Նշված կոնվենցիան միակ միջազգային գործիքն է, որը միավորում է մշակութային և բնական ժառանգությունների պահպանությունը: Ի կատարումն այդ կոնվենցիայի ստեղծված Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են 153 երկրների 936 վայրեր: Այդ ցանկը պարբերաբար համալրվում է նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով: Ավելի քան 45 զուտ հնագիտական վայրեր այսօր գրանցված են Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես «համընդգրկուն բացառիկ արժեքներ»: Համաշխարհային համարում ունեցող հնավայրերի այդ ցանկում են ընդգրկված Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը` Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաև Զվարթնոց հնավայրը:

1993 թ. սեպտեմբերի 5-ին Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիան վավերացրած Հայաստանի Հանրապետությունում ևս այն նշվում է հուշարձանների, նրանց շրջակա տարածքների մաքրությանն ու բարեկարգմանն ուղղված տարբեր ձեռնարկներով, դասախոսություններով, ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով, որոնց մասնակցում են հասարակության տարբեր շերտերը:
Մարտունի քաղաքում, օրինակ, Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի սաներին էին միացել ազատամարտիկները: Դպրոցականները մաքրեցին քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանների տարածքները, իսկ ազատամարտիկները` քաղաքի արվարձանում գտնվող Սուրբ Գևորգ մատուռի շրջակայքը:

Իսկ պատմական հուշարձաններով հարուստ Գեղարքունիքի մարզում, ինչպեսև ողջ հանրապետությունում, ըստ պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի, նմանատիպ միջոցառումներ ոչ միայն հիշարժան օրվա խորհրդով է պետք կազմակերպել, այլ` ողջ տարվա ընթացքում, ինչին էլ ուղղված է ծառայության և հանրային տարբեր կառույցների միջև ստեղծված համագործակցությունը:

Комментариев нет:
Отправить комментарий