18.04.2012

Մարտունու գրադարանը գտնվում է խոնավության մեջ


Այս անգամ իմ մտահոգության առարկան մեր քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:

Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:

Ըստ աշխատակիցների, այստեղ շրջիկ գրադարան է գործում, քոլեջի ուսանողներն են գրքեր տանում, ցանկության դեպքում` դրանք կարդում նաև ընթորցարանում: Որովհետև գրադարանում չկա ընթերցարան, որը մարդիկ կարողանան գիրքը ընթերցեն: 5000-ից ավելի գրականություն է պահպանվում այստեղ: Ընթերցողների ընդհանուր թիվը 2000-ից ավելի է:

Գրադարանում վատն այն է, որ վերջին տարիներին միջոցառումներ չեն լինում: Ներսում շատ ցուրտ է ձմռանը, նորմալ ջեռուցում չկա. ընդամենը մի սենյակ են տաքացնում և բոլոր աշխատողները հավաքվում են այդտեղ: Գրադարանը շատ խոնավ վիճակում է գտնվում, ինչի պատճառով գրքերն ամբողջովին խոնավացել, քայքայվում են:

Վարչապետը խոստացել է, որ Մարտունու գրադարանն այս տարի պետք է վերանորոգեն, բայց դեռ այդպես էլ մնացել է: Եվ չգիտենք, թե երբ կվերանորոգվի մեր գրադարանը: 


Եվ սա այն դեպքում, երբ Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարվեց, տարաբնույթ միջոցառումների ժամանակ հնչեցին ձոներ մեր ազգի ընթերցասիրության, գրքի կարևորության, մշակութային օջախների զարգացման անհրաժեշտության մասին...

Խոսքը` խոսք, բայց իրականում եղավ հակառակը. մայրաքաղաքում փակվեցին որոշ գրախանութներ, իսկ ահա Երևանից դուրս էլ գրադարանների ստվար մասը, ինչպես մեր քաղաքում, պարզապես անուշադրության է մատնված:

Միթե՞ դադարել ենք սիրել ու արժևորել գիրքը, որի փրկության համար մեր նախնինեն իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են ռիսկի ենթարկել, ցեղասպանության տարիների դժոխքում անգամ սեփական զավակից առաջ փորձել են փրկել մեր մատյանները...

Комментариев нет:

Отправить комментарий