«Կարող ուժերով միացեք իրար` երկիրը փրկեք, էս վիճակը փոխեք»,- ասաց տարեց լիճքեցիներից մեկը:
Քարոզչական խմբի անդամները նաև այցելեցին համայնքի համախումբ ուժերով կառուցվող եկեղեցի, ծանոթացան իրականացվող աշխատանքներին:
Հաջորդ հանդիպումը Ներքին Գետաշենում էր: Խնդիրների պակաս այստեղ էլ չկա: Մի շարք հարցադրումներ, ինչպիսիք են, օրինակ, նախկինում այս գյուղին պատկանած ու ներքինգետաշենցիների բնորոշմամբ` իրենցից խլված, հարևան Վերին Գետաշենի հաշվեկշռին փոխանցված հողատարածքների կարգավիճակի, մանկապարտեզ չունենալու և այլն, նաև գրավոր փոխանցվեցին դաշնակցական գործիչներին:
Իսկ յուրաքանչյուր խնդիր առանձին լուծելու համար, դաշնակցականների համոզմամբ, երկրում պետք է համակարգային փոփոխություններ կատարվեն, որոնք էլ ըստ բնագավառների առաջարկում է քաղաքական այս ուժը:
Ներքին Գետաշենի բնակիչներից մեկն էլ, օրինակ բերելով «SOS Արգիճի» բնապահպանական ակցիան, ասաց, որ ցանկության դեպքում ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել իր իրավունքներին տեր կանգնող մարդուն: Վերջինս նաև նշեց Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը փոխելուն դիմագրավող անհատներին Դաշնակցության տարածաշրջանային ու համահայաստանյան կառույցների ակտիվ մասնակցության ու օժանդակության մասին:
Այստեղ էլ խոսվեց ամենացավոտ խնդիրներից մեկի` արտագաղթի աճի մասին, տարածքային անհամաչափ զարգացման հետևանքով Երևան-մարզեր անջջպետի առաջացման, նվազագույն սպառողական զամբյուղի չափից անհամեմատ ցածր նվազագույն թոշակ-աշխատավարձով մարդկանց գոյության անհնարինության ու դրա հետևանքով սոցիալական իրավիճակի վատթարացման, հանրապետության քաղաքացու կրթություն ու բուժում ստանալու իրավունքի ոտնահարման և այլ խնդիրների մասին:
Մարտունեցի ընտրողներին նաև ներկայացվեց Ազգային ժողովում կուսակցության 16-հոգանոց խմբակցության օրենսդիր գործունեությունը: Իսկ հետագայում ավելին անելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորների, վստահության առավել մեծ քվե պետք է ունենան, ինչը կնշանակի առավել լայն հնարավորություն իրենց ծրագրերի իրականացման համար:
Իսկ իր նախընտրական ծրագրում Դաշնակցությունն առաջարկում է արտահանման խթանում, մայրաքաղաք-մարզեր սոցիալական տարբերության վերացում, արտադրության խթանման միջոցով աշխատատեղերի ստեղծում, պետական բյուջեի եռապատկում, փոքր և միջին ձեռներեցության խթանում, մարզերում աշխատատեղ ստեղծողին` հարկային արտոնություններ, պետական աջակցություն գյուղատնտեսությանը` մթերման կայանների ու վերամշակող գործարանների ստեղծման միջոցով, կենսապահովման նվազագույն զամբյուղի շեմի, աշխատավարձի ու թոշակի բարձրացում, քաղաքացու անվճար կրթության ու բուժման, բնակարանային ապահովության իրավունքի իրացում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հանքարդյունաբերության ազատում մոնոպոլիզացիայից, ծնելիության աճի խրախուսում, ազատ խոսքի ու ազատ քաղաքացու պետական պաշտպանություն, հանրապետության վարչատարածքային նոր բաժանում` նախկին շրջանների սահմանների չափով, իշխանության վերահսկման հակակշիռ մեխանիզմների ստեղծում և այլն: Ինչպես քարոզչական խմբի հաջորդ կանգառում` Գեղհովիոտւմ նշեց Լ. Մկրտչյանը, Դաշնակցությունն այս բոլոր առումներով իր լուծումներն է առաջարկում, իսկ ծրագրի հիմքում տեսնում է գլխավորը` հող ազատագրած հայ մարդու ազատությունը, երկրում արդարության ու փոխվստահության, դաշնակցելու մթնոլորտի ձևավորումը: Վերջինս նաև հավելեց, որ այդ ամենին հասնելու գրավականը ազատ, արդար ընտրությունների անցկացումն է:
Ա. Շահբազյանն էլ հավելեց, որ ամեն ինչ անում են ընտրական գործընթացի օրինական ընթացքը վերահսկելու համար, որին է ծառայում միասնական շտաբի կազմում անգամ տարաբևեռ ուժերի համագործակցությունը: ՀՅԴ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, գեղհովիտցի ազատամարտիկ Էդվարդ Ասլանյանն էլ շեշտեց կուսակցության տեղի կառույցների հաստատակամությունը` արդար ընտրությունների վերահսկման առումով:
Комментариев нет:
Отправить комментарий