի թե խորհրդային ժամանակներում կառուցվող ավտոմեքենաների տեխսպասարկման կայան են մտել...Այս մասին ես բարձրաձայնել եմ անձամբ Գեղարքունիքի մարզպետին 2010 թվականի հոկտեմբերին ` Լիճքում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողության ժամանակ, խնդրելով միջոցներ ձեռք առնել հիմնախնդրի լուծման համար և պատասխանատվության ենթարկել այս խայտառակության դրսևորման պատասխանատուներին:

Մինչ նշածս ժողովը ոչ մի փոփոխություն չէր նկատվում (մինչ այժմ էլ ոչինչ չի փոխվել):
Ուստի, օգտվելով առիթից, այս հիմնախնդիրները մեկ անգամ ևս բարձրաձայնեցի և որոշվեց նամակ հղել մարզպետին` մեր և մեր ապագա սերունդների խախտված իրավունքների վերականգնման համար:

Ես Լիճքի ազգաբնակչությանը խոստացել եմ, որ ամեն գնով հետևողականություն կցուցաբերեմ: Չգիտեմ, թե ովքեր` ոնց, բայց ես գիտեմ թե ինչ է ավագանի ասածը և որն է նրա առաքելությունը...


Լիճք համայնքի ավագանու անդամ, «Լիճքի եկեղեցի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լիճքի Հովհ.Թումանյանի անվան միջն. դպրոց ՊՈԱԿ կառավարման խորհրդի նախագահ`  Համլետ Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий