13.01.2012

Ուրբանացում

Չնայած որ մոդեռնիստական արվեստի սկիզբը պայմանականորեն համարվում է 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, այնուամենայնիվ դարակազմիկ բեկումը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին հետևյալ գործոնների ազդեցությամբ.

·  ուրբանացում
·  արդյունաբերականացում 
·  գիտատեխնիկական առաջընթաց
·   ազգայնականւթյուն 
·   օրիենտալիզմ 
Սրանք են այն հիմնական գործոնները, որոնք հիմք հանդիսացան մարդկային մտածողության  հիմքային վերաձևման և վերջինիս գործունեության արդյունքում ստեղծված նոր իրականության ձևավորման համար:
1900թ. Փարիզում կայացավ համաշխարհային ցուցահանդես, որտեղ իմպրեսիոնիստներն ու պոստիմպրեսիոնիստները ընդգրկվեցին մեկ շարքի մեջ, ու, թեև հանրության կողմից դեռ լիովին չէին ընդունվել՝ դարձան աշխարհահռչակ: Աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ նկարիչների մեծ հոսք սկսվեց դեպի Փարիզ: Յուրաքանչյուր նկարիչ, որը պետք է դառնար Նոր դարաշրջանի շարժումների առաջնորդ` եղել էր Փարիզում:
Ռուոն, Պիկաբիան, ՈՒտրիլլոն, Դերենը և Վլամինկը ծնվել էին Փարիզում: Մյուսները եկել էին գավառներից` Բրաքը, Լեժեն, Արպը և ՄարսելԴյուշանը: Պիկասոն առաջին անգամ Փարիզ եկավ 1900թ. եկան Շագալը,Կանդինսկին,Կլեն: Գերմանիայից եկավ Նոլդեն, Ֆրանց Մարկը: Եկան Կարրան, Սևերինին և Մոդիլիանին:
Բոլոր այս արվեստագետներին արվեստի հետ «տեխնիկապես» առնչվող հարցերից բացի հուզում էր արվեստի պրակտիկան տեսական լեզվով արդարացնելու ցանկությունը: Դրա արգասիքը եղան 1908թ. Վիլհելմ Վորրինգերի «Աբստրակցիա և ներզգայություն» և 1912թ. Կանդինսկու «Հոգևորն արվեստում» գրքերը, որտեղ առաջին անգամ աբստրակտ՝ «ներքին անհրաժեշտության արվեստը» հռչակվեց և հիմնավորվեց որպես ժամանակակից երևույթ:


Արվեստագետը դարձավ ոչ թե նոր «իրերի», այլ նոր գաղափարների ստեղծող: Չնայած հաճախ հանդիպող այն կարծիքին, թե դարի արվեստը համաշխարհային արվեստի պատմության մեջ ճգնաժամի պահ էր, այնուամենայնիվ արվեստի փիլիսոփայության տեսական հարցերի և արվեստագետի անձի վերագնահատման գործում 20-րդ դարի արվեստագետների դերը բավականին մեծ է:
Դարասկզբի բեկումը, մինչ և հետ բեկումնային արվեստի ստեղծագործությունների միջև եղած հսկայական տարբերությունները առավել հասկանալի են դառնում, երբ փորձում ենք պատճառները փնտրել մոդեռնիզմի իդեալներում.
·          հակաավանդականություն, հակապատմականություն
·          ստեղծագործողի անհատականություն
·          նորարարություն, օրիգինալություն
·          մաքուր արվեստ
·          հակամիմետիզմ. «Կերպարվեստը իրականության արտացոլումը չէ»

·          ոչ արևմտյան մշակույթները որպես արևմտյան մշակույթի այլընտրանքներ
·          երևակայություն, մանկականություն, պրիմիտիվիզմ
·          պրոգրեսիվիզմ. առաջադիմություն

Սակայն որքան էլ փնտրվեն պատճառներ արդարացնելու կամ քննադատելու 20-րդ դարի արվեստը, միևնույնն է մինչ այժմ ակնհայտ են արվեստագետների և արվեստաբանների անհամաձայնությունները կապված արդի և ժամանակակից արվեստի նրանց սեփական ընկալումների հետ: Այժմյան մերժողականության պատճառներից մեկը կարող է հանդիսանալ թերևս այն, ինչի մասին դեռ բավական ժամանակ առաջ նշում էր Կոլլինգվուդը. «Արվեստւմ ընդհանրապես մի անգամ նորմալ հաստատված որևէ դպրոց անկում է ապրում, երբ շարունակում է համառել: Այն հասնում է կատարելության` յուրովի էներգիայի ապշեցնող բռնկումով: Ըմբռնված կատարելությունը չի կրթում և մաքրում սերունդների ճաշակը, այլ փչացնում է այն»:
Փաստորեն, հնարավոր է, որ հարցը ոչ այնքան «Ճգնաժամի արվեստի» չընդունումն է, որքան վերջինիս գաղափարների և արտահայտչամիջոցների օգտագործումը ներկայում` որպես սեփական անգործությունը կամ վարպետության բացակայությունը հուսալիորեն քողարկելու միջոց: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ 20-րդ դարի արվեստագետների համար արվեստը նոր փորձերի, նոր գաղափարների և էքսպրեսիվ փնտրտուքի ոլորտ էր, և ոչ երբեք դրանց բացակայությունը քողարկելու միջոց:
Պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ ժամանակային շատ փոքր «անջրպետը» խանգարում է մեզ տեսնել 20-րդ դարի արվեստն ամբողջապես: Մեր գիտելիքները ժամանակակից արվեստի մասին շատ մանրացված են և դրանով իսկ` բավական շատ՝ ամբողջական ընկալման համար: Մինչդեռ ավանդական արվեստի գործերը ժամանակային բավական մեծ հեռավորություն ունեն, ինչը թույլ է տալիս «տարբերակել» և «դասակարգել» վերջիններիս:
Պատկերացնենք, որ ցուցասրահի պատից մեծ չափերի կտավ է կախված: Եթե մենք մոտենանք մեկ մետր հեռավորությունից նայելու նկարը՝ մեր տեսողական ընկալումը չի կարողանա ընդգրկել այն ամբողջությամբ, հետևաբար մենք ակամայից մասնակի տպավորություն կստանանք: Եվ քանի որ տվյալ դեպքում տեսողական ֆունկցիան մասնակիորեն է գործարքվում՝ ինֆորմացիայի ոչ ամբողջական յուրացումը կարող է հանգեցնել սխալ եզրահանգման: Պատահական չէ, որ ցանկացած նկարիչ մոտիկից ուսումնասիրում է նկարի տեխնիկան՝ նյութը, որոշ հատվածներում կատարված էֆեկտները, իսկ հեռվից դիտում ամբողջ նկարը: Մտածելով ժամանակի ասպեկտի մասին որպես արվեստի գործի լիարժեք գնահատման գործոնի` հարց է առաջանում, թե արդյո՞ք խնդիրը ավանդական արվեստում` վարպետության և ժամանակակից արվեստում` ստեղծագործողի անհատականության բախման մեջ չէ:
Վարպետությո՞ւն, թե՞ տաղանդ
Արդյո՞ք այս երկընտրական հարցը չափազանց երկրորդական չի հնչում արվեստագետ-արարչի, նկարիչ-ստեղծագործողի և մարդնմանակողի էությունը բացահայտելու գործում:
Ո՞վ է արվեստագետը. մարդկային մտավոր գործունեության էվոլյուցիայի ծնո՞ւնդ, սեփական հոգևոր պահանջները բավարարելու մղված երկրորդական գործի՞ք, թե՞ հոգեբանական մեկուսացման արդյունքում՝ հասարակական մտածողությունից դուրս մնացած մարդ, որը ձգտում է և որի նպատակն է իր իսկ համար «արարել» նոր իրականություն: Վերջինիս ձգտման պատճառը կարող է լինել այն, որ նրա սուբյեկտը դուրս է գտնվում այլ սուբյեկտների կողմից կառուցված և իրենց իսկ կողմից կարծեցվող «օբյեկտային իրականության» սահմաններից: Սակայն, եթե դիտարկելու լինենք օբյեկտ հասկացությունն առհասարակ, ապա այն հանդես է գալիս որպես բազմաթիվ սուբյեկտների` տվյալ օբյեկտի վերաբերյալ ունեցած ընկալողական պատկերացումների հանրագումար:
Չնայած պնդմանը, որ ճշմարտությունը մեկն է. իսկ իմ համոզմամբ այդ «միակ ճշմարտությունն» այն է, որը գործում է տվյալ ժամանակային ոլորտում. միևնույնն է` վերջինիս ընկալման պրոցեսը ոչ միանշանակ է և հարաբերական: Հետևաբար վերջինիս իրական «ֆորմայի» և մեզ հասած նրա ընկալողական «պատկերի» միջև եթե անգամ չնչին, այնուամենայնիվ, տարբերություն կա: Արվեստագետը և նրա ստեղծած աշխարհը, որը տարիներ անց հավակնում է դառնալ «օբյեկտային իրականության» իդեալի նոր չափանիշ` սկզբնական շրջանում դատապարտված է մերժվել այդ նույն իդեալի դիրքերից: Հարցը մեկ այլ տեսանկյունից դիտարկելիս հանգում ենք այն եզրակացության, որ «ճգնաժամի արվեստի» չընդունման պատճառներից մեկը զուտ սուբյեկտիվ մոտեցումն է: Չպետք է մոռանալ նաև, որ մեծավ մասամբ, մարդկային միտքը հակված է ընդունելու այն, ինչին սովոր է իր ընկալումը. ինչը մնում է հասարակական դոգմատիզացված նորմատիվության սահմաններում: Հաճախ կարող ենք հանդիպել երկու հակադիր տեսակետների տեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը սպասելիաբար քննադատության կենթարկի կամ ուղղակիորեն անընդունելի, անհիմն ու անիմաստ կհամարի դիմացինի դիրքորոշումը, թերևս անգիտակցաբար դրա համար հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինիս դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ հակադրվում է իր սեփականին: Նմանօրինակ հակադրության կարելի է բախվել նաև այն դեպքում, երբ փորձում ենք վերլուծել վարպետության, փորձի, աշխատանքի կարևորությունը գաղափարների,մտահաղացումների, արվեստի արարման գործում:
Վերոնշված հարցի քննարկումը, ի վերջո հանգեցնում է «ավանդական» արվեստի և մոդեռնիստական կամ պոստմոդեռնիստական արվեստի ստեղծագործությունների մասին դատողությունների:
Ինչևիցե, 20-րդ դարի արվեստագետները նոր,կոնցեպտուալ այնպիսի խնդիրներ են առաջադրում. Ինչպես արտադրանքի «Ready-Made»կոնցեպցիան, ինչի արդյունքում նկարչի կողմից ցուցադրվող ցանկացած իր դիտարկվում է որպես արվեստի գործ: Նկարիչը ցած է իջնում արարչի պատվանդանից, վերջինիս դադարում է հետաքրքրել իրականության նմանողական պատկերումը:
Հեղինակը դառնում է ֆունկցիոնալ մեխանիզմ, որի խնդիրներից է տեսնել առարկան որպես արվեստ, օժտել վերջինիս նոր գաղափարներով և ոչ թե ստեղծել նորերը... Նոր դարաշրջանի կոնցեպտուալ արվեստը տրավմատիկ բեկում էր պահպանողականության հանգիստ հունով հոսող նկարիչների համար, որոնց անասելիորեն խորթ են նոր մտածողության դրույթները: Եվ չնայած մտածողությունների տարբերությանը, արվեստի պատմության ողջ ընթացքում ավանդական արվեստի շատ գործեր զուրկ լինելով ներքին ճշմարտացիությունից` դատապարտված էին մոռացության, նմանապես փոխելով մտածողությունը, արտահայտչամիջոցները և էությունը. պահպանվում է ճշմարտացիությունը: Եվ անհրաժեշտ է քննադատության ենթարկել ոչ թե արդեն սովորական չափանիշներից տարբեր լինելը, այլ հենց այդ իսկ չափանիշներով առաջնորդվող արվեստագետների ստեղծագործությունների ներքին ճշմարտացիության բացակայությունը:
Միայն որևէ երևույթի ուսումնասիրությունը իր բոլոր հակադիր բևեռներով կարող է տալ օբիեկտիվ և ընդգրկուն պատկերացում վերջինիս մասին: Եվ, այնուամենայնիվ ցանկացած հարցի վերաբերյալ մեր մոտեցումների հարաբերականությունը չափազանց հեղհեղուկ և անկայուն է դարձնում հողը, որի վրա հիմնվում են մեր վերլուծությունները: Սեփական սուբյեկտիվ մտածողությունը շրջանցելու ջանքերը ապարդյուն են այնքանով, որքանով այդ անելու ձգտման սուբյեկտիվությունը:

Комментариев нет:

Отправить комментарий