05.08.2013

Ճամբարակցիները բողոքում են միկրոավտոբուսների աշխատանքից



Այսօր Ճամբարակ քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում տրանսպորտի խնդիրը:



Մարդիկ դժգոհում են, որ միկրոավտոբուսները նախատեսված 15 հոգու փոխարեն հաճախ ավելի շատ թվով ուղևորների է տեղափոխում: Դժգոհության ալիք են բարձրացնում նաև ժամանակացույցի խախտումները: Շատ հաճախ Երևան- Ճամբարակ երեկոյան երթուղու միկրոավտոբուսը, ուղևորների թվի լրանալուն պես շարժվում է` անկախ այն բանից ժամանակացույցով ամրագրված ժամը 16:00-ն է, թե`ավելի շուտ:


Այս հարցի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ճամբարակի ավտոկայանի տնօրենից` Նորայր Սևանյանից, ով նշեց, որ Երևան - Ճամբարակ երթուղու գիծը սեփական է, իսկ իրենց հիմնարկը պետական: Ուստի, իրենք լրացուցիչ միկրոավտոբուսներ չեն կարող տրամադրել 4-5 հոգու համար: «Դա ֆինանսապես շահավետ չէ: Վարորդները նույնիսկ ծախսած գազի գումարը չեն կարողանում վաստակել»,- հավելեց նա` հավաստիացնելով, որ ինքը նույնպես մեծ ցանկություն ունի օգնելու մարդկանց այդ հարցում, սակայն դա իր ուժերից վեր է: Իր ղեկավարությամբ գործող հիմնարկի խնդիրներից Նորայր Սևանյանն առանձնացրեց նաև իրենց շենքային անբավարար պայմանները: Շենքը բարեկարգելու համար հիմնարկը ֆինանսական միջոցներ նույնպես չունի:



Լրացուցիչ միկրոավտոբուսների անհրաժեշտության վերաբերյալ զրուցեցինք նաև վարորդների հետ: Նրանցից մեկը նշեց, որ լրացուցիչ միկրոավտոբուս տրամադրելը տնօրենության լուծելիք խնդիրն է, և իրենք ոչինչ անել չեն կարող: Իսկ մինչև այս հարցի լուծումը, ճամբարակցիները, թեև դժգոհելով, այնուամենայնիվ շարունակելու են մայրաքաղաք գնալ և այնտեղից վերադառնալ նույն պայմաններով:


Հեղինակ`Անի Հովհաննիսյան (Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ)

Комментариев нет:

Отправить комментарий